«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2011-03-23 | #51, 2011-03-24 | #52, 2011-03-25


8-15 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ` ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը երեկ օրվա երկրորդ կեսին քննարկվեց խորհրդարանում: Օրինագծի նպատակն է ուժեղացնել հատկապես երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարը: Վիկտոր Դալլաքյանը կողմնակից է, որ մանկապղծության դեմ պայքարը տարվի դրակոնյան մեթոդներով, հատկապես որ մի շարք երկրներում նմանօրինակ հանցագործությունների համար նախատեսված պատիժն ամորձատումն է: Ամորձատմանը կողմ է նաեւ ՕԵԿ-ի Հովհաննես Մարգարյանը ` հավելելով, որ հայերը «պակաս թասիբ չունեն, քան լեհերը»:

Առաջարկվող օրինագծով մանկապղծության համար մի շարք ծանրացուցիչ հանգամանքներ են նախատեսվում: Օրինակ, օրինագիծն առաջարկում է բռնաբարության հոդվածում ավելացնել նաեւ հետեւյալ կետ. բռնաբարություն, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրա գործադրելու սպառնալիքով, կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածների կամ ձերբակալվածների պահելու վայրում, զորամասում, բուժհաստատությունում` տուժողի կախվածությունն օգտագործելով:

Ծանրացուցիչ հանգամանք է նախատեսվում սեքսուալ բնույթի գործողության համար, որը կատարվել է երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ խնամքի պարտականությունը:

14 տարին չլրացած անձի նկատմամբ նման գործողություն թույլ տված անձը պետք է պատժվի ազատազրկմամբ 8-15 տարի ժակետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախագծով նախատեսվում է ավելացնել մանկապղծության համար սահմանված պատժաչափերը 2-5 եւ 3-6 տարի ազատազրկմամբ: Գործող քրեական օրենսգրքով մանկապիղծը դատարանից կարող է ազատ արձակվել նաեւ 100.000 դրամ տուգանքով: Օրինագիծն արժանացել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանը կարեւորեց պատժի անխուսափելիությունը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնպես կարեւորեց օրենսդրական նախաձեռնությունը:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց բացի ազատազրկումից նշանակել նաեւ տուգանք, որը չպետք է պակաս լինի սեռական ոտնձգություններ իրականացնողների ազատազրկման դեպքում ծախսվող գումարից:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4