«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2011-03-23 | #51, 2011-03-24 | #52, 2011-03-25


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՕՍԿԱՆՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՎԱՍՏԱԿԵԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

Մեկնաբանելով ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված կոչը` այցելելու Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պետության ղեկավարն ինքն է որոշում ում եւ երբ այցելելու հարցը. «Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը իրավունք չի վաստակել խորհուրդ տալու ՀՀ նախագահին»:

ԱԺ խոսնակը կոչ արեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությանը վերադառնալ նիստերի դահլիճ եւ շարունակել մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, քանի որ Ազգային Ժողովի միջոցով խմբակցությունը կարող է իր կարծիքը հասցնել հասարակությանն ու իշխանությանը:

«ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հարցը: Այդ առումով ի՞նչ որոշում է կայացվել», «Ազգ» օրաթերթի հարցին Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մի քանի պատգամավորներ արդեն հետեւել են Դալլաքյանի կոչին: Մասնավորապես «Ազատության» հրապարակ է այցելել «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:

«Չէի ցանկանա քաղաքականացնել այդ հարցը: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի պատգամավոր է եւ մեր գործընկերը: Բացառված չէ, որ որեւէ պատգամավոր այցելի նրան ու շփվի նրա հետ», ասաց Աբրահամյանը` չբացառելով, որ ինքն էլ կարող է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները հրաժարվեցին մեկնաբանել Վարդան Օսկանյանի հայտարարությունը, նշելով, որ «դա մի մարդու հայտարարություն էՙ ուղղված մյուսին, եւ մեկնաբանության կարիք չի զգում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի տեքստն ու «Ժառանգության» խորհրդի որոշումը:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` հնարավոր բոլոր եղանակներով Ազգային Ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար», ասված է Աբրահամյանին ուղարկված նամակում:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում` «Ծոմ ազատության» կարգախոսով: Հովհաննիսյանի փոխանցմամբՙ անցած 10 օրվա ընթացքում նրան այցելել է 15.000 քաղաքացի, ովքեր իրեն աջակցություն են հայտնել ու համոզել դադարեցնել հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է 15 պահանջից բաղկացած ցուցակ. իշխանությունըՙ ժողովրդին, ոչ` կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը` ժողովրդին, ոչ` անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ` իշխող կոալիցիային:

Հովհաննիսյանը հայտարարել է, որ միայն 15 կետից բաղկացած պահանջների կատարման դեպքում կդադարեցնի հացադուլը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4