«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2011-03-25 | #53, 2011-03-26 | #54, 2011-03-29


«ՊԱՐՈ՛Ն ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՁԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԵՏԻ ՀԵՏ»

Մեկնաբանելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ մասնավոր կառավարման փոխանցելու իր ծրագրերը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, որ երկրում կան ֆեոդալական միտումներ` որքան շատ բնագավառներ, ոլորտներ կամ ընկերություններ ես վերահսկում, այնքան ուժեղ ես դառնում:

«Դա բացարձակ այդպես չէ: Ավելին, մենք պատրաստ ենք մասնավոր ընկերությունների կառավարմանը հանձնել մեր 100-տոկոսանոց դուստր ընկերությունները, օրինակ, «Երքաղլույսը»: Միաժամանակ քաղաքապետը խոստովանել է, որ բիզնեսի ներկայացուցիչները դեռեւս մինչեւ վերջ չեն զգացել քաղաքապետարանի անկեղծությունը, որ մինչեւ վերջ հավատարիմ կմնան այդ մոտեցմանը:

«Ինչպիսի՞ն են քաղաքապետի հարաբերությունները նախագահի արարողակարգի պետի հետ» հարցը շփոթեցրել է Կարապետյանին: Վերջինս, չկասկածելով, որ հարցը առնչություն ունի Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, պատասխանել է. «Իսկ դա ինչ կապ ունի»:

«Երեւանի քաղաքապետի համար դա երբեմն կարող է ճակատագրական լինել», լրագրողի դիտարկմանը պատասխանել է, որ հարաբերությունները սովորական աշխատանքային են: «Իսկ նախագահի արարողակարգի պետի հետ հարաբերությունները քաղաքապետի վրա ազդում են, թե ոչ` վստահ չեմ»:

Միայն, «Եթե հիշենք Ձեր նախորդին, ապա կարող են ազդել», լրագրողի պատասխանից հետո է քաղաքապետը հասկացել, թե խոսքն ինչին է վերաբերում. «Ազնվորենՙ նույնիսկ չմտածեցի, թե որտեղից է գալիս Ձեր հարցի նենգությունը»:

Անդրադառնալով քաղաքային իշխանությունների ու ընդդիմադիր ուժերի հարաբերություններինՙ Կարապետյանն ասել է. «Ընդդիմությունն իր ուզած վայրում հանրահավաք անցկացնելու թույտվություն չի ստացել, այլ ստացել է թույլտվություն այդ վայրից 500-700 մետր ավելի բարձր տեղում հանրահավաք անցկացնել: Եթե անկեղծ լինեմ, ես քաղաքական գործիչ չեմ եւ առավելագույնս ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից: Ցանկանում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել քաղաքացու համար` անկախ նրա կուսակցական պատկանելությունից»:

Ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում իրեն առաջարկել է ՀՀԿ-ն, Կարապետյանն ասել է, որ միայն որպես մենեջեր է նրանց ենթակա:

«Բայց պետք է ասեմ, որ երբ ՀՀԿ-ն առաջարկեց ղեկավարել քաղաքը, բացի քաղաքացու համար հարմարավետ պայմաններ ստեղծելուց, կուսակցական առաջադրանքներ չի տվել»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4