«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2011-03-25 | #53, 2011-03-26 | #54, 2011-03-29


ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վերջերս կատարված մի ուսումնասիրության համաձայն, Google որոնողական ցանցում «պոռնո» ու «սեքս» բառերով տվյալներ ամենաշատը փնտրում են Հայաստանի բնակիչները: Իսկ վիճակագրության 2-րդ տեղում Թուրքիան է: Սեքսապաթոլոգների համար սա մտահոգիչ ցուցանիշ է: Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս եւ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով` վերոնշյալ ցուցանիշն ինֆորմացիայի քաղցի հետեւանքն է: Հենց ինֆորմացիայի պակասն է դրդել հիմնականում դեռահասներին ու երիտասարդներին ինտերնետից վերցնելու տեղեկատվություն սեռական կյանքի վերաբերյալ: Երեկ «Հենարան» ակումբում սեքսապաթոլոգ Շահրամանյանը նշեց, որ ինտերնետում կան կայքեր, որոնք ավելի շատ ապատեղեկատվություն են տարածում, իսկ երիտասարդները ոչ միայն վերցնում են այդ ինֆորմացիան, այլեւ կիրառում իրենց կյանքում` մտածելով, թե դա է նորմալ ու իրական սեռական կյանքը: Սեռական առողջության ու հարաբերությունների վերաբերյալ թերի գիտելիքները, ինֆորմացիայի պակասը, ըստ Վ. Շահրամանյանի, այսօր մտահոգիչ հարցեր են: Թեեւ դեռահասների շրջանում սեռական կյանքը սկսելու եւ սեռական առաջին հարաբերության տարիքը զգալիորեն իջել է` հիմա միջինը 15-16 տարեկանն է, սակայն դա ամենեւին չի խոսում տեղեկացված լինելու եւ սեռական ազատության մասին: Բանախոսի փոխանցմամբ` նույն ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ գրեթե 60 տոկոսի դեպքում սեռական առաջին հարաբերությունը եղել է վճարովի կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, կոմերցիոն բնույթի: Այս տվյալները վերաբերում են հիմնականում տղաներին: Սեքսապաթոլոգ Շահրամանյանն ասում է, որ տղաների սեքսուալ վարքագիծն առավել վտանգված է. «Ինչքան վաղ է սկսվում սեռական կյանքը, այնքան մեծ է լինում սեռական հիվանդությունների առաջացման հավանականությունը»: Իսկ աղջիկները, կախված սեռական դաստիարակությունից, ավելի շատ ձգտում են ապրել իրենց մայրիկների նման, այսինքն` սեռական կյանքը սկսում են ամուսնանալուց հետո:

Կրկին անդրադառանալով Հայաստանում կատարված ուսումնասիրությանը` սեքսապաթոլոգը տեղեկացրեց, որ այն կատարվել է հիմանականում Երեւանում: Ինչ վերաբերում է մարզերին, ըստ բանախոսի, այնտեղ ինֆորմացիայի պակասն ավելի անմխիթար վիճակում է:

Վրեժ Շահրամանյանը նաեւ ընդգծեց, որ մեզանում սեռական ազատությունը թյուրիմացաբար է ընկալվում: Երբեմն սեռական հարաբերություններ են սկսում թեթեւամիտ վերաբերմունքով` իրազեկ չլինելով սեքսուալ հետագա վտանգներին: Սեռական կյանքի վերաբերյալ առաջանում է կեղծ պատրանք, ինչը վտանգավոր է նաեւ վերարտադրողական ֆունկցիայի համար: Բանախոսը տեղեկացրեց, որ տղամարդկանց վերարտադրողականությունը սկսել է նվազել: Սեքսապաթոլոգը կարեւորեց դպրոցներում սեռական դաստիարակության հարցը, գրեթե բոլոր դպրոցներում սրա վերաբերյալ չկան դասաժամեր: Սակայն միայն սեռական դաստիարակությանն առնչվող դասաժամերով խնդիրները չեն վերջանում: Վրեժ Շահրամանյանն ասում է, որ կադրերի պակասը մեզանում եւս խնդիր է: Այսինքն` եթե անգամ դպրոցներում լինեն դասաժամեր, ովքե՞ր են դասավանդելու դեռահասներին: Բացի համապատասխան գիտելիքներից, դպրոց մտնող մասնագետը կամ մանկավարժը պետք է կարողանա նաեւ աշխատել երեխաների հետ: Երբ դեռահասների շրջապատում սեռական կյանքի վերաբերյալ որեւէ թեմա է բացվում, նրանք սկսում են ծիծաղել ու թեմային անլուրջ վերաբերվել, փոխարենը պատրաստ են ժամերով նստել համակարգչի առաջ ու ինտերնետից վերցրած ինֆորմացիան սերտել ժամերով: Իսկ 15 տարեկան պատանու համար այդ ինֆորմացիայով սեռական կյանք սկսելը, այն էլ որեւէ մարմնավաճառի հետ, ավելի քան վտանգավոր է: Սակայն կա հարցի նաեւ մեկ ուրիշ կողմը. եթե ոչ ինտերնետից, ոչ ընկերներից ու ֆիլմերից, ապա էլ որտեղի՞ց պետք է ինֆորմացիա ստանան դեռահասները, նաեւ երիտասարդները: Հայկական ընտանիքներում սեռական կյանքին վերաբերող թեմաները փակ են ու ենթակա չեն քննարկման, նմանատիպ պատկեր է նաեւ դպրոցում. կենսաբանության ուսուցիչը սեռական կյանքի ու առողջության մասին խոսելիս ամաչում է ու փոխում թեման: Անատոմիայի այն դասերը, որոնք նախատեսված են աշակերտներին ընդամենը սեռական օրգաններին ծանոթացնելու ու նվազագույն գիտելիքներ հաղորդելու համար, կենսաբանության շատ ուսուցիչներ այդ դասերը պարզապես շրջանցում են: Վրեժ Շահրամանյանը պատմեց, որ դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ դասաժամեր ունենալուն ոչ բոլոր տնօրեններն են դրական արձագանքել. «Տնօրենների պատճառով երբեմն խոչընդոտներ են լինում: Նրանք ասում են, թե փորձում եք դեռահասների ուշադրությունն արհեստականորեն բեւեռել սեռական կյանքի վրա: Իսկ սեռական հարաբերությունների մասին դեռահասն ինքն էլ կիմանա, երբ գա ժամանակը»: Ինչպե՞ս, ե՞րբ ու որտեղի՞ց կիմանա: Հենց այս հարցերի հետեւանքն է, որ Google-ում «սեքս» ու «պոռնո» բառերն ամենաշատը փնտրում են մեր երկրի բնակիչները: Թերի գիտելիքների ու սեռական դաստիարակությանը մատների արանքով նայելու պատճառով է, որ այսօր վտանգված է տղամարդկանց վերարտադրողական առողջությունը: Առողջ ընտանիք ու կայուն հասարակություն ունենալու համար շատ կարեւոր է ճիշտ դաստիարակությունը, ինչը կբարձրացնի նաեւ սեռական մշակույթի մակարդակը: Սակայն մարդկանց մտածողությունն ու հոգեբանությունը փոխելու համար հստակ ծրագիր ու միջոցներ են հարկավոր:

Թեեւ որոնողական ցանցի տվյալներով Հայաստանն առաջին տեղում է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր երկրների մեջ Հայաստանն իր սեռական մշակույթով այսօր ամենավատ վիճակում է: Բժիշկ Շահրամանյանի խոսքով` Ռուսաստանում սեռական հարաբերություն սկսելու միջին տարիքը ներկայումս 12 տարեկանն է: Իսկ սեռավարակների առումով Ռուսաստանում եւ Ուկրաինայում սարսափելի պատկեր է, այս առումով Հայաստանը, ԱՊՀ երկրների համեմատությամբ, ավելի լավ վիճակում է:

Բժիշկ Շահրամանյանը խորհուրդ է տալիս սեռական կյանքը սկսել 18 տարեկանը լրանալուց հետո. «Ամեն դեպքում, ցանկալի չէ, որ 16-ից ցածր տարիքում դեռահասներն ապրեն սեռական կյանքով»:

Սեռավարակը նույնիսկ կարող է հանգեցնել անպտղության

Երեկ «Հայացք» ակումբի բանախոսներն էլ իրենց մտահոգությունն էին հայտնում սեռավարակների դեպքերի ավելանալու վերաբերյալ: «Մեդել» բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ արձանագրված պաշտոնական տվյալները չեն արտացոլում սեռավարակներ ունեցող հիվանդների իրական թիվը: Կան հիվանդներ, որոնք չեն դիմում բժշկի, բուժվում են ծանոթ-բարեկամի խորհուրդներով, հետեւապես պաշտոնական տվյալներում նրանք ներառված չեն: Ըստ սեռավարակաբանի` 2007-ին Հայաստանում գրանցվել է սեռավարակների 36170 դեպք, իսկ 2008-ին գրանցվել է սիֆիլիսի 147 դեպք:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ սիֆիլիսի պատճառով կարող է արատավոր պտուղ ծնվել: Դրա համար բժիշկները զույգերին խորհուրդ են տալիս մինչեւ հղիանալը գնալ հետազոտության սեռավարակների ծանր հետեւանքներից խուսափելու համար: Այնուամենայնիվ, Կարեն Վարդանյանը շտապեց տեղեկացնել, որ վերջին տարիներին բնածին սիֆիլիսի դեպքեր գրեթե չեն արձանագրվում: Բացի պտղի վրա ազդելուց` սեռավարակը նույնիսկ կարող է հանգեցնել անպտղության, կարող է դառնալ ներարգանդային ինֆեկցիայի պատճառ: Ռուսուդան Վարդանյանը նշեց, որ սեռավարակներից խուսափելու համար հարկավոր է խուսափել բազմաթիվ զուգընկերներ ունենալուց: Նրա խոսքով` հայ տղամարդիկ ապրում են ավելի ազատ սեռական կյանքով, քան կանայք, որոնք կարող են դիմել բժշկի եւ պարբերաբար հետազոտվել, սակայն չունենալ որեւէ երաշխիք, որ ամուսինը հավատարիմ է իրենց: «Եթե կինն ու ամուսինը միմյանց հավատարիմ են, ապա նրանց մեջ սեռավարակներ կարող են լինել հազվադեպ», հավելեց գինեկոլոգ Վարդանյանը: Իսկ սեռավարակաբանը լրիվ չհամաձայնեց նրա հետ` ասելով որ սեռավարակների պատճառը, որպես էպիդեմիկ աղբյուր, միայն տղամարդիկ չեն. «Պատճառները միայն տղամարդկանց վրա գցելը ճիշտ չի լինի»: Չբացառենք, որ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են եւ կանայք, ու կան նաեւ մարմնավաճառ տղամարդիկ, հետեւաբար ընտանիք վարակներ կարող է մտցնել ինչպես տղամարդը, այնպես էլ կինը:

Ինչեւէ, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել պահպանակներ եւ խուսափել պատահական հարաբերություններից: Իսկ սեռական օրգաններին կապված որեւէ խնդրի դեպքում անպայման դիմել բժշկի, հատկապես խոցային-էռոզիվ փոփոխությունների, արտասովոր արտադրության եւ որովայնի ստորին շրջանում ցավեր ունենալու դեպքում:

Կարեն Վարդանյանի փոխանցմամբ` այսօր սեռավարակները երիտասարդանալու հակում ունեն. զգալիորեն իջել է սեռական հասունացման տարիքը:

Սեռավարակների տարածվածությունն այժմ օրակարգային խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարբեր երկրներում: Սեռավարակաբան Վարդանյանը զգուշացնում է, որ սեռավարակները բացասաբար են ազդում նաեւ վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Անդրադառնալով սեռական դաստիարակությանն ու սեռական մշակույթի ներկայիս վիճակին` Կարեն Վարդանյանը նշեց, որ անտեղյակ մարդկանց խորհուրդներին հետեւելու փոխարեն, լավ կլինի, որ հիվանդները ժամանակին դիմեն համապատասխան մասնագետների: «Երբեմն մեզ դիմում են ուշացումով ու արդեն բարդություններով», ավելացրեց սեռավարակաբանը եւ ընդգծեց, որ հիվանդների բուժվելուն խանգարում են ոչ միայն անտեղյակ հարեւաններն ու բարեկամները, այլեւ դեղատների աշխատակիցները, իհարկե, խոսքը բոլոր դեղագետների ու դեղատների մասին չէ: Շատ դեղագետներ, չունենալով սեռավարակաբանի կամ գինեկոլոգի կրթություն, դեղեր են նշանակում ու խորհուրդներ տալիս հաճախորդներին: Սա եւս խոսում է սեռական մշակույթի ցածր մակարդակի ու թերի գիտելիքների մասին: Բոլոր այս խնդիրների պատճառով հայկական շատ ընտանիքներում ձեւավորվում է անառողջ մթնոլորտ, այնինչ առողջ ընտանիքը կայուն հասարակության գրավականն է:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4