«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2011-03-26 | #54, 2011-03-29 | #55, 2011-03-30


ՐԱՖՖԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՅՍՕՐ

«Մենք հասկանում ենք, որ ձեր կոչը` իշխանությունը վերադարձնելու ժողովրդին, ձերբազատվելու կոռուպցիայից, կասեցնելու արտագաղթը, վերացնելու անարդարությունը, նպատակ ունի մեր սերնդի համար ապահովել բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա: Խնդրում ենք Ձեզ դադարեցնել հացադուլը ու շարունակել ձեր գործունեությունն այլ ատյաններում»:

Սա մի հատված է աշակերտների` «Ազատության» հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված կոչից:

«Ժառանգության» առաջնորդն էլ նրանց խոստացավ, որ այսօր կկարողանա նախնական ու ամբողջական պատասխան տալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին:

«Կդադարեցնե՞ք հացադուլը» հարցին էլ ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր ժամը 5-ին:

Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ կարծիք հայտնեց, որ եթե «Ժառանգության» առաջնորդին դիմի կաթողիկոսը, ապա Րաֆֆին նրան կլսի: «Քանզի հոգեւոր դասի ներկայացուցիչներն այլ կարգավիճակում են գտնվում»:

Մինչ «Ժառանգության» առաջնորդը որոշում է հետագա քայլերի հերթականությունը, բժիշկները մտահոգված են նրա առողջական վիճակով:

4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը, որ հացադուլի մեկնարկից սկսած ամեն օր զննում է Հովհաննիսյանին, «Ազգ» -ի հետ զրույցում ասաց, որ նկատվում են ճնշման տատանումներ:

Բժշկուհուն անհանգստացնում է, որ Հովհաննիսյանն օրեցօր ավելի քիչ ջուր է խմում: «Դա շատ վտանգավոր է, որովհետեւ օրական անհրաժեշտ է 2-3 լիտր հեղուկ օգագործել: Եթե նա շարունակի հացադուլը, ապա կառաջանան լյարդի, երիկամների ու տեսողության լուրջ խնդիրներ»:

Թինա Մալխասյանի ներկայացմամբ` առայժմ վերոնշյալ հիվանդությունների նշաններ չկան, սակայն օրեցօր վտանգն ավելի է մեծանում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4