«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2011-03-26 | #54, 2011-03-29 | #55, 2011-03-30


ԺՆԵՎՈՒՄ ԴԵՄ ԵՆ ԱԲԵԼ ՔԱՀԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ

Մարտի 17-19-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովին «Ազգ» օրաթերթն արդեն անդրադարձել է: Որոշում էր կայացվել Շվեյցարիայի հայոց թեմում նշանակել առաջնորդական տեղապահ ի դեմս Մայր աթոռի փոխդիվանապետ Մեսրոպ աբեղա Պարսամյանի` ձեռնամուխ լինելու Շվեյցարիայում թեմական կյանքի վերակազմակերպմանը, եւ միաժամանակ ծառայելու իբրեւ Ժնեւի հայ համայնքի հոգեւոր հովիվ:

Որոշվեց նաեւ Ժնեւի հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին այլ ծառայության հրավիրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Ժնեւի Հայոց եկեղեցական խորհրդի ատենապետ Վիգեն Վարձպետը «Ազգ»-ին ուղարկված հաղորդագրության մեջ հայտարարել է, որ իրենք չեն «լիազորում» Ժնեւի հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին նրա կամքին հակառակ անցնել այլ աշխատանքի. «Մենք նաեւ չենք ընդունում Մեսրոպ աբեղա Պարսամյանին կամ որեւէ այլ անկոչ քահանայի: Որպես նրա գործատու եւ հաշվի առնելով շվեյցարական օրենքները, մենք պարտավոր ենք պաշտպանել Ժնեւի հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին որեւէ խախտումից: Մենք գոհ ենք նրա աշխատանքից: Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ենք կայացրել, համաձայն որի Աբել քահանա Մանուկյանը պետք է շարունակի ծառայել որպես Ժնեւի հոգեւոր հովիվ:

Հաշվի առնելով, որ նա ամուսնացյալ քահանա է, ապա վերջին խոսքը պատկանում է իրեն` ցանկանո՞ւմ է իր ընտանիքի հետ տեղափոխվել որեւէ այլ տեղ, թե՞ ընդունում է որեւէ այլ աշխատանք կամավորության սկզբունքով: Աբել քահանա Մանուկյանը հստակորեն մատնանշել է, որ կցանկանար շարունակել իր հոգեւոր գործունեությունը Ժնեւում: Հետեւաբար մենք չենք ընդունում, որեւէ այլ մարմնի որոշում, որը կհակադարձի վերոնշյալ որոշմանը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4