«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ

«Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքների ու վերելքների հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան», երեկ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քրոլիջը:

«Ընդունված որոշումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա եւ չհակասի Ադրբեջանի շահերին», ասել է դիվանագետը` նշելով, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել բոլոր հարցերում, այդ թվում` Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության, փոխանցում է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը:

Զարմանալի է թուրք դիվանագետի դիրքորոշումը առ այն, որ նա խոսում է միջազգային իրավունքի մասին` պաշտպանում Ադրբեջանի շահերն այն պարագայում, երբ հենց Ադրբեջանն է խախտում իր ընդունած պարտավորությունները: Ադրբեջանն ու Հայաստանը ICAO անդամ են եւ ունեն մի շարք պարտավորություններ: Դրանցից մեկն էլ այն է, որ որեւէ պետություն իրավունք չունի ռմբակոծելու որեւէ այլ պետության քաղաքացիական ինքնաթիռները: Եթե ադրբեջանական կողմը նման քայլի դիմի, ապա հայկական կողմը ոչ միայն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի պատասխան հարված տալու համար, այլեւ կդիմի ICAO-ինՙ Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառելու եւ նրան կազմակերպությունից վտարելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Ադրբեջանական կողմը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը` ICAO-ին նամակ է հղել` հայտարարելով, որ ադրբեջանական օդային տարածքը Ղարաբաղի վերեւում փակ է, հետեւաբար իրենք կոչնչացնեն այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները: Վերոնշյալ հայտարարությունն արժանացավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի բացասական վերաբերմունքին ու քննադատությանը:

«Ազգ»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն էլ ասաց, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա պաշտոնական Բաքվի նման հայտարարություններին, որոնք բացահայտ քրեական տարրեր են պարունակում: Բաբայանը նշել է, որ սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները չօգտվեն օդանավակայանից:

«Վճռական ենք Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում եւ ոչինչ մեզ չի խանգարի դա իրականացնել: Կօգտագործենք Արցախի օդային տարածքը անկախ հանգամանքիցՙ դա դուր է գալիս Ադրբեջանին, թե ոչ: Իսկ եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետեւանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4