«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԱՐԱԲ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ 5000 ԴՈԼԱՐ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՇԱՏԻՉ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ողջ աշխարհի 900 թռչնատեսակից 350-ը դեռ ապրում են Հայաստանում: Մասնագետները պատահականորեն չեն օգտագործում դեռ բառը: Այսօրվա դրությամբ 110 տեսակի թռչուն կանգնած է անհետացման եզրին: Դրանց վերացման պատճառները տարբեր են` էկոլոգիական խնդիրներ, ապօրինի որս: Հայաստանում ապրող գիշատիչ թռչունները մեծ պահանջարկ են վայելում հատկապես արաբական պետություններում: Կենդանիների դուրսբերման հիմնական ուղին Իրանն է: Երկրում հայտնի բազեանմանների բացառիկ տեսակները մեծ պահանջարկ եմ վայելում արաբական պետություններում. դրանք հիմնականում վաճառվում են սեփական կենդանաբանական այգիներ ունեցող մեծահարուստներին կամ բազեաորսով հետաքրքրվողներին:

«Յուրաքանչյուր նման գիշատիչ թռչունի համար վճարում են մոտավորապես 5000 դոլար: Կան նաեւ բացառիկ տեսակներ, որոնք ողջ աշխարհում կանգնած են անհետացման եզրին, վաճառվում են մի քանի տասնյակ հազար դոլարով», ասում է Թռչնասերների ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Թեպետ այս ուղղությամբ Հայաստանի մաքսային ծառայությունն ավելի հետեւողական է դարձել վերջին մի քանի տարիներին, սակայն միշտ չէ, որ ապօրինի որսված կենդանիները դուրս են բերվում մաքսակետերից:

Սիլվա Ադամյանի մեկնաբանությամբ` թռչունների պահպանման համար անհրաժեշտ է Արմաշի ջրաճահճային տարածքը պահպանել: «Պարտավոր ենք պահպանել այս տարածքները, քանի որ Գիլի լճի չորացումից հետո թռչունների մի մասը չվեց երկրից, մի մաս գնաց Արփի լիճ, մնացածն էլ` Արարատյան դաշտավայր»:

Գիլի լճի չորացումից հետո 100-ից ավելի թռչնատեսակներ հայտնվեցին Կարմիր գրքում, իսկ Արմաշի ջրամբարի կառուցումից հետո այդ տարածքներում բնակություն հաստատեցին բազմաթիվ թռչնատեսակներ` քաջահավ, սպիտակաաչք սուզահավ, վարդագույն եւ գանգրահեր հավալուսն ու կարապ:

Թռչունների անհետացման պատճառներից է նաեւ որսորդական տուրիզմը: Յուրաքանչյուր ոք, վճարելով 500 եվրո, կարող է ոչնչացնել որեւէ հազվագյուտ թռչուն:

Լուրջ խնդիր է նաեւ թունաքիմիկատների գործածումը: Կրծողների դեմ թունաքիմիկատների չարաշահումը վնասակար է հատկապես արծիվների համար: Նման խնդիր ունեցել է Մեծ Բրիտանիան: Թունաքիմիկատների չարաշահման պատճառով արծիվները չեն կարողանում ձագեր ունենալ:

Ադամյանը ընդունում է, որ կրծողների դեմ պայքարը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար, սակայն պետք է հաշվի առնել, թե որ տարածքներում ու ինչ չափաքանակով թունաքիմիկատներ օգտագործել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4