«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԱՄՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցյալ տարվա դեկտեմբերից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կրծքագեղձի հիվանդությունների բուժմամբ զբաղվող ծառայություն է բացվել: Հաշվի առնելով, որ կրծքագեղձի հիվանդություններով տառապող կանանց թվի աճ է նկատվում, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը նման ծառայության բացումը պարզապես անհրաժեշտություն է համարել: Այդ մասին «Ազգի» հետ զրույցի ժամանակ նշեց վերոնշյալ բժշկական կենտրոնի թորակալ բաժանմունքի ավագ վիրաբույժ Արմեն Խանոյանը , որը նաեւ նույն բաժանմունքում բացված կրծքագեղձի հիվանդությունների ծառայության ղեկավարն է: Արմեն Խանոյանն ասում է, որ նորաբաց ծառայությունը մամոլոգիական բնույթ ունի, այսինքն` անմիջականորեն կապված է կրծքագեղձի հիվանդություններին: Հարցին, իսկ կրծքագեղձի խնդիրներով դիմողներն առհասարակ շա՞տ են, բժիշկ Խանոյանը պատասխանում է. «Օրական մոտավորապես 5 հոգի»: Դիմողների մեջ, անշուշտ, լինում են հիվանդներ, որոնք արդեն վիրահատության կարիք են զգում: Վիրահատությունները կատարում է Արմեն Խանոյանը, որը վերապատրաստվել է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական ինստիտուտում: Կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունների դեպքում, ըստ բժիշկ Խանոյանի, հիվանդների մեծամասնությունն իրենց դիմում է այն ժամանակ, երբ կարիք է զգում արդեն կոմպլեքս բուժման, որի մեջ մտնում են քիմիաթերապիան, ճառագայթումն ու վիրաբուժությունը: Զրուցակիցս նշեց. «Որպեսզի կրծքագեղձի հիվանդությունները վաղ ախտորոշվեն, իսկ բուժումն էլ արդյունավետ լինի, ապա 35 տարին լրացած յուրաքանչյուր կին պարտադիր պետք է անցնի պրոֆիլակտիկ ստուգում»: Բժիշկը հավելում է, որ կանայք իրենց կյանքի ընթացքում պրոֆիլակտիկ հետազոտման պետք է գնան պարբերաբար:

Կրկին անդրադառնալով նորաբաց ծառայությանը` զրուցակիցս ասում է, որ Հայաստանում այն միակը չէ. «Սակայն մինչ սրա բացումը նման ծառայություններ մատուցում էր միայն Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը»: Ինչ վերաբերում է համապատասխան սարքավորումներին, զրուցակիցս նշում է, որ դրանք կենտրոնը ձեռք է բերել իր իսկ ֆինանսական միջոցներով: Իսկ վիրահատությունների, առհասարակ, մատուցվող ծառայությունների գներից Արմեն Խանոյանը խուսափեց խոսել:

Հարցազրույցի վերջում բժիշկ Խանոյանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայում վերջերս մասնակցել է կրծքագեղձի հիվանդությունների վերաբերյալ գիտական կոնֆերանսի, որտեղ քննարկվել են դրանց վերաբերող խնդիրներն ու աշխարհի առաջատար մասնագետների առաջարկած լուծումները:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4