«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


9 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԴՈՒԲԱՅԻ ՇԵՅԽԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլի 10-ին մեկնարկող շախմատի Դուբայի շեյխի գավաթի 13-րդ խաղարկությանը Հայաստանից կմասնակցեն 9 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակների համար կպայքարեն Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 45 հազար դոլար է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 15 մասնակիցների միջեւ: Հաղթողը կպարգեւատրվի 8 հազար դոլարով, 2-րդ մրցանակակիրըՙ 5 հազար, 3-րդըՙ 4 հազար դոլարով: 15-րդ տեղը զբաղեցրած շախմատիստի վաստակը կկազմի 800 դոլար: Ապրիլի 15-ին մրցաշարը կընդմիջվի եւ կանցկացվի կայծակնային մրցաշար: Իսկ հաջորդ օրը մրցաշարի մասնակիցներին հարկ կլինի անցկացնել միանգամից 2 տուր:

Շախմատասերներին տեղեկացնենք, որ Դուբայի շեյխի գավաթի խաղարկությունն անցկացվում է 1999-ից: Հաճելի է, որ անդրանիկ խաղարկության հաղթող է ճանաչվել Վլադիմիր Հակոբյանը: 2001-ին հաղթողների թվում են եղել Կարեն Ասրյանն ու Արտաշես Մինասյանըՙ 9 հնարավորից վաստակելով 6,5-ական միավոր: Նման արդյունքի հասած 8 շախմատիստներից լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը շահել է Կարեն Ասրյանը: 2009-ին էլ հայ շախմատիստներից հաջող են հանդես եկել Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը, որոնք Դմիտրի Բոչարովի հետ ցույց են տվել լավագույն արդյունքըՙ 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող է ճանաչվել Տիգրան Քոթանջյանը:

Անցյալ տարի Դուբայի մրցաշարին մասնակցեցին հայաստանցի 5 շախմատիստներ: Առավել հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը 7 շախմատիստների հետ ցույց տվեց լավագույն արդյունքըՙ 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մելքումյանը գրավեց 6-րդ տեղը, իսկ չեմպիոն հռչակվեց վենեսուելացի Էդուարդո Իտուրիզագան:

Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Գաբրիել Սարգսյանը 6,5 միավորով գրավեց 10-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը 5,5-ական միավորով հանգրվանեցին համապատասխանաբար 41-րդ եւ 30-րդ հորիզոնականներում: 5 միավորով Գեւորգ Հարությունյանը 50-րդն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4