«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶՉԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի մասսայականացման եւ զարգացման գործում զգալի ավանդ ուներ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Շահվալադ Հովհաննիսյանը: Նա ըմբշամարտի մարզիչ է աշխատել հարազատ գյուղումՙ Մարտունու շրջանի Ծովասարում (նախկին Թազագյուղ): Անվանի մարզիչը բազմաթիվ շնորհալի ըմբիշներ է պատրաստել, որոնցից մեկն էլՙ Արշակ Հայրապետյանը 2000-ին Սիդնեյում կայացած ամառային օլիմպիադայում գրավեց 5-րդ տեղը:

Նրա նախկին սաներից Կամո Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ հաջողությամբ անցկացվեց Շահվալադ Հովհաննիսյանի հանրապետական անդրանիկ հուշամրցաշարը: Մրցումներին մասնակցեցին Վահան Զատիկյանի անվան «Մալաթիա» մարզակումբի, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի, Գառնիի, Ջրվեժի, Չարենցավանի, Գյումրիի, Բյուրեղավանի, Արմավիրի, Արթիկի եւ Ծովասարի 137 ըմբիշներ: Նշենք, որ Ծովասարի ըմբիշներին մարզում են Շահվալադ Հովհաննիսյանի նախկին սաներըՙ նրա որդինՙ Մասիսը եւ Հովիկ Ամրոյանը:

Մրցաշարի կազմակերպիչ Կամո Պետրոսյանը հոգացել էր նաեւ պարգեւների ու մրցանակների մասին, որոնք ստացան մրցումներում առավել աչքի ընկած ըմբիշներն ու գոտեմարտերը սպասարկած մրցավարները:

Ինչպես նշեց Արշակ Հայրապետյանը, մրցումներն անցան համառ մրցապայքարում: Իրենց լավ պատրաստվածությամբ աչքի ընկան արթիկցի Ցոլակ Հովհաննիսյանը, ջրվեժցի Հարություն Մանուկյանը, մարզական քոլեջի սաներ Նաիրի Ղարսայանն ու Երվանդ Ջիվանյանը, «Մալաթիայի» ներկայացուցիչ Մյասնիկ Պողոսյանը, արմավիրցի Արման Հարությունյանը, գառնեցի Մերուժան Մանուկյանը, ծովասարցի Նվեր Հարությունյանը, որոնք իրենց քաշային կարգերում հուշամրցաշարի հաղթողներ դարձան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4