«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԿՐԿԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Ապրիլի 11-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կտրվի ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 90-րդ եւ կանանց 24-րդ առաջնությունների մեկնարկը: Այսօր Հայաստանի մարզական պատվիրակությունը ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ կմեկնի Կազան: Մեր պատվիրակության կազմում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, մարզիչներ Օգսեն Միրզոյանն ու Փաշիկ Ալավերդյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ 10 ծանրորդներ:

Կազանում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սամվել Գրիգորյանը (69 կգ), Արայիկ Միրզոյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Էդգար Գեւորգյանը (85 կգ), Գեւորգ Պողոսյանը (94 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ), Էլեն Գրիգորյանը (53 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Եվրոպայի առաջնությանն էր նախապատրաստվում նաեւ Մելինե Դալուզյանը, որը պետք է հանդես գար մինչեւ 69 կգ քաշայինների մրցավեճում: Սակայն վերջին պահին ստամոքսի հետ կապված խնդիրները կրկին անհանգստացրին Մելինեին, որի հետեւանքով նա զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Նշենք, որ փետրվարին էլ նա վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հայաստանի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի նաեւ 2009-ի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Նա երկարատեւ ընդմիջումից հետո փետրվարին մասնակցեց Հայաստանի առաջնությանը: Ճիշտ է, նրա ցույց տված արդյունքը համեստ էր: Մարզիչները նպատակահարմար են գտել, որ Նազիկը շարունակի նախապատրաստությունն աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը:

Մեր առաջատար ծանրորդներից բացակայում են նաեւ աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, ինչպես նաեւ վնասվածքներից դեռեւս լրիվ չապաքինված Արա Խաչատրյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը:

Ինչ խոսք, Եվրոպայի առաջնությունից էլ մարզասերների սպասելիքները մեծ են: Վերջին տարիներին հայ ծանրորդները մեդալների հարուստ ավարով են տուն վերադառնում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից, խոշորագույն այլ մրցաշարերիցՙ ապացուցելով, որ այսօր առաջատար դիրքեր են գրավում համաշխարհային ծանրամարտում:

Օրինակ, անցյալ տարվա ապրիլին Մինսկում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներից երկուսը նվաճեցին չեմպիոնի տիտղոսը, չորսը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, մեկն արժանացավ բրոնզե մեդալի: Մինսկում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (77 կգ) եւ Գեւորգ Պողոսյանը (85 կգ): Տիգրանը երկամարտում ցույց տվեց 360 կգ (165 + 195) արդյունքՙ 9 կգ-ով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցրած լեհ ծանրորդ Կրժիժտոֆ Շրամիակին: Գեւորգը երկամարտի 369 կգ (165 + 204) արդյունքով ուժեղագույնը ճանաչվեցՙ ընդամենը 1 կգ-ով գերազանցելով Արա Խաչատրյանի ցուցանիշը, որը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Ամեն ինչ որոշեց հրում վարժությունը, որտեղ Արան ընդամենը 1 կգ պակաս բարձրացրեց Գեւորգից:

Եվրոպայի փոխչեմպիոններ հռչակվեցին նաեւ Սմբատ Մարգարյանը (56 կգ)ՙ 255 կգ (109 + 146), գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանըՙ 432 կգ (195 + 237) եւ Մելինե Դալուզյանը (69 կգ)ՙ 260 կգ (115 + 145): Մինչեւ 75 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 273 կգ (122 + 151) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Հուսանք, որ Կազանում էլ հայ ծանրորդները մարզասերներին կուրախացնեն բարձր արդյունքներով ու նվաճած մեդալների առատությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4