«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Քաշային 10 կարգերում մրցանակները կվիճարկեն 22 երկրների բռնցքամարտիկներ: Սպասվում է բավական համառ մրցակցություն, քանի որ Երեւան են ժամանելու մի շարք ուժեղ բռնցքամարտիկներ: Օրինակ հայտնի է, որ Հնդկաստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականները մրցավայր են ժամանելու մարտական կազմով:

Այս մրցաշարը ուժերի լավ ստուգատես կլինի նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների ու թեկնածուների համար: Որպես մրցաշարի կազմակերպիչներ, մեր ներկայացուցիչների թիվը մրցաշարում բավական մեծ կլինիՙ մոտ 40 բռնցքամարտիկ: Նրանցից 26-ը մեր ազգային հավաքականի անդամներն ու թեկնածուներն են: Անվանի բռնցքամարտիկներից բացակայում են միայն աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Եվրոպայի 2008-ի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը (64 կգ): Ըստ որոշ տվյալների, վերջինս ավարտել է մարզական իր կարիերան:

Մրցաշարի բացման արարողությունը կսկսվի ապրիլի 12-ին, ժամը 16-ին, որին կհաջորդեն նախնական փուլի հանդիպումները: Մարզահամերգային համալիրի մուտքն ազատ կլինի մարզասերների համար: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 17-ին: Ուժեղագույնը ճանաչված բռնցքամարտիկները կպարգեւատրվեն 5000-ական դոլարով: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 3000 եւ 1000-ական դոլար:

Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի ուժերի փորձարկման վերջին հնարավորությունը հունիսի 16-26-ը Անկարայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4