«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ ՉԷ, ԲԱՅՑ ԲՈԲՈ ԷԼ ՉԷ»

Սակագինը հստակ է, տեխնիկապես անհնար է գազին օդ խառնել

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի գնահատմամբ` տարին գազի գնի բարձրացման առումով բարեհաջող էր: Թեպետ միջպետական ակտիվ հարաբերությունների շնորհիվ գազի սակագինը չբարձրացավ, սակայն եղած սակագինն էլ հասարակ աշխատավարձով ապրող քաղաքացին դժվարությամբ է վճարում: «Մեր սպառողական զամբյուղն ունի հիպերտրոֆիկ վիճակ` սննդի համար ծախսվում է եկամուտների 57 տոկոսը, կոմունալ ծառայությունների համար` 28.8 տոկոս: Եվրոպական չափանիշներով վերոնշյալ ցուցանիշը բնութագրվում է աղքատության ծայրահեղ վիճակ: Այս տարի գազի գինը չթանկացավ, բայց մյուս տարի էլ է ապրիլի մեկ լինելու: Սա կարկտային տնտեսական քաղաքականություն է, ինչից տուժում է միայն հասարակ քաղաքացին», «Հայելի»-ում նշում է Արմեն Պողոսյանը:

Գազի գնի վերաբերյալ երկրում մենաշնորհային իրավիճակ է տիրում: Եթե դաշտում մեկ ուրիշ ընկերություն հայտնվի, որ մատակարարման որոշ հատվածը վերցնի իր վրա, ապա կառաջանա մրցակցություն, եւ գազի գները կիջնեն: Սակայն դեռ դաշտում մենաշնորհում է «Հայռուսգազարդը»: Պարսկաստանի հետ գազի հստակ սակագին չկա: Որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիայի համար ստանում ենք համապատասխան ծավալի գազ:

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացառում է , որ «Հայռուսգազարդ» ընկերությունը գերշահույթ է ստանում: «Գազի գնի ձեւավորումը հստակ է, եւ այստեղ վիճելի խնդիրներ չկան: «Հայռուսգազարդը» Մայր Թերեզան չէ, բայց բոբո էլ չէ»:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանի մեկնաբանությամբՙ Հայաստանին վաճառվող գազի գինն էապես զիջում է այլ երկրների գազի գնին: Եթե համեմատենք Մոլդովայի կամ Ռումինիայի հետ, Հայաստան գազը շատ ավելի ցածր գնով է մտնում:

Հայաստանում գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար արժե 270 եվրո, իսկ Մոլդովայում` 300 եվրո: «Հայաստանում գազը ներկրվում է հազ. խմ-ն 180 դոլարով, ԱԱՀ-ն կազմում է 47.3 դոլար, կորուստները` 11 %, մարժան` 16 % կամ 45 դոլար: Դա նորմալ է: Բայց եթե համեմատենք գազի գինն արդեն մեկ շնչի համար, այս առումով լուրջ խնդիրներ ունենք: Մեկ շնչին ընկնող գազի ծախսը 2800 դրամ է, սպառողական զամբյուղի 45.000 դրամի պարագայում դա գուցե բավարար է, մինչդեռ միջինը 28.000 դրամ թոշակի հետ համեմատած` գազի սակագինը լուրջ խնդիր է»:

Թավադյանը համոզված է, որ սոցիալական խմբերի համար առանձին գին նշանակելը հարցի լուծում չէ: Հետեւաբար պետության խնդիրը պետք է լինի ոչ թե կրճատել գազի գինը, այլ միջոցներ ձեռնարկելու, որ այն չբարձրանա:

Որ հասարակության մեջ գազի սակագինը խուճապ է առաջացրել` բնական է. գնաճը կազմել է 9.6 տոկոս: Առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հսկայական խնդիրներ են առաջացել:

«Գազի սակագնի վերաբերյալ ամեն ինչ հստակ է, պարզապես պետք է մտածելՙ ինչպես լուծել սոցիալական հարցերը, որպեսզի քաղաքացիները կարողանան վճարել»:

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է գազի սպասարկման անվտանգության ու կալորիականության ապահովումը: Այս առումով կան լուրջ խնդիրներ: «5.700 դրամ են գանձում, սակայն սպասարկում չեն մատուցում: Հակառակ կողմն ասում է, որ եթե չվճարես` գազամատակարարումը կանջատեմ, սակայն նա օգտագործած գազի համար արդեն վճարել է: Այս հարցը պետք է քննարկվի»:

Որ գազին օդ են խառնում, Վարդան Այվազյանը բացառում է. «Տեխնիկապես անհնար է, որ գազին օդ խառնվի»: Հայ հեղափոխական դաշնակցությունը խորհրդարանում լսումներ է կազմակերպել գազի գնի վերաբերյալ: Վարդան Այվազյանի գնահատմամբ` քայլը քաղաքական ուղղվածություն ունի. «Նպատակն է դիվիդենտներ շահել, ուրիշ ոչինչ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4