«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ԲԱՑ ՖՈՒՏԲՈԼ ԱՆՁՐԵՎԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումներն անցան եղանակային անբարենպաստ պայմաններում: Չնայած դրան, տուրն աչքի ընկավ ընթացիկ առաջնության համար ռեկորդային արդյունավետությամբ. խփվեց 17 գոլ:

Տուրի կենտրոնական հանդիպումը «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր, որն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Արդեն 6-րդ րոպեին Արտակ Դաշյանն առաջ մղեց «Բանանցին»: Սակայն 10 րոպե անց Գեւորգ Ղազարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Մինչեւ ընդմիջում մրցակիցները եւս մեկական գնդակ փոխանակեցին: Աչքի ընկան Բրունո Կորեան եւ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ընդմիջումից հետո Արտակ Ալեքսանյանն այս խաղում առաջին անգամ առաջ մղեց «Փյունիկին»: 79-րդ րոպեին չափազանց տպավորիչ գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանըՙ տուգանային հարվածով հավասարեցնելով հաշիվը (3-3): Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն 85-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանի հեռահար փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց ու խփեց հաղթական գնդակը:

Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Վարդան Մինասյան («Փյունիկ»)-Խաղն իր բնույթով մոտ էր եվրոպական խաղադաշտերում ընթացող մրցավեճերին: Երկու թիմերն էլ հաղթանակի հասնելու մեծ վճռականություն դրսեւորեցին: Այսօր մարզական բախտը մեր կողմն էր, քանի որ «Բանանցն» ավելացված ժամանակում կարող էր փրկել խաղը: Մարկոսը վնասվածք ուներ, ուստի նախապես ծրագրել էինք, որ նա մեկ խաղակես պետք է խաղա: Արտակ Եդիգարյանն էլ վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:

Ստեւիցա Կուզմանոսկի («Բանանց»)- Այսօրվա խաղը շատ հետաքրքրական էր ու գոլերով հարուստ: Պաշտպանությունում երկու թիմերն էլ բազմաթիվ սխալներ գործեցին: Մեր թիմում դրանք ավելի շատ էին: Հաղթելու հնարավորություն ունեինք, բայց չօգտագործեցինք գոլային պահերը: Եթե 2-1 հաշվի ժամանակ Բալաբեկյանը 3-րդ գոլը խփեր, խաղն այլ ընթացք կունենար: 3-3 հաշվի ժամանակ էլ Արթուր Հակոբյանը չօգտագործեց գոլային պահը: Իսկ ահա փյունիկցիներն օգտագործեցին իրենց պահն ու հաշվի մեջ առաջ անցան: Մեր պաշտպանները շատ վատ խաղացին, նրանց մոտ կարեւոր պահերին բացակայում էր կենտրոնացումը: Պետք է աշխատենք վերացնել թերությունները պաշտպանությունում:

Հաղթարշավն է շարունակում «Ուլիսը», որը հերթական հաղթանակը տոնեց Իջեւանում «Շիրակի» նկատմամբ: Ընդամենը 4 օր առաջ նույն մարզադաշտում «Ուլիսը» գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում 1-0 հաշվով խաղի ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել էր գյումրեցիներին: Առաջնության խաղում «Ուլիսը» վստահ հաղթանակ տոնեց 3-1 հաշվով: Առաջին խաղակեսում ուլիսցի Գեորգի Կրասովսկին 2 անգամ գլխի հարվածով գրավեց «Շիրակի» դարպասը: Թեեւ Կարեն Խաչատրյանը կրճատեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Վալերի Ալեքսանյանը 3-րդ գոլը խփեց:

«Միկան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության հասավ «Իմպուլսի» նկատմամբ: 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Միկայի» նորեկ Կոնստանտին Մանդրիչենկոն: Մինչեւ ընդմիջում Աղվան Հայրապետյանը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո Զավեն Բադոյանը առաջ մղեց «Իմպուլսին»: Սակայն «Միկան» իր մեջ ուժ գտավ բեկում մտցնելու մրցակցությունում: Նարեկ Բեգլարյանի եւ Ալեքսի խփած գոլերի շնորհիվ «Միկան» շահեց մրցավեճը:

3-րդ անընդմեջ պարտությունը կրեց «Արարատը»ՙ սեփական հարկի տակ զիջելով «Գանձասարին»: Հանդիպման ելքը վճռեց Վլադիմիր Մատիչի խփած միակ գոլը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ուլիս43107-210
2. Միկա42206-28
3. Գանձասար42203-18
4. Փյունիկ42116-57
5. Շիրակ41123-54
6. Իմպուլս41035-63
7. Բանանց40225-82
8. Արարատ40131-71

Ռմբարկուները

Գեորգի Կրասովսկի«Ուլիս»3
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»2
Արթուր Քոչարյան«Գանձասար»2
Նարեկ Բեգլարյան«Միկա»2
Արտյոմ Ադամյան«Ուլիս»2
Բրունո Կորեա«Բանանց»2
Զավեն Բադոյան«Իմպուլս»2


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4