«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Երեկ Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում Հայաստանի ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 2010թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը, որից սպասելիքները մեծ էին: Ցավոք 18-ամյա պատանին այս անգամ անվստահ ելույթ ունեցավ` երկամարտի 245 կգ (105+140) արդյունքով 12 մասնակիցների մեջ գրավելով ընդամենը 9-րդ տեղը:

Պոկում վարժությունում Սմբատը պատվիրել էր ամենացածր քաշը` 105 կգ: Սկիզբը հաջող էր, սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ հայ ծանրորդին չհաջողվեց իրեն ենթարկել 110 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժության համար նա պատվիրել էր բավական բարձր նախնական քաշ` 140 կգ: Առաջին մոտեցումը հաջող էր: Երբ բոլորն արդեն ավարտել էին մրցումները, Սմբատը մրցահարթակ դուրս եկավ բարձրացնելու 151 կգ-անոց ծանրաձողը, ինչը նրան արծաթե մեդալ կպարգեւեր: Սակայն դա նրա ուժերից վեր էր:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մոլդովացի Օլեգ Սիրխին` 262 կգ (112+150): 256 կգ արդյունքով 2-րդ տեղը գրավեց թուրք Գոկհան Կիլիցը: Նույնպիսի արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց ռումինացի Ֆլորին Կրոիտորուն:

Եվրոպայի առաջնության առաջին պարգեւները վիճարկեցին մինչեւ 48 կգ քաշային կանայք: Նրանց մրցավեճում մրցակցությունից դուրս էր թուրք Նուրկան Թայլանը, որը երկամարտում ցույց տվեց 195 կգ (90+105) արդյունք: Նա 15 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալի արժանացած իր հայրենակցուհի Նուրդան Կարագյոզին: Վերջինիս ցուցանիշը կրկնեց իտալուհի Ժենի Պագլիարոն, որն անձնական քաշով 250 գրամով ծանր էր Կարագյոզից, ուստի բավարարվեց բրոնզե մեդալով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4