«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ ՈՒ ՀԱՐՁԱԿՎԵՑ ՄՐՑԱՎԱՐԻ ՎՐԱ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու Խորեն Գեւորի 4-րդ փորձն էլ անհաջողության մատնվեց: Մագդեբուրգում նա մրցեց երկրորդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Երկու բռնցքամարտիկներն էլ ակտիվ մենամարտ վարեցին, միմյանց հարվածներ հասցրին, սակայն մրցավարների կարծիքով աշխարհի չեմպիոնն ավելի դիպուկ էր: 3-րդ ռաունդում հերթական հարվածից հետո Գեւորը ձախ աչքի վերին մասում պատռվածք ստացավ: 10-րդ ռաունդում ռինգում կրքերը բորբոքվեցին: Երկու բռնցքամարտիկները երբեմն դիմում էին անթույլատրելի հարվածների: Այն բանից հետո, երբ ռինգի մրցավար Մանֆրեդ Կյոխլերը 1 միավոր հանեց Խորենից, հայ բռնցքամարտիկը կտրուկ գրոհի դիմեց, որի արդյունքում երկու մրցակիցները հայտնվեցին ռինգի հատակին: Երբ բռնցքամարտիկները վեր կացան, պարզվեց, որ Շտիգլիցի աջ աչքի շրջակայքում պատռվածք է առաջացել: Համարելով, որ Խորեն Գեւորն անթույլատրելի հարված է կատարել մրցակցին, ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտն ու որակազրկեց հայ բռնցքամարտիկին:

Այդ որոշումը վերջնականապես Գեւորին հանեց հավասարակշռությունից եւ նա հարձակվելով մրցավարի վրա, նրան մի քանի անգամ հարվածեց: Վրա հասած անվտանգության աշխատակիցները Խորենին դուրս բերեցին ռինգից:

Միջադեպի առիթով Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին հետեւյալն է նշել. «Խորեն Գեւորը միտումնավոր գլխով հարվածեց Շտիգլիցին, որից հետո ռինգում անկարգություններ հրահրեց, որի ժամանակ մի քանի հարված էլ մրցավարին հասցրեց: Նման բռնցքամարտիկին չպետք է թույլատրել ռինգ մտնել: Նրան հարկավոր է կարմիր քարտ ցույց տալ: Նա ցանկանում էր կեղտոտ միջոցներով հաղթել»:

Կատարվածն անակնկալ էր Շտիգլիցի համար. «Նման բան Գեւորից չէի սպասում: Չեմ հասկանում, թե նրա հետ ինչ կատարվեց: Գուցե նա հիվանդ է: Մենք որոշել էինք, որ մինչեւ 9-րդ ռաունդը ես պետք է խնայեի ուժերս, որպեսզի 10-րդ ռաունդից վճռական գործողությունների անցնեի: Բավական ուժ ունեի եւ կարող էի մինչեւ վերջ մենամարտել»:

Տեղի ունեցածի համար ափսոսանք է հայտնել եւ Գեւորի փոխարեն ներողություն է խնդրել նրա մենեջեր Պետեր Շուլցը: Իսկ Sat1 հեռուստաալիքի մեկնաբան Ակսել Շուլցն այդ մենամարտը համեմատել է Թայսոն-Հոլիֆիլդ մենամարտի հետ, երբ Թայսոնը կծել էր մրցակցի ականջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4