«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բեռլինում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունում մեծ հաջողության հասավ Հարություն Մերդինյանը: Հանդես գալով միայն նժույգաթափում, 27-ամյա հայ մարմնամարզիկն իրեն գերազանց դրսեւորեց ու բավական թեժ պայքարում 14,95 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրոպայի առաջնություններում հայ մարմնամարզիկների նվաճած առաջին մեդալն է, ինչն ավելի է արժեւորում Հարությունի հաջողությունը: Այս մրցաձեւում չեմպիոնի կոչումը 15,625 միավորով նվաճեց հունգարացի Քրիստիան Բերկին: Արծաթե մեդալակիր դարձավ ֆրանսիացի Սիրիլ Թոմասոնեն (15,050):

Նշենք, որ նախնական փուլում Հարություն Մերդինյանը 94 մասնակիցների մեջ 14,9 միավորով զբաղեցրել էր 5-րդ տեղը եւ իրավունք էր ստացել մասնակցելու 8 ուժեղագույնների եզրափակիչ մրցավեճին:

Հաջող պետք է համարել նաեւ Հայաստանի 2-րդ պատվիրակիՙ 18-ամյա Արթուր Դավթյանի ելույթը: Հենացատկերում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը կրող հայ մարմնամարզիկն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Բազմամարտում նա վաստակեց 83,025 միավոր եւ 39 երկրների 148 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Բայց քանի որ եզրափակիչի ուղեգիր նվաճած 24 մասնակիցներից մի քանիսը վնասվածքի պատճառով չէին կարող շարունակել պայքարը մեդալների համար, ուստի Արթուրն իրավունք ստացավ մասնակցելու ուժեղագույնների մրցավեճին: Այստեղ եւս նա իրեն լավ դրսեւորեցՙ 84,35 միավորով զբաղեցնելով 20-րդ տեղը բազմամարտում: Նա հենացատկերում եւ օղակների վրա վարժությունում գրավեց 11-րդ հորիզոնականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4