«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


«ԵՐԿԻՐ»-Ի ԴԵՄ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով երկրորդ դատական նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե: Պատասխանող կողմը դատարան գալու ճանապարհին հայտնվել էր ավտոխցանման մեջ եւ ուշացել դատից: Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա ապրիլի 21-ին: Հիշեցնենք, որ օրաթերթը հունվարի 12-ին «131 դեմք եւ դիմակ» խորագրի ներքո անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգմավոր Տիգրան Արզաքանցյանին: Թերթը գրել էր, որ Արզաքանցյանը խորհրդարանում աչքի է ընկնում որպես «ստիլյագ», շարունակ գլուխ է գովում, թե ինքնաթիռներով գեղեցկուհիների է բերում-տանում, հայտնի է որպես խաղատների մշտական հաճախորդ, շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին, խոսում է... մի քանի օտար լեզուներով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի Քյավառա բարբառով:

Պատգամավորի կարծիքով` հոդվածում հրապարակվածը պարունակում է վիրավորանք եւ զրպարտություն, ինչը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը: Արզաքանցյանը դիմել է դատարան` պահանջելով «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3.000.000 դրամ գումար, ինչպես նաեւ 568.000 դրամՙ փաստաբանական եւ դատական ծախսերի համար:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4