«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2011-04-09 | #64, 2011-04-12 | #65, 2011-04-13


«ԳՆՈՒՄ ԵՍ ՎԵՐՆԻՍԱԺ` ԶԶՎԱՆՔԴ ԳԱԼԻՍ Է»

Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում քաղաքապետը drive է զգացել

Թեպետ, իր խոսքերով, Կարեն Կարապետյանը երբեք չի երազել դառնալ քաղաքապետ (ասում են, երբ անցյալ տարի նրան առաջարկել են քաղաքապետի պաշտոնը, հրաժարվել է եւ միայն երկրորդ առաջարկից հետո է համաձայնել դառնալ մայրաքաղաքի գլխավոր կառավարիչ-Հ.Հ.), սակայն այժմ քաղաքապետի պաշտոնից drive է ստանում:

«Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, ես drive եմ զգում այս պաշտոնում աշխատելիս: Այդ բառն եմ ասում, որովհետեւ շատ եմ սիրում այդ բառը»: Ընդհանրապես, Կարապետյանն իրեն քաղաքական դեմք չի համարում: Հաշվետու է ՀՀԿ-ին, սակայն կուսակցությունն իրեն որեւէ առաջադրանք չի տվել: Միակ պայմանը` Երեւանի էֆեկտիվ կառավարումն է: Թե ինչով է տարբերվում նախորդ քաղաքապետներից, կատակով նշում է. «Արտաքինով, էլ ինչո՞վ եք ուզում տարբերվեմ»:

Քաղաքապետի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված ամենալուրջ ու կտրուկ որոշումը բացօթյա առեւտրի արգելումն էր: Նախկին քաղաքապետներն էլ էին արգելել բացօթյա առեւտուրը, սակայն դա ժամանակավոր բնույթ էր կրել. Կարապետյանը, սակայն, առեւտրականների բողոքին տեղի չտվեց` բացօթյա առեւտրի արգելումը համարելով ճիշտ եւ օրինական քայլ:

«Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները: Թող պատգամավորները օրենքը փոխեն, ու Երեւանը վաղը կդառնա շուկա: Եթե օրենք կա, նշանակում է` պետք է իրականացնել»:

Քաղաքապետի մեկնաբանությամբ` բացօթյա առեւտրով զբաղվողների 97 տոկոսը գոհ է օրենքից: «Ընդամենը 3 տոկոսն է դժգոհում, բայց նրանց ձայնն ամենաբարձրն է լսվում: Մոտ օրերս 3 մինի-շուկա կբացվի: Ընդհանուր առմամբ նախատեսում ենք 12 մինի-շուկա բացել»: Երեւանի էֆեկտիվ կառավարման համար քաղաքապետը նոր փիլիսոփայություն է մշակել. եթե որեւէ ոլորտում կա բիզնես տրամաբանություն, ապա այդ ոլորտը պետք է տրամադրել ներդնողներին:

Նրա գնահատականով` եթե առողջապահությունը, տրանսպորտը, աղբահանությունն ու ավտոկայանատեղիները տրամադրվեն բիզնեսին, ապա վերոնշյալ խնդիրների լուծման համար նախատեսված գումարը քաղաքային իշխանությունները կծախսեն սոցիալական ուղղվածություն ունեցող այն հարցերի կարգավորմանը, որտեղ բիզնես տրամաբանություն չկա:

Վերջերս քաղաքապետարանը հարցաթերթիկներ է բաժանել բնակիչներին` պարզելու, թե որ խնդիրներն են առավել հուզում երեւանցիներին. քաղաքացիները հատկապես դժգոհել են մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ վիճակից եւ կանաչապատումից:

«Բնակիչների 15 %-ը դժգոհ է սանմաքրման աշխատանքներից, մինչդեռ բնակչության 40 %-ը աղբահանության համար չի վճարում: Մենք պահանջատեր ենք, որ աղբը մաքրվի, սակայն դրա համար չենք վճարում», ասաց քաղաքապետը` հավելելով, որ երեւանցին պետք է մեծ ներդրում ունենա քաղաքի զարգացման գործում եւ անտարբեր չլինի:

Լայնածավալ բարեփոխումներ է նախատեսվում իրականացնել տրանսպորտի ոլորտում: Հասարակական տրանսպորտային միջոցների աշխատանքի ժամային գրաֆիկի փոփոխությունն օրակարգային հարց է: «Աշխատանքներ կտարվեն առավոտվա պիկը հարթելու ուղղությամբ: Ժամը 8-ին` դպրոց, 8-անց կես` աշխատանքի եւ 9-ին` համալսարան»:

Անցում կկատարվի քարտերի միջոցով միասնական վճարման համակարգի: Դա ենթադրում է, որ քաղաքացին նախօրոք ձեռք կբերի քարտեր, որոնցով էլ կերթեւեկի եւ անձամբ վարորդին գումար չի վճարի: «Դա կվերացնի այն արատավոր երեւույթը, երբ հասարակական տրանսպորտի վարորդը 14-տեղանոց երթուղային տաքսիում 17 ուղեւոր է տեղավորում»:

Մոտ ապագայում քաղաքապետարանում կհրաժարվեն երթուղային տաքսիներից` նախապատվություն տալով ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներին: 60 կանգառում կտեղադրվեն տեսախցիկներ, 200 կանգառ կբարեկարգվի:

Քաղաքապետը հստակություն մտցրեց նաեւ Վերնիսաժի խնդրի կապակցությամբ: «Վերնիսաժը չի փակվելու: Գնացե՛ք ու տեսե՛ք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ունենք հստակ ձեւակերպում, թե որտեղ պետք է լինի Վերնիսաժը: Որ շաբաթ-կիրակի օրերին գնում ես Վերնիսաժ` զզվանքդ գալիս է: Ասում են` զբոսաշրջիկներ են այցելում, այսպե՞ս նրանք պետք է ծանոթանան երկրին: Արգելվում է կանաչ գոտիներում առեւտուրը, իսկ վաճառքի համար տրամադրված վայրերը պետք է լինեն բարեկարգ», ասաց քաղաքապետը` հավաստիացնելով, որ կանաչ գոտիներում շինարարությունն արգելվելու է:

Կարապետյանին մտահոգում է մայրաքաղաքում կինոթատրոնների սակավությունը: ««Նաիրի» կինոթատրոնի վերաբերյալ ոչինչ չենք կարող ձեռնարկել, որովհետեւ ուրիշի սեփականություն է, եւ քաղաքապետարանն այստեղ որեւէ դեր ու իշխանություն չունի: Ինչ վերաբերում է կինոթատրոնների խնդրին, ապա համամիտ եմ, որ Երեւանում դրանք շատ քիչ են եւ դա մտահոգիչ է: Դիմել ենք կառավարությանը, որպեսզի Կանազի կինոթատրոնը տրամադրի քաղաքապետարանին: Այնտեղ ծրագիր ենք իրականացնելու, որ սոցիալապես անապահով երեխաներն անվճար այցելեն կինոթատրոն», «Ազգ»-ի հարցին պատասխանեց քաղաքապետը:

Անդրադառնալով Ազատության հրապարակում միտինգների արգելմանը` քաղաքապետը հավաստիացրեց, որ բոլոր երկրներում կան վայրեր, որտեղ հանրահավաք չի անցկացվում:

«Չենք արգելում հանրահավաքը, այլ առաջարկում ենք անցկացնել «Ազատության» հրապարակից 500 մետր հեռավորության վրա` Մատենադարանի հարեւանությամբ: Անկողմնակալություն ենք դրսեւորում: Եթե արգելվում է, ապա արգելվում է բոլորին: Այնպես չէ, որ ՀԱԿ-ին արգելում ենք, Ժողովրդական կուսակցությանը թույլ տալիս»:

Հաշվի առնելով քաղաքապետի համարձակ ու կտրուկ քայլը` քաղաքում արգելել բացօթյա առեւտուրը, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե քաղաքապետը երբ է նախատեսում Երեւանը մաքրել մարմնավաճառներից: Քաղաքապետը խոստովանեց, որ Երեւանի փողոցներում նման երեւույթի հանդիպելը իրեն մեծ ցավ է պատճառում. եթե 10 տարի առաջ ասեին, որ նման պատկերի է ականատես լինելու` չէր հավատա:

«Կարեն Կարապետյանը համարձակ կլինի՞, թե՞ ոչ, դա իմ գործառույթը չէ, մենք մեր գործառույթն ենք իրականացնում: Դա գուցե ոստիկանության կամ մեկ այլ կառույցի խնդիրն է, սակայն դրանով քաղաքային իշխանությունները չեն կարող զբաղվել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Facebook սոցիալական ցանցում Երեւանի քաղաքապետի էջն արժանացել է 5794 Like-ի: Համացանցի միջոցով քաղաքացիները դիմում են քաղաքապետին ու ներկայացնում իրենց խնդիրները: Կարապետյանը հանձնարարել է, որ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների ղեկավարները նույնպես Facebook-ում էջ ունենան: «Շենգավիթ համայնքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը կամ հանրությանն առավել հայտնի «Կադիլակ Սերոժը» կկարողանա՞ օգտվել Facebook-ից» հարցին Կարապետյանն ասաց. եթե անձամբ չկարողանա, կօգնեն:

Թե ինչպես վարվել համայնքի այն ղեկավարների հետ, որոնց անուններն անգամ վիրավորական են բնակիչների համար, Կարապետյանն ասաց. «Ինձ էլ Գազի Կարեն են ասում: Ուզում եմ ասել, որ կարեւորը աշխատանքն է եւ այդ աշխատանքի արդյունքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4