«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2011-04-13 | #66, 2011-04-14 | #67, 2011-04-15


Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

«Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքի ապաքրեականացումից հետո մամուլը հայտնվեց ծանր վիճակում: Լրագրողին ծեծելու վատ սովորույթը փոխարինվեց մեկ այլ վատ սովորույթով. այժմ օլիգարխները, պաշտոնյաները մամուլում իրենց մասին գրված քննադատական հոդվածների համար խմբագիրներին նախ կանչում են դատարան, պահանջում մի քանի միլիոն դրամ` որպես բարոյական փոխհատուցում, եւս մի քանի միլիոն դրամ պահանջում` փաստաբանական ծախսերը հոգալու համար. արդյունքում մամուլը հայտնվում է փակման վտանգի առջեւ: Ներկա դրությամբ դատարանում են հայտնվել «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Երկիր», «Հրապարակ» օրաթերթերը:

ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանն ու Սամվել Ալեքսանյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայակական ժամանակ» օրաթերթի` պահանջելով 6 միլիոն դրամ` բարոյական վնասի փոխհատուցման համար: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ հարցերը պարզաբանելու համար դատարանում են հայտնվել «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերը: Յուրաքանչյուր թերթից նախկին նախագահը պահանջում է 6 միլիոն դրամ: «Երկիր» օրաթերթն էլ դատարանում է հայտնվել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին հոդված գրելու համար: Եթե «Հրապարակ» օրաթերթը պետք է դատարանում ապացուցի, որ «արյունռուշտ»-ը վիրավորանք չէ, ապա «Երկիրը» պետք է ապացուցի, որ «ստիլյագը» վիրավորանք չէ:

Փաստաբանների պալատում երեկվա քննարկումը նվիրված էր ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցապահանջների քննության առաձնահատկություններին:

«Փաստաբանին վճարված ամբողջ գումարը չպետք է լիովին պահանջվի փոխհատուցվողի կողմից, քանի որ դա կարող է լինել դիրքի չարաշահում»: Սա Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի տեսակետն է: Փաստաբանների պալատի խորհուրդը մշակել է շեմ, որով պետք է իջեցվի զրպարտանքի եւ վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման առավելագույն շեմը: Համաձայն նախագծի` վիրավորանքի կամ զրպարտության համար անձի պահանջի առավելագույն շեմը պետք է 1 միլիոնից իջեցվի 300.000 դրամի, իսկ գործարար համբավի պաշտպանության համար` 2 միլիոնից դառնա ոչ ավելի, քան 500.000 դրամ:

Փաստաբանի մեկնաբանությամբ` օրենքում առաջնայինը հերքման կամ ներողության տպագրումն է, այլ ոչ թե գումարի պահանջը: «Պատվի եւ արժանապատվության համար գույքային պահանջն ածանցյալ պահանջ է»: Զոհրաբյանը հավելում է, որ խորհրդի որոշումը չի կարող պարտադիր դառնալ դատավորների համար:

«Մեր առաջարկն է` դատարանների խորհրդին ներկայացնել որոշումը, որ իրենք էլ օգտվեն մեր որոշումներից` օրենսդրական փոփոխություններ նախատեսելու հետ կապվածը հիմնավորելու համար»: Փաստաբանը համոզված է, որ ազատ խոսքի տիրույթը պետք է զարգանա, այլ ոչ թե դատական «միջոցներով» վախեցնեն զանգվածային լրատվամիջոցներին»:

Թե ինչ անկալիքներ ունի Արա Զոհրաբյանը դատական համակարգից` հաշվի առնելով դատավորների կամայական լինելը, Փաստաբանների պալատի փոխնախագահը լավատես է: Նրա գնահատմամբ` դատական համակարգը դեռեւս շատ անելիքներ ունի, որպեսզի հասնի անկախության. այդ պարագայում ամենակարեւորը կադրային քաղաքականությունն է:

«Մեր համակարգերը արժանի են միմյանց. մեր լրատվամիջոցներն արժանի են մեր իշխանությանը, մեր իշխանությունն արժանի է իր ժողովրդին, մեր փաստաբաններն արժանի են մեր դատախազներին»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի մեկնաբանությամբ` մինչ օրենքի ապաքրեականացումը` զրպարտության եւ վիրավորանքի համար առավելագույնը 800.000 դրամի չափով տուգանք էր հասնում, ինչը համարվում էր անհամեմատ խիստ պատիժ, իսկ նոր օրենքով գումարի չափ է սահմանվել մինչեւ 3 միլիոն դրամ: «Ներկայացվում էր մի հիմնավորում, բայց արվեց հակառակը` ավելի խստացվեց: Ընդ որում, հանվեց տեղեկության ակնհայտ սուտ լինելու եզրը, որը նախկին օրենքում գրված էր եւ լուրջ երաշխիք էր հանդիսանում»:

Փաստաբանը հավելում է, որ եթե նախկին օրենքով զրպարտություն էր համարվում ակնհայտ սուտ տեղեկությունը, ապա նոր օրենքով, այն ինչ չես կարողանում ապացուցել, ինչը ակնհայտ սուտ կարող է չլինել, կրկին համարվում է զրպարտություն: Մեժլումյանին առավել զայրացնում է, որ զրպարտության մասով պատասխանատվությունն ամբողջությամբ լրատվամիջոցի վրա է ընկնում:

«Ըստ օրենքի տրամաբանության` տեղեկատվության աղբյուրը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ ինֆորմացիան ինքն է տվել»:

Քննարկմանը ներկա «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ հավելեց, որ «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքը շատ վատն է ու թերի:

«Օրենքն այնքան վատն է, որ մենք ստիպված ենք այն սրբագրել, բարոյական վնասի ինստիտուտի ներդնումն էլ մեկ նպատակն ունի, լրատվամիջոցի բերանը փակել: Անհրաժեշտ է օրենքում փոփոխություններ կատարել, որը պետք է նախաձեռնի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը»: Մի քանի օր առաջ «Հրապարակ» օրաթերթը հայցով դիմել է դատարան` պահանջելով, որ գույքի եւ հաշիվների վերաբերյալ արգելանքը հանվի: Դատարանը հայցը բավարարել է մասամբ. թերթի բանկային հաշիվների վրայից արգելանքը հանվել է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4