«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2011-04-14 | #67, 2011-04-15 | #68, 2011-04-16


3 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ 31.700 ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Նրանցից յուրաքանչյուրը ծախսել է 1600 ԱՄՆ դոլար

Հայաստանը ոչ միայն հետաքրքրական ու գրավիչ երկիր է, այլեւ համարյա Եվրոպա բազմաթիվ իրանցիների համար, ովքեր նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում:

Գիշերային ակումբներ, ուտեստներ, սրբավայրեր. սրանք այն գլխավոր չափորոշիչներ են, որոնց համար իրանցիները նախընտրում են տարվա գլխավոր տոնը` Նովրուզը անցկացնել Հայաստանում: Տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել Իրանի ավելի քան 31.700 քաղաքացի, որոնցից 25.000-ը Նովրուզի օրերին: Նախորդ տարվա համեմատությամբ իրանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է. 2010-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 28.000. ողջ տարվա կտրվածքով` 120.000 իրանցի զբոսաշրջիկ:

Նովրուզի տոնակատարության օրերին էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը հարցում է անցկացրել իրանցիների շրջանում: Հարցմանը մասնակցած 100 իրանցուց 72-ը ցանկություն են հայտնել կրկին այցելել Հայաստան: Միջին հաշվարկներով մեկ իրանցի զբոսաշրջիկը Հայաստանում ծախսել է 1600 ԱՄՆ դոլար:

10 նիշանոց սանդղակով իրանցիները միջին են գնահատել Հայաստանում զբոսաշրջության որակը: Երկրի գրավչությունը, ծառայությունները, գների մատչելիությունը, ժամանցի վայրերի բազմազանությունը իրանցիները գնահատել են 6 միավոր, իսկ փողոցների մաքրությունը, տրանսպորտը, սնունդն ու տեղաբնակների հյուրընկալությունը` 7 միավոր:

«Ցուցանիշները միջինից բարձր են, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հրաշալի է եւ անելիքներ չկան: Իհարկե կան խնդիրներ եւ մենք դեռ շատ հարցեր ունենք լուծելու, որպեսզի այցելուները հեռանան ոչ միայն բավարարված, այլեւ ակնկալիքները գերազանցած». «Նովոստիում» ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը : Իրանցիները դժգոհել են հուշարձանների վահանակների վրա միայն անգլերեն գրություններից, բնակիչների վատ անգլերենից, հյուրանոցների սակավությունից:

«Եղեք հյուրընկալ եւ հյուրասեր», խորհուրդ է տալիս Ապրեսյանըՙ հավելելով, որ քաղաքացիների բարեհամբույր պահվածքը զբոսաշրջության զարգացման լավագույն գնահատականներից է:

Նրա խոսքերով Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից:

«Սակայն այս տարի այդ առումով էլ հաճելի անակնկալներ գրանցվեցին: Աշխարհագրությունը ընդլայնվեց, որովհետեւ Հայաստան այցելեցին նաեւ Լատինաամերիկյան երկրներից»:

Ապրեսյանը հավելում է, որ Հայաստանում կազմակերպվում են ոչ միայն ավանդական, դասական հանգստի տեսակներ, այլեւ զբոսաշրջիկներին առաջարկվում է գյուղական, առողջապահական, ձմեռային, էկո հանգստի տեսակներ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4