«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2011-04-14 | #67, 2011-04-15 | #68, 2011-04-16


ՈՐԱԿԻ ԱՍՏԻՃԱՆ ԲԱՐԵՐԻՆ, ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՆ, ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ մայրաքաղաքում գործող բարերը, սրճարանները, ռեստորաններն ու առեւտրի կենտրոնները որակի աստիճան կստանան:

Առեւտրի կենտրոններին որակի աստիճաններ շնորհելու համար հաշվի կառնվեն շենք-շինություն-տարածքի, ապրանքների տեսականին, սպասարկումը, անձնակազմը, կահավորումն ու ձեւավորումը, տեխնիկական հագեցվածությունը, լրացուցիչ ծառայությունները: Բարերի, սրճարանների, ռեստորանների դեպքում որակի աստիճան շնորհելիս հաշվի կառնվեն նաեւ սպասքը, ուտեստների տեսականին: Որակի աստիճանները երկուսն են` «Որակի առաջին աստիճան» եւ «Որակի բարձրագույն աստիճան»: Վերոնշյալ աստիճանները կշնորհվեն երկու տարի ժամկետով: Որակի բալերը կշնորհի քաղաքապետարանը: Առեւտրի կենտրոններին որակի բարձրագույն աստիճան շնորհելու համար անհրաժեշտ է հավաքել 86-90 բալ, իսկ որակի առաջին աստիճանի համար` 81-85 բալ:

Հանրային սննդի պատրաստման եւ իրացման կազմակերպությունների դեպքում որակի առաջին աստիճանի համար անհրաժեշտ է հավաքել 105-109 բալ, որակի բարձրագույն աստիճանի համար` 110-114 բալ: Սրճարանների համար որակի առաջին աստիճանը հնարավոր է ստանալ 108-112 բալ հավաքելու դեպքում. բարձրագուն աստիճանի համար թիվը կտատանվի 113-117 սահմանում: Ռեստորանների պարագայում որակի առաջին աստիճանի համար գնահատումը կսկսվի 117-121 բալից, իսկ բարձրագույն աստիճանի համար` 122-126 բալ:

Այժմ վերոնշյալ որոշումը ներկայացվել է արդարադատության նախարարություն` պետական գրանցում ստանալու համար: Դիմումի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում կազմակերպությանը կտրվի որակավորման համապատասխան աստիճան կամ հիմնավորված մերժման դիմում: Որակի աստիճան ստանալիս կազմակերպությունները որեւէ տեսակի վճարում չեն կատարում: Որակի աստիճան ստանալու համար առեւտրի կենտրոնների, հանրային սննդի կազմակերպությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն Երեւանի քաղաքապետին:

  «Ազգ» -ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի մեկնաբանությամբՙ բարերին, սրճարաններին, ռեստորաններին եւ առեւտրի կենտրոններին որակի աստիճան շնորհելը կօգնի սպառողներին եւ զբսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել: Հյուրանոցների օրինակով, վերոնշյալ կառույցներին որակի աստիճանի շնորհումը կամավորության սկզբունքով է ընթանալու: Ապրեսյանը համոզված է, որ որակի աստիճանները սպառողներին եւ զբոսաշրջիկներին ոչ միայն օգնում են ճիշտ կողմնորոշվել, այլեւ նպաստում կառույցի որակի բարձրացմանը: Նա օրինակ է բերում հյուրանոցներին որակի աստիճանների շնորհումը, որը նպաստել է ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը: «Նման նախաձեռնությունը կօգնի, որ սպառողները ճիշտ ընտրություն կատարեն»:

Ապրեսյանը հավելում է, որ նման նախաձեռնության արդյունքում գնային սահմանումները կհստակեցվեն: «Եթե ասենքՙ բարձր որակի աստիճան ունեցող ռեստորանում սահմանված են որոշակի գներ, ապա որակի աստիճան չունեցող ռեստորանը չի կարող նույն գնով ծառայություններ մատուցել: Դա կօգնի ճիշտ գներ սահմանելու»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4