«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2011-04-23 | #74, 2011-04-27 | #75, 2011-04-28


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ

Հրազդանի կենդանաբանական այգին քաղաքի ծայրամասում է:

2000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այգին գործում է 1993-ից. այգում պահվում է 20 տեսակի շուրջ 40 կենդանի` գայլեր, առյուծ, սողուններ, ծովախոզուկ, կովկասյան գորշ արջ, որը գրանցված է կարմիր գրքումՙ որպես անհետացող կենդանի:

Որ այս կենդանաբանական այգին որեւէ կերպ չի համապատասխանում կենդանաբանական այգիների համար ընդունված չափորոշիչներին, փաստում է հենց տնօրենը` Արմենակ Ավետիսյանը : «Հենարան» մամուլի ակումբում նա պատմում էր, որ սուպերմարկետներից ժամկետանց կերակուր է գնում, «ռեստորաններում կամ թաղման տեղերում մնացած ուտելիքն եմ բերում: Պատահում է, որ քաղաքում մարդիկ խաշ են պատրաստում, ես գնում եմ, էդ մաքրածը բերում, որ կենդանիներն ուտեն»:

Թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետարանը 1993թ. թույլատրել է այգու գործունեությունը` հայտնի չէ: Մինչ նման գործունեություն ծավալելու իրավունք տալը անհրաժեշտ էր կենդանաբանական այգիներում ստուգում կատարել. վանդակների չափը համապատասխանո՞ւմ է ընդունված չափորոշիչներին, կենդանիները բուժզննում անցնո՞ւմ են, ապահովվո՞ւմ է կենդանիների սնունդը: Միայն այս հարցերի պատասխանը ստանալուց հետո քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը պետք է փաստաթուղթ ստորագրեր:

Ամենայն հավանականությամբ քաղաքապետարանը տարածքը տրամադրելուց կա՛մ չի իմացել այս չափորոշիչների մասին, կամ էլ մտածել է` եթե Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, ապա ինչո՞ւ չպետք է խախտվեն կենդանիներինը:

Հրազդանի կենդանաբանական այգու տնօրենը փաստում է` կենդանիները բժշկական որեւէ զննում չեն անցնում: Տարեկան մեկ անգամ նրանց պատվաստում է Ավետիսյանը: Բժշկական համապատասխան կրթություն չունի, բայց, իր խոսքերով, ունի մեծ փորձ:

Այս ձմեռ Հրազդանի կենդանաբանական այգում սատկել է 10 ծովախոզուկ: Վտանգված է առյուծի, արջի, գայլերի, սողունների, կրիաների ու շների գոյությունը: Տարիներ շարունակ կենդանաբանական այգու ֆինանսական հարցերը լուծել է այգու կապիկը` Մադամը: Կապիկին Ավետիսյանը խաղացնում էր, երգացնում, պարացնում ու նկարում` ստացված գումարով հոգում այգու կարիքները:

Մադամը սատկեց, ու կենդանիները հայտնվեցին սովամահության եզրին: Ավետիսյանն ասում է, որ կենդանիներին պահելն իր հոբբին է, ու հավելում է` իրեն օրական 40.000 դրամ է անհրաժեշտ` կենդանիների կարիքները հոգալու համար:

Անցյալ տարվա նոյեմբերին այգու առյուծը հարձակվել էր աշխատողներից մեկի վրա: Թեպետ լուրեր էին տարածվել, որ սովածությունից գործել է կենդանական բնազդը, սակայն տնօրենն ասում է, որ այգու աշխատողը սխալ է վարվել ու փորձել կենդանու ռեակցիան: «Ոտքով անընդհատ հարվածել է ճաղերին. դրա համար էլ կենդանին կատաղել է»:

Վերոնշյալ օրինակն էլ փաստում է, որ նմանատիպ այգիներում կենդանիների գոյությունը վտանգված է:

Սա հանրապետությունում գործող միակ «ինքնուս» կենդանաբանական այգին չէ, որ սարսափելի վիճակում է: Ահավոր է վիճակը նաեւ Արմավիրի կենդանաբանական այգում: Որեւէ մոնիտորինգ չի կատարվել` պարզելու, թե հանրապետությունում քանի նման կենդանաբանական այգի է գործում:

«Նորմալ» երկրներում վաղուց կարգելվեր նման այգիների գործունեությունն, ու այգու տնօրեններն ու քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները տուգանքի կենթարկվեին: Հայաստանում այդ ուղղությամբ առայժմ ոչինչ չի ձեռնարկվում:

Օրենսդրությամբ ինքնուս գործունեության ծավալումն ու կենդանիների շահագործումն անօրինական ձեւով դատապարտվում է:

«Կան շատ լավ օրենքներ, որոնք ուղղակի չեն կատարվում: Չմտածեք, որ մենք օրենք չունենք, դրա համար էլ իրավիճակն այսպիսին է: Կան կենդանիների վաճառքի մասին օրենք, կարմիրգրքային կենդանիների պաշտպանության մասին օրենքներ, սակայն դրանք չեն կիրառվում: Խնդիրը պետք է այստեղ փնտրել: Խոսրովի արգելոցում մարդկանց թույլ են տալիս, որ գնան որս անեն, գիտեն, որ այս կամ այն օլիգարխը վայրի կենդանիներ է պահում, բայց ոչինչ չեն ձեռնարկում», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը :

«Գործում են կենդանական աշխարհի, բնապահպանական վերահսկողության, բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին մատուցած վնասների սակագների մասին օրենքներ: Վայրի կենդանիներին անազատության մեջ պահելն էլ առանց համապատասխան թույլտվության արգելվում է», օրենքներն է թվում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ Արթուր Բեգլարյանը ` հավելելով, որ կենդանական աշխարհի մասին օրենքով վայրի գիշատիչ կենդանիները պետք է հաշվառվեն: Հաշվառման կարգը հաստատում է կառավարությունը, սակայն կարգ դեռեւս չի սահմանվել:

Բնապահպանական տեսչությունը գործառույթներ չունի Հրազդանում կամ Արմավիրում ինքնուս կենդանաբանական այգիների գործունեությանն ազդելու համար: «Մեր վարույթի տակ չէ: Այդ հարցերը կարգավորում են մարզպետարանները»:

Վերջերս նախարարության աշխատակիցները կարմիր գրքում գրանցված գառնանգղ տեսակի թռչուն են հայտնաբերել Տավուշի մարզում: Թռչունն առգրավված է ու գտնվում է կենդանաբանական այգում:

«Եթե թռչունի վիճակը լավանա, բաց կթողնենք, եթե ոչ` վարչական կամ գուցե նաեւ քրեական պատասխանատվության կենթարկվի գառնագղ որսացողը»: Բնությանը պատճառած վնասը տեսչությունը գնահատել է 250.000 դրամ:

Բեգլարյանը հավաստիացնում է, որ տեսչությունը ուշադիր հետեւում է ու արգելում, որ վայրի կենդանիները պահվեն անազատության մեջ: Այս պարագայում հարց է առաջանում, մի՞թե նախարարության աշխատակիցները տեղյակ չեն, որ բազմաթիվ պատգամավորներ, օլիգարխներ իրենց դղյակներում սեփական կենդանաբանական այգիներ են կառուցել ու պահում են հազվագյուտ վայրի կենդանիներ:

Այդ նույն օլիգարխներն իրենց կառուցած ռեստորաններում կամ հյուրանոցներում, փոքր վանդակներում վայրի կենդանիներ ու մասնավորապես արջ են պահում: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ ունի երկու տասնյակ առյուծներ ու վագրեր: Ծառուկյանի առյուծների մասին բազմաթիվ տեսագրություններ կան youtube.com կայքում:

«Մենք Տավուշի մարզի բնակչի նկատմամբ վարչական վարույթ կիրառել ենք, որովհետեւ նա հենց բնությունից է վերցրել ու պահել, իսկ եթե Ծառուկյանը կամ մնացած պատգամավորները օրինական ճանապարհով են ձեռք բերել ու մյուս կենդանաբանական այգիներից` վերարտադրության պատճառով, ապա նրանց հանդեպ պատժամիջոցներ չենք կարող ձեռնարկել»:

«Ճշտե՞լ եք` այդ վայրի կենդանիներն օլիգարխներն ի՞նչ ճանապարհով են ձեռք բերել» հարցին նախարարության աշխատակիցը պատասխանեց լռությամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4