«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2011-04-29 | #77, 2011-04-30 | #78, 2011-05-03


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ

«Բրիտանական խորհրդի» նախաձեռնությամբ եւ Եվրոմիության ֆինանսավորմամբ «Նորաձեւության ճանապարհ` երկխոսության սահմանների խաչմերուկում» ծրագրի երկամյա նախաձեռնությունը կմեկնարկի մայիսի 4-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում` միջազգային սեմինարով եւ վարպետության դասընթացի անցկացմամբ:

Մայիսի 4-ին եւ 5-ին ծրագրին մասնակից նկարիչ-մոդելավորողները` Արամ Նիկոլյան, Քրիստինե Ավետիսյան, Անի Իսկանդարյան, Լուսինե Կոստանյան, Գայանե Սողոմանյան, Ջիանինե Պոլագոն, Պավել Իվանչիչ, Իդա Գրո Քրիստիանսեն, Անդրա Քլիցան, կմասնակցեն վարպետության դասընթացների: Նրանց համար կկազմակերպվի շրջագայություն Հայաստանի մշակութային վայրերում` նպատակ հետապնդելով եվրոպացի դիզայներներին ծանոթացնել հայկական մշակույթին, ճարտարապետությանն ու արվեստին:

Երկու տարվա ընթացքում նկարիչ-մոդելավորողները կուսումնասիրեն Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի եւ Չեխիայի ազգային տարազների պատմությունը, երկրների պատմությունն ու մշակութային ժառանգությունը, որը նոր գաղափարների ու ոգեշնչման հիմք կծառայի:

Կձեւավորվի աշխատանքային 5 զույգ` մեկ հայ եւ մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգի առաջադրանքն է ծրագրի ավարտին ներկայացնել 4 մասից բաղկացած հավաքածու, որը պետք է արտացոլի փոխայցելությունների ընթացքում տեսած- ստացած տպավորությունները, երկիրների մշակութային ժառանգությունն ու ավանդույթները:

Մշակութային համատեքստում դիտարկելով տարազը` նկարիչ-մոդելավորողները հավաքածուներում ժամանակակից մոտեցումներով ու լուծումներով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը:

Ծրագրի ավարտին հավաքածուն կցուցադրվի Երեւանում եւ Հայաստանի 4 մարզերում, այնուհետեւՙ մասնակից եվրոպական երկրներում:

Հավաքածուի ստեղծման նպատակն է ներկայացնել Հայաստանում Եվրոպայի, իսկ Եվրոպայում` հայկական մշակութային արժեքները, ինքնության պատմությունն ու մշակութային հսկայական ժառանգությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4