«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


«ՄԻ՛ ՄԻՋԱՄՏԵՔ ՄԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ ԾԱԳԱԾ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»

Պահանջում են Վաղարշապատի թիվ 2 դպրոցի ուսուցիչները

Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի ուսուցչական անձանակազմը խմբագրություն ուղարկած բաց նամակում պահանջում է լրատվամիջոցներից` չմիջամտել դպրոցում ծագած ներքին խնդիրներին: «Ստեղծված իրավիճակը ոչ միայն չի նպաստում դպրոցում առաջացած խնդիրների լուծմանը, այլեւ ստեղծում է բարոյահոգեբանական լարված մթնոլորտ, որը խաթարում է մեր բնականոն աշխատանքը», ասված է հայտարարության մեջ: Ուսուցիչները խոստովանում են, որ հույս ունեին, թե քննությունը կավարտվի ի շահ դպրոցի , քանի որ «ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել... սակայն մեզ համար տարօրինակ որոշում էր կրկնակի տույժը, որին ենթարկվեց մեր տնօրենը` նախկին անհիմն խիստ նկատողությունից հետո: Դրան համաձայն չեն դպրոցի մանկավարժական անձնակազմը, աշակերտությունն ու ծնողները, որոնց կարծիքը քննություն անցկացնող պաշտոնյաներն արհամարհեցին»:

Հայտարարության մեջ ուսուցիչները գրում են, որ դպրոցի «առայժմ ազատված» տնօրեն Սուսաննա Նազարյանի օրոք բարձրացել է կրթության որակն ու առաջադիմությունը: Նրանց ներկայացրած տվյալներով` 2011 թ. մարտ-ապրիլ ամիսներին ԵՊՀ դպրոցականների հանրապետական օլիմպիադային մասնակցած դպրոցի 11 աշակերտ արժանացել է 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմների եւ գովասանագրերի:

«Յուրաքանչյուր տարի միայն պետական ուսումնական հաստատություններ է ընդունվում դպրոցի շրջանավարտների 60 տոկոսը` զբաղեցնելով նաեւ անվճար տեղեր: Նման ծայրահեղ խստությամբ կայացված որոշումը վնաս է հասցնում դպրոցի վարկանիշին եւ հեղինակությանը: Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԿԳ նախարարի հրամանը: Պահանջում ենք պատասխան տալ այն որոշման համար, թե տնօրենին հարվածող աշակերտի պարագայում ճի՞շտ է արդյոք տնօրենին անհիմն ազատելը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4