«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ԱՄԵՆ ՕՐ

Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում ուխտել է 12 արու զավակ ունենալՙ ի հիշատակ ռազմի դաշտում զոհված 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7-ն են: Մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով Հովհաննիսյանը դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Երեկ բազմազավակ ընտանիքի հորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու նոր բնակարանի բանալի հանձնեց քաղաքապետ Կարեն Կարապետյանը :

«Թող ձեր երեխաներն ապրեն խաղաղ պայմաններում եւ դառնան երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Պարտական ենք ձեզ` Արցախյան ու Հայրենական պատերազմների մասնակիցներին: Այդ պարտքը նման է ծնողի նկատմամբ ունեցած երեխայի պարտքին, որը հնարավոր չէ մարել», ասել է Կարապետյանը:

Քաղաքապետը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց կենցաղային տեխնիկա:

Անշուշտ, նման նախաձեռնությունները գովելի են եւ արժանի խրախուսանքի: Սակայն սոցիալապես անապահով ազատամարտիկին չպետք է հիշել միայն տոնից տոն` տարվա մեջ մեկ-երկու անգամ: Նրանք ու նրանց բազմանդամ ընտանիքները ամենօրյա հոգածության եւ խնամքի կարիք են զգում:

Հաշվառված մի քանի տասնյակ հազար սոցիալապես անապահով եւ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների համար առայժմ իշխանությունները չեն կարողանում բարեկեցիկ պայմաններ ստեղծել եւ միջոցներ գտնել նրանց երեխաների կյանքն ավելի լուսավոր դարձնելու:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4