«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


SOS ՍԵՎԱՆ

Թեպետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս արտահայտել է մտահոգություն Սեւանա լճի ջրահավաք ավազանում շինարարության եւ մասնավորապես Սոթքի հանքավայրի շահագործման վերաբերյալ, սակայն շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ շարունակվում է լայն թափով: Մինչդեռ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործումը խախտում է Սեւանի օրենքը, որտեղ սեւով սպիտակի վրա ամրագրված է. Սեւանին հարակից տարածքում չի կարելի հանք շահագործել, քանի որ հանքարդյունաբերության թափոնները լցվում են Սեւան:

«Բոլոր հետազոտությունները վկայում են քաղցրահամ ջրի կարեւորության մասին: Սեւանը եզակի լիճ է, որն ունի քաղցրահամ ջուր, մինչդեռ այսօր ոչինչ չի ձեռնարկվում այդ քաղցրահամ ջուրը պահպանելու ողղությամբ: 20 տարի հետո քաղցրահամ ջուրն ավելի թանկ կլինի, քան ոսկին կամ երկաթը», նշում է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը :

Օրեր առաջ բնապահպաններն այցելել են Սոթք` հանրային լսումներ կազմակերպելու: «Գեոպրոմայնիգի»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել քննարկմանը: «Եթե կորցնենք Սեւանը, կկորցնենք ողջ հանրապետությունը», հայտարարել են բնապահպանները, սակայնՙ անարդյունք: «Գեոպրոմայնինգ»-ում մտադիր չեն հրաժարվել հանքի շահագործման ծրագրից:

ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը հավաստիացնում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը սխալ ուղիով է զարգանում. գյուղատնտեսական հողերը վերածվում են հանքարդյունաբերական հողերի:

Ընդհանրապես հանքարդյունաբերությունը վնասում է ոչ միայն շրջակա միջավայրին, գյուղատնտեսական հողերը դառնում են անմշակ, իսկ ոչ ճիշտ գործունեությունից թափոնները լցվում են գետերը: Թունավորվում է հողը, այնուհետեւ նաեւ այդ հողում աճեցված գյուղմթերքը:

Նման իրավիճակ կարելի է տեսնել հանքարդյունաբերական բոլոր կենտրոններում` Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Կապանում: Հետազոտություններով պարզվել է, որ վերոնշյալ քաղաքներում աճեցված գյուղմթերքներում ծանր մետաղների պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է նորման: Թեպետ բժիշկներն առայժմ չեն հաստատում այդ վարկածը, սակայն չի բացառվում, որ այդ շրջաններում առկա բազմաթիվ հիվանդությունների, մասնավորապես քաղցկեղի առաջացման հիմքը թունավորված գյուղմթերքների օգտագործումն է:

Սեւանի պարագայում վտանգված են ոչ միայն քաղցրահամ ջուրը, Սեւանի վտակներով ոռոգվող գյուղատնտեսական հողերն ու այնտեղ աճեցվող գյուղմթերքները, այլեւ Սեւանում առկա ողջ ձկները, որոնք թունավորված ջրի պայմաններում չեն կարող բազմանալ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4