«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2011-05-10 | #84, 2011-05-11 | #85, 2011-05-12


ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ

Երբ 1996-ին Վոլոդյա Առուշանյանը հիմնադրեց «Անի տուր» տուրիստական գործակալությունը, նպատակը մեկն էր` այցելություններ կազմակերպել Արեւմտյան Հայաստան` այդ կերպ աշխարհասփյուռ հայերի սրտում եւ գիտակցության մեջ արթուն պահելու պատմական հայրենիքի գաղափարը, իսկ արտասահմանցի զբոսաշրջիկներին` այցելությունների միջոցով ծանոթացնելու հայոց պատմությանը, մշակույթին ու ճարտարապետությանը:

90-ականներին աշխատելով Շիրակի մարզպետարանում արտաքին հարաբերությունների գծով մարզպետի խորհրդական, Վոլոդյա Առուշանյանը բազմաթիվ փոխայցելություններ է կազմակեպել հարեւան Կարսի եւ Էրզրումի նահանգներ: «Ռեգիոնալ համագործակցության ծրագրի արդյունքում 1999-ին Կարսի քաղաքապետը եկավ Հայաստան, այնուհետեւ հայկական կողմը փոխայցելություն կատարեց դեպի Կարս: Ծրագիրը մեծ արձագանք գտավ. դա նման էր փոքրիկ երկխոսության: Երկու երկրները հարաբերություններ չունեին, սակայն հարեւան մարզերը համագործակցության եզրեր էին փնտրում», պատմում է Առուշանյանը:

«Անի տուրը» այն եզակի կազմակերպություններից է, որի յուրաքանչյուր այցը նվիրվում է պատմական կարեւորագույն իրադարձության կամ հոբելյանի: Այդ կերպ այցելությունը դառնում է ավելի արժեքավոր քան զուտ զբոսաշրջություն:

«Ոչ թե շրջագայություն, այլ` ուխտագնացություն», «Ոչ թե տուրիզմ, այլՙ այցելություն հայրենիք, հայրենիք, սակայն ոչ թե կորուսյալ, այլ` պատմական»: Սա Վոլոդյա Առուշանյանի բնորոշումն է:

Գործունեության 15 տարվա ընթացքում «Անի տուրի» կազմակերպած ուխտագնացությունները գերազանցում են մի քանի տասնյակը. ուխտգնացություններ` նվիրված հայոց գրերի գյուտին, Արշիլ Գորկուն, Վիլյամ Սարոյանին, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000-ամյա հոբելյանին, Խրիմյան Հայրիկին, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին եւ այլն: «Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված ուխտագնացության ժամանակ առաջին անգամ ուխտագնացություն կատարվեց դեպի Բագավան: Բագավանն այն վայրն էր, որտեղ 301 թվականին մեր նախնիներին մկրտել է Գրիգոր Լուսավորիչը: Դա խորհրդանշական էր, եւ անհնար էր քրիստոնեության 1700-ամյա հոբելյանը տոնելիս չայցելել Բագավան: 10-օրյա ուխտագնացության ժամանակ խմբի անդամները` գիտնականներ, պատմաբաններ, ճարտարապետներ Հայաստանից եւ Սփյուռքից այցելեցին Նպատ սար, Մշո առաքելոց եկեղեցի: Արածանի գետի մոտ խմբի անդամ Նյու Յորքի թեմի առաջնորդ Մեսրոպ Աշճյանը ջրօրհնեքի արարողություն կատարեց», հիշում է Վոլոդյա Առուշանյանը:

Խորհրդանշական էր նաեւ գրերի գյուտին նվիրված ուխտագնացությունը: Այն մեկնարկեց Օշականից, որտեղ թաղված է սուրբը եւ ավարտվեց Հացեկաց գյուղում` Մաշտոցի ծննդավայրում:

«2003-ին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000-ամյա հոբելյանին նվիրված ուխտագնացության ժամանակ այցելեցինք Նարեկ գյուղ, որտեղ ծնվել, ճգնել եւ ստեղծագործել է Նարեկացին»: Հենց այդ ուխտագնացությունն էլ կառավարական հանձնաժողովը ճանաչեց լավագույնը:

Այս տարվա ուխտագնացությունները, որոնք կմեկնարկեն մայիսի կեսերից, նվիրված են Անիի մայրաքաղաք հռչակման 1050 եւ սբ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյա հոբելյաններին:

6-օրյա ուխտագնացության ժամանակ մասնակիցները կայցելեն Կարս, Անի, Իգդիր, Բայազետ, Բերկրի, Վան, Աղթամար, Բիթլիս, Մուշ, Խնու, էրզրում, Սարիղամիշ: «Այս տարվանից 6-օրյա ուխտագնացության ծրագրում ընդգրկվել է նաեւ Սասունը: Ծրագրի անվանումն է «Պատմական Հայաստանի մայրաքաղաքները»: Հայաստանի 12 մայրաքաղաքներից 5-ը գտնվում են Արեւմտյան Հայաստանում` Վան, Կարս, Անի, Տիգրանակերտ եւ Բագավան, ուխտագնացության ժամանակ այցելում ենք պատմական Հայաստանի մայրաքաղաքները»:

«Անի տուր»-ի առաջարկած 15-օրյա շրջագայության ժամանակ հիմնական շեշտադրությունը դառնում է Կիլիկիան:

Վերջին շրջանում կազմակերպվում են շրջագայություններ նաեւ Դեր Զոր եւ Հալեպ:

Հուլիսից «Անի տուրը» կառաջարկի ուխտագնացություններ դեպի Պարսկաստան: Երթուղին կսկսվի Սուրբ Թադեի վանքով, այնուհետեւՙ Թավրիզ, Ուրմիա, Րաֆֆու ծննդավայր Սալմաստ, Ավարայրի դաշտ, Խոյ:

Վոլոդյա Առուշանյանը հիշում է, որ նախանցյալ տարի իտալական խոշոր հասարակական կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ այցելեցին Արեւմտյան Հայաստան: «Իտալացիները հիացած էին», հիշում է նա:

«Անի տուրի» շնորհիվ Արեւմտյան Հայաստան կոչվող հրաշքին են առնչվել նաեւ Հոնկոնգից ժամանած 60-հոգանոց խումբը:

Անցյալ տարի «Ռոսգոստրախ» կազմակերպության առաջարկով կազմակերպվեց «Արարատի գագաթի վերելք» ուխտագնացություն: 8 հոգանոց խումբը, որի կազմում էին նաեւ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարը, «Ռոսգոստրախ» կազմակերպության նախագահ Դանիել Խաչատուրովը, բարձրացան Արարատի գագաթը:

«Հաղթանակ է, երբ կարողանում ես ողջ աշխարհում ներկայացնել հայկական մշակույթն ու ճարտարապետությունը: Հաջողության գրավականը մարդկային գործոնն է: Սա ընտանեկան ուխտագնացություն է, որովհետեւ մենք գաղափարակիցներ ենք: Որովհետեւ մեր առաքելությունն է այցելել մեր նախնիների երկիրն ու մեր երեխաներին էլ դաստիարակել նույն ոգով` մոռացության չմատնել պատմությունն ու երբեք չհաշտվել «կորուսյալ հայրենիք» արտահայտության հետ», ասում է նա:

Վոլոդյա Առուշանյանը հիշում է, որ ուխտագնացությունների ժամանակ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել են պսակի եւ մկրտության արարողություններ: «Անի տուր»-ի օժանդակությամբ են նկարահանվել «Կորուսյալ հայրենիք» եւ «Դանթեական» ֆիլմերը: Այս օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի Աղթամարում կատարված նկարահանումներն իրականացվել են «Անի տուր»-ի աջակցությամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4