«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2011-05-17 | #89, 2011-05-18 | #90, 2011-05-19


ԳՐԻԲՈՅԵԴՈՎԸ, ՄԻԽԱԼԿՈՎԸ ԵՎ ԼՂ «ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

Ժամանակ առաջ ռեժիսոր Նիկիտա Միխալկովը «ՌԻԱ-նովոստի» գործակալությանն ասել էր, թե Գրիբոյեդովի մասին մտադիր է ֆիլմ նկարել, բայց «Ղարաբաղյան հարցի պատճառով հետաձգել է»: Ըստ նրա, «հայերին Ղարաբաղում բնակեցրել է Գրիբոյեդովը»: Այսինքն, «եթե այդ մասին ասվի, ապա ...»:

Թե որտեղի՞ց է Միխալկովը «վերցրել», ինչպես ռուսներն են ասում, որ «հայերին Ղարաբաղում բնակեցրել է Գրիբոյեդովը», մնում էր գուշակել: Բայց ահա Ադրբեջանի քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն Միխալկովի խոսքը հիշել է «Մոսկովսկիե նովոստի»-ին նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի առթիվ: Եվ` բոլորովին այլ ռակուրսով:

Ահմեդօղլուի քաղաքագիտական «նորարությամբ», եթե Գրիբոյեդովը «հայերին չբնակեցներ Ղարաբաղում, ապա Խորհրդային Միությունը չէր փլուզվի»: Այո, նա հենց այդպես էլ կարծում է. «Հայերը մասնակցել են ԽՍՀՄ փլուզման մեխանիզմի մշակմանն ու իրականացմանը: Այլ խոսքով, դա նախատեսված է եղել հայերի համար»:

Թե ինչո՞ւ` Ահմեդօղլուն այդ մասին, իհարկե, լռում է: Ինչպես նաեւ չի ասում, թե հայերն ինչպես են մասնակցել ԽՍՀՄ փլուզմանը: Դա, սակայն, տվյալ պահին էական չի դիտվում: Ահմեդօղլուն խնդիր է դրել «աշխատել ռուսաստանյան լսարանի վրա»: Տրամաբանություն, իհարկե, այստեղ չկա: Փոխարենը կա անսքող խարդավանք. «ինչպես ժամանակին կործանեցին ԽՍՀՄ-ը, այսօր էլ մտադրված են քայքայել Ռուսաստանը»,- սա է Ահմեդօղլուի հիմնական ասելիքը: Պատահական չէ, որ նա հայտարարում է, թե «ինչպես Գորբաչովի ժամանակ, այսօր էլ հայերը կրկին լցվել են մոսկովյան կառավարության վերին էշելոններ»: Եվ հընթացս էլ ակնարկում է, որ «ցարական Ռուսաստանը ժամանակին հայեր է բնակեցրել Ղրիմում, Ռոստովում»:

Ունի՞ Ռուսաստանն Ահմեդօղլուի «հուշարարության» կարիքը: Դա բոլորովին այլ խնդիր է: Ամեն դեպքում պատահական չպիտի համարել, որ մի պետության, որի անկախության մասին սահմանադրական օրենքում սեւով սպիտակին գրված է, որ «Ռուսաստանը մեկ դարի ընթացքում` 1813 եւ 1920թթ. երկու անգամ օկուպացրել է Ադրբեջանը», պաշտոնական շրջանակների տեսակետն արտահայտող քաղաքագետը հանկարծ ներկայանում է որպես ե՛ւ Ռուսական կայսրության, ե՛ւ բոլշեւիկյան Ռուսաստանի, ե՛ւ ԽՍՀՄ «ջերմ պաշտպան»:

Զարմանալի երկիր է Ադրբեջանը. եթե խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, այնտեղ պատրաստ են անգամ «դավանափոխ լինել», միայն թե հասնեն իրենց համար ցանկալի մի հանգրվանի: Ահմեդօղլուի «նվիրվածությունն» առ «հայերի կողմից կործանված Խորհրդային Միություն» այդ «դավանափոխության» դրսեւորումներից մեկն է:

Ինչ վերաբերում է նրան, թե Նիկիտա Միխալկովը երբ կնկարահանի Գրիբոյեդովին նվիրված ֆիլմը, դա նրա խնդիրն է: Եվ` ֆինանսավորողների, որոնց շարքում, հնարավոր է, կլինեն նաեւ Ռուսաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո հարստացած «հայրենասեր ադրբեջանցիներ»:

Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Նույնիսկ եթե այդ ֆիլմը նկարահանվի այն «հենքի» վրա, որ ադրբեջանական «պատմագիտությունը» կմատուցի: Պատճառը պարզ է. պատմությունը որեւէ մեկի քմահաճույքին չի տրվում: Եթե նա անգամ Նիկիտա Միխալկովն է: Քանի որ պատմությունը նույնքան իրական է, որքան` Գրիբոյեդովի մասին ֆիլմ նկարելու Միխալկովի բուռն ցանկությունը: Այնքան է իրական, որ անգամ «Ղարաբաղի Մեհտի-ղուլի խանի վեզիր» Միրզա Ջամալ Ջեւանշիրը, որն, ի դեպ, «Ղարաբաղի պատմություն» գիրքը գրել է ֆարսերեն, բայց որին ադրբեջանցիները համարում են իրենց «պատմահայրերից» մեկը, իր աշխատության մեջ շատ աներկբայորեն փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի իրական տերեր եղել են Խամսայի հայ մելիքները: Եվ նրանց դեմ է կռվել Փանահ-ալի ավազակը` մինչեւ որ վերջապես Վարանդայի ավատատեր Շահնազար 2-րդից ստացել է Շուշիի ամրոցը:

Նույնն են վկայում «ադրբեջանական» առաջին մյուս հեղինակները: Իսկ նրանց աշխատությունները ֆարսերենից թարգմանվել եւ տպագրվել են ոչ թե Երեւանում, այլ` Բաքվում: Տպագրվել են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից: Ընդ որում` Մուբարիզ Ահմեդօղլուի համար այսօր երանելի թվացող խորհրդային տարիներին:

Եվ Ահմեդօղլուն պիտի ասիՙ Միրզա Ջամալ Ջեւանշիրն էլ «հա՞յ է եղել, կեղծե՞լ է պատմությունը»: Ի դեպ, նույն Ջեւանշիրը նույն գրքում պարզեիպարզ գրում է, որ «Փանահ-ալիի տոհմը եկել է Թուրքեստանից»: Իսկ թե որտեղ է Թուրքեստանը, կարծում ենք, Ահմեդօղլուն պետք է իմանա: Համենայն դեպս, դա այն տարածքը չէ, որ Ադրբեջան է կոչվում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4