«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2011-06-17 | #112, 2011-06-18 | #113, 2011-06-21


ԲՈՍՏՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԵԼԵՆԱ ԲՈՆՆԵՐԸ

Բոստոնում մահացել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրինՙ հասարակական գործիչ, իրավապաշտպան Ելենա Բոնները: Նա 88 տարեկան էր: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ելենա Գեորգիեւնա Բոնները ծնվել էր Թուրքմենստանի ԽՍՀ-ում: Հորը գնդակահարել էին 1938-ին, մորը դատապարտել էին 8 տարվա տաժանակրության: Երկուսին էլ արդարացրել էին 1954-ին: 1940-ին Ելենան ընդունվել էր Լենինգրադի Գերցենյան ինստիտուտ: Պատերազմի տարիներին բանակում սանիտար էր, ծանր վիրավորվել էր: Պատերազմից հետո սովորել էր բժշկական ինստիտուտում: 1960-ականներին սկսել էր շփվել իրավապաշտպանների հետ: 1970-ին մի դատավարության ժամանակ ծանոթացել էր Անդրեյ Սախարովի հետ: 1972-ին նրանք ամուսնացել էին (Սախարովը նրա երկրորդ ամուսինն էր): Նույն թվականին Բոնները քաղաքական համոզմունքներից ելնելով լքել էր ԽՄԿԿ-ն: 1970-ականներին ստեղծել էր քաղբանտարկյալների զավակների օգնության հիմնադրամ, ստորագրել Մոսկվայի Հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթուղթը:

1975-ին Օսլոյում ամուսնու ներկայացուցիչն էր Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ: 1980-ին Սախարովի հետ աքսորվել էր Գորկի: 1989-ին Սախարովի մահից հետո գլխավորում էր նրա անվան հիմնադրամը: Վերջին տարիներին ապրում էր ԱՄՆ-ում:

Ելենա Բոնների կամքի համաձայն, նրա աճյունասափորը կթաղվի Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանըՙ ամուսնու, մոր եւ եղբոր կողքին:

Պ.Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4