«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆՉԵՑ ՆՄԱՆ ՀԱՐՑ ԵԽԽՎ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ` ԹՈՂՆՈՒՄ ԵՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՂՃԻՆ»

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթն ու հայտարարությունը` Հայաստանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանն ավելի պատրաստ է պատերազմի, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը գնահատում է դիվանագիտական ելույթ, որն առավելապես ուղղված էր միջազգային լսարանին: Կարապետյանի գնահատմամբ` Հայաստանը հոգեբանական հսկայական առավելություն ունի: Բացի կազմակերպված զինված ուժեր ունենալուց եւ մասնավորապես ՀԱՊԿ-ում սեփական դիրքերն ուժեղացնելուց, Հայաստանն ունի եւս մեկ խաղաքարտ: «Զինված ուժերում ծառայում են 1990-ականներին ծնված երիտասարդները, ովքեր գիտեն, թե որտեղ է Արցախը եւ ինչ արժեք ունի հայության համար: Մինչդեռ ադրբեջանական բանակում ծառայողները չգիտեն Արցախի տեղը: Եթե պատերազմ սկսվի, նրանք գործելու են նվաճողական տեսանկյունից` հանուն ուրիշի հայրենիքի եւ հողի»:

Կազանյան հանդիպմանն ընդառաջ Կարապետյանը նշում է, որ իրենց կուսակցությունը որեւէ ակնկալիք եւ սպասում չունի: Դաշնակցական պատգամավորը շեշտում է, որ բանակցային գործընթացում պետք է ներկայացված լինի ԼՂՀ-ն: Հայաստանը չպետք է որոշումներ կայացնի ԼՂՀ-ի փոխարեն, որովհետեւ միայն անվտանգության երաշխավոր է:

Կարապետյանն ասում է, որ հիմա տարածքների զիջման մասին խոսելը միամտություն է: Նրա մեկնաբանությամբ` փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանն օգտագործում է ամեն մի հնարավորությունՙ ռազմատենչ հայտարարություն անելու համար: «Եթե տարածքները հանձնվեն, ապա ռազմական վտանգն ավելի է մեծանալու: Հիմա խոսել զիջումների մասին ոչ միայն սխալ է, այլեւ կարող է ճակատագրական դառնալ», ասաց Կարապետյանը` հիշեցենելով, որ ԼՂՀ սահմանադրությամբ ազատագրված տարածքները նույնպես ԼՂՀ-ի մաս են կազմում:

Մեկնաբանելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցը` ուղղված նախագահ Սարգսյանին, դաշնակցական պատգամավորն ասաց.

«Երեւույթը, որ տիկին Փոստանջյանը ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամ է, ինքնին խոսուն է: Այսինքն` այնպես չէ, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, բայց ավտորիտար երկրի ընդդիմության ներկայացուցիչը չի կարող միջազգային կառույցում պատվիրակության անդամ լինել ու այն էլ այդպիսի հարց տալ հանրապետության նախագահին»: Պատգամավորի ներկայացմամբ` Փոստանջյանն այդ պահին հակասեց ինքն իրեն: «Դաշնակցությունն էլ ժամանակին ճնշվել է, հետապնդումների ենթարկվել, սակայն երբեք դրսից տղա չի բերել, օտարին չենք բողոքել մեր ներսի իշխանություններից, քանի որ սա անընդունելի է մեզ համար: Թե ինչո՞ւ հնչեց նման հարց ԵԽԽՎ-ի ամբիոնից` ուղղված նախագահին, թողնում եմ «Ժառանգություն» կուսակցության քննարկմանը, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր ընկերների խղճին»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4