«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2011-06-28 | #119, 2011-06-29 | #120, 2011-06-30


ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԿՈԾԿԵԼ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ»

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքովՙ Սերժ Սարգսյանն արդար ու օրինական ճանապարհով չի զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը: Իսկ եթե Եվրոպայում փորձում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատ պետություն է, ապա Փոստանջյանն այդ կարծիքին համամիտ լինել չի կարող:

Հենց դա էր պատճառը, որ պատգամավորը, առիթը բաց չթողնելով, ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ հարց է ուղղել նախագահին: Հայաստանը ներկայացնելով որպես ավտորիտար պետություն` Փոստանջյանը նախագահին հարց էր ուղղել, թե չի՞ պատրաստվում երկրում բարեփոխումներ կատարել` հեռանալով պաշտոնից: Ի պատասխանՙ նախագահն ասել էր, որ հարգում է պատգամավորի կարծիքը, բայց չի կարող համաձայնել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի ելույթը արժանացավ քննադատության եւ բուռն արձագանքների: Մասնավորապեսՙ դաշնակցական գործիչ Հրայր Կարապետյանն ասել էր, որ ժամանակին իրենք էլ են լուրջ խնդիրներ ունեցել իշխանությունների հետ, սակայն երբեք դրսից տղա չեն բերել ներքաղաքական հարցեր լուծել համար:

Հրայր Կարապետյանը ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հնչեցրած հարցը թողել էր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» խղճին: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայացք» ակումբում ասաց, որ իր գործողություններում անբարոյականություն կամ հակապետական որեւէ քայլ չի տեսնում:

«Անբարոյականությունը հենց այն է, որ մենք փորձում ենք կոծկել տեղի ունեցած կեղծիքները»:

«Մենք օտարերկրյա ուժերին չենք դիմում. մենք մի տեղ ենք անդամակցում, որտեղ լիարժեք անդամ ենք: Մեր իրավունքն է այնտեղից ակնկալել պաշտպանություն»: Սա էլ Փոստանջյանի պատասխանն էր Հրայր Կարապետյանին:

«Ժառանգության» պատգամավորին ցավ են պատճառում խոսակցությունները, թե նախագահին ուղղված իր հարցը պայմանավորվածության արդյունք էր:

«Շատ լավ գիտեք, որ եղբայրս բանտում էր, գիտեքՙ ինչ հետապնդումների եմ ենթարկվել: Խնդրանքներ են եղել, որ իմ հարցը հանվի», ասաց պատգամավորը, սակայն չմանրամասնեց` ո՞վ եւ ի՞նչ պատճառաբանությամբ է խնդրել, որ հարցը հանվի օրակարգից:

Թե ինչու նախագահին հարց չուղղեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ Արմեն Ռուստամյանըՙ Փոստանջյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ է, իմ հարց ուղղելուց Հայաստանը դարձավ ավելի ժողովրդավա՞ր»:

Ավելին, Փոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի եւ Չավուշօղլուի պայմանավորվածությամբ է, որ ադրբեջանցի պատվիրակները հարց չեն ուղղել ՀՀ նախագահին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4