«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2011-06-30 | #121, 2011-07-01 | #122, 2011-07-02


ՓՐԿԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ... ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«1970. Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը արժանացավ պետական մրցանակի, ավելի ուշ վերոնշյալ տարածքն իր շինություններով ընդգրկվեց հուշարձանների պահպանության ցանկում: Այն համարվում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն ու ամբողջովին կառուցված է թամանյանական գաղափարներով եւ ոճով», լուսանկարներով եւ պատմական ակնարկներով ներկայացնելով Հանրապետության հրապարակի կենսագրությունն ու կառույցի կարեւորությունըՙ Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը փորձում է զգաստացնել կառավարությանը, քաղաքապետարանին եւ հատկապես Նարեկ Սարգսյանինՙ չխեղաթյուրել հրապարակի տեսքն ու պատմական հերթական սխալը չկատարել:

ճարտարապետների միությունում ճարտարապետների, մտավորականների ու Հանրային խորհրդի անդամների մասնակցությամբ երեկ կայացած քննարկման նպատակն էր կառավարության թիվ 1 շենքի բակում գմբեթի կառուցման խնդրի վերաբերյալ շահագրգիռ բոլոր անձանց կարծիքները լսելն ու եզրահանգումներ կատարելը: Քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, գմբեթի նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանին: Քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկմանը մասնակցելու հրավերը մերժել էին:

Հրապարակը պետք է քննել որպես մեկ անսամբլ, ներկայացնել որպես մեկ ընդհանուր կառույց, հուշարձանի տեսքն անխաթար պահպանել ու չշեղվել թամանյանական գաղափարից, քաղաքաշինական նորմերը չխախտել: Ճարտարապետները պահանջում էին, որ հենց այս խնդիրները հաշվի առնվեն մինչ գմբեթի կառուցումը: Նրանք նշում էին, որ գմբեթի կառուցման համար ժամանակը նպաստավոր չէ: Հսկայական գումար հատկացնել մի գմբեթի կառուցման համար, որ բացարձակապես չի համապատասխանում թամանյանական ոճին, ուղղակի անմտություն է:

«Մենք չենք ասում, որ կառավարության շենքի բակում չի կարելի գմբեթ կառուցել, մենք ասում ենք` եկեք ստեղծենք հավասար դաշտ, որպեսզի հնչեն մասնագիտական եւ ոչ մասնագիտական կարծիքները: Ճարտարապետական սխալներ թույլ տալու ռեսուրս չունենք, եւ եթե այս անգամ էլ սխալվենք, ապա շատ ծանր է լինելու», ասում է Սարհատ Պետրոսյանը :

«Չենք ուզում, որ Թամանյանի անվան ստվերում պախկվեն մարդիկ, ովքեր նրա մտահղացումներն օգտագործում են իրենց շահերի համար»: Սա էլ ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի տեսակետն է: Նա համոզված է, որ այսօր լավագույն ժամանակը չէ ավարտին հասցնելու Թամանյանի բոլոր կիսատ մնացած մտահղացումները:

«Կիսատ մնացած մտահղացումներն իրականացնելու փոխարեն նախ կառուցածները պահպանեք», բարկացավ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն ու լքեց դահլիճը:

Նա վիրավորվել էր, որ շահագրգիռ բոլոր կողմերը ներկա չեն քննարկմանը: Հավաքվել են միայն ընդդիմախոսները, իսկ քաղաքապետարանը բոյկոտել էր քննարկումը:

«Թամանյանն այլ հրապարակ էր կառուցում, սակայն երբ կառուցվեց Ազգային պատկերասրահն իր գմբեթով, կառավարության շենքի գմբեթի կառուցման հարցը փակվեց: Ի՞նչ է նշանակում թամանյանական գաղափարների պահպանում: Գո՞հ եք Հյուսիսային պողոտայից: Թամանյանը նախատեսել էր, որ պողոտայի շենքերը լինեն 4-հարկանի, արդյոք դա պահպանվե՞լ է: Մինչ նորի կառուցումը եկեք պահպանենք Թամանյանի ստեղծած մնացած արժեքները: Նախ եկեք Իսահակյանի արձանի դեմից դեղատունը հանենք, հետո մտածենք նոր գմբեթներ կառուցելու մասին», ասաց նա ու հեռացավ Ճարտարապետների միության շենքից:

«Գմբեթ չէ, աշտարակ է կառուցում Նարեկ Սարգսյանը: Թամանյանական գմբեթն ու Նարեկ Սարգսյանի աշտարակը միմյանցից խիստ տարբեր երկու կառույցներ են: Նարեկ Սարգսյանը ստում է, երբ ասում է, որ նախագծերը նույնն են: Ի՞նչ է, Նարեկ Սարգսյա՞նը պետք է դառնա Թամանյանի կառուցած շենքի համահեղինակը», բարկանում է ճարտարապետ Նորա Հակոբյանը :

Թեպետ Լեւոն Իգիթյանն , իր խոսքերով, նախագծի համահեղինակ չէ, սակայն թերեւս միակ ճարտարապետն է, որ սատարում է Նարեկ Սարգսյանի նախաձեռնությանը: «Սարգսյանը ոչ թե համահեղինակն է, այլ նախագիծն իրականացնողը», հայտարարում է նա: Իգիթյանի գնահատմամբ` թամանյանական բազմաթիվ նախագծեր, որ կյանքի են կոչվել, դեֆորմացվել են, մինչդեռ Թամանյանը ցանկանում էր, որ ի թիվս այլ շինությունների գմբեթ էլ կառուցվեր: Իգիթյանը համոզված է, որ սա եզակի հնարավորություն է թամանյանական գաղափարը կյանքի կոչելու համար:

Կյանքի կոչված թամանյանական գաղափարներից մեկն էլ Հյուսիսային պողոտան էր, որի հեղինակը կրկին Նարեկ Սարգսյանն էր: Իգիթյանը ոչ ուղղակի խոսքերով, սակայն համակարծիք էր, որ Սարգսյանն ուղղակի այլանդակեց քաղաքի այդ մասի տեսքն ու ընդհանրապես չհետեւեց թամանյանական նախագծին: Փորձելով պաշտպանել Սարգսյանին, Իգիթյանն անընդհատ շեշտում էր, որ Սարգսյանը նախագծի հեղինակն էր, մինչդեռ շինարարությունն իրականացրել են մի քանի ընկերություններ: «Բայց երբ քննադատում են Հյուսիսային պողոտան, այդ ընկերությունները մի կողմ են քաշվում եւ քննադատվում է միայն Նարեկ Սարգսյանը», ասում է Իգիթյանը: «Ազգ» -ի հարցին «Մտավախություն չկա՞, որ Նարեկ Սարգսյանը Հյուսիսային պողոտայի օրինակով կձեւախեղի Հանրապետության հրապարակը», Իգիթյանը չլսելու տվեց ու միայն ասաց, որ այս պահին կարեւորն այն է, որ թամանյանական նախագիծը կյանքի կոչվի: Հետագայում թե ինչպես կշարունակվեն գործընթացներըՙ հայտնի չէ: «Այդ ժամանակ կլինեն լսումներ, կարծիքների փոխանակում», վստահեցրեց Իգիթյանը` տպավորություն թողնելով, որ նա հայաստանյան բարքերին տեղյակ չէ:

Երբ Իգիթյանը հավաստիացնում էր, որ ներկայացված նախագիծն այն է, ինչ երազում էր Թամանյանը` դահլիճում ներկաներին ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը փաստերով ու լուսանկարներով հավաստիացնում էր, որ դեռեւս տասնամյակներ առաջ մոռացվեց կառավարության շենքի գմբեթի կառուցման մասին: Պատճառն այն էր, որ Ազգային պատկերասրահի շենքո՛ւմ կառուցվեց թամանյանական գմբեթը:

«Այսինքնՙ մենք կարեւորեցինք մշակույթ, կարեւորեցինք, որ մայրաքաղաքի սրտում գլխավորը Ազգային պատկերասրահն է, իսկ կառավարության եւ արտաքին գործերի նախարարության շենքերի աշտարակները երկու կողմից ավելի են բարձրացնում պատկերասրահի կարեւորությունն ու արժեքը»: Այս պահին գմբեթի շինարարությունն ընդհատված է: Ճարտարապետները հավաստիացնում են, որ գնալու են անգամ ամենածայրահեղ քայլերին` Հրապարակը փրկելու համար: Երեկոյան Նարեկ Սարգսյանի հետ խոսել մեզ չհաջողվեց, խորհրդակցության էր:

Հ. Գ. - Սա առաջին դեպքը չէ, երբ մայրաքաղաքի համար կարեւորագույն որոշումներ են կայացվում առանց քաղաքացիների ու մասնագետների կարծիքը հաշվի առնելու:

Ամենաթարմ օրինակ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման նախագիծն էր: ճարտարապետական նախագիծն արժանացավ միայն բարերար Հրայր Հովնանյանի հավանությանն ու առանց մասնագիտական կամ հասարակական լսումներ կազմակերպելու քաղաքապետը ստորագրեց նախագիծը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4