«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2011-06-30 | #121, 2011-07-01 | #122, 2011-07-02


«ԵՐԵՎԱ՛Ն` Ի՛Մ ՍԵՐ». ԵՐԵՔ ՇԵՆՔ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու «Երեւա՛ն` ի՛մ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն ազդարարեցին «Երեւա՛ն` իմ սեր» բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում կիրականացվեն մշակութային արժեք ներկայացնող երեք շենքերի վերականգնման աշխատանքներ: Ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերից մեկն ապագայում կծառայի որպես մսուր` ծնողազուրկ խուլ ու համր երեխաների համար: Մյուս շենքը կօգտագործվի որպես հատուկ կարիքներ ունեցող, անապահով ընտանիքների ու միայնակ մայրերի երեխաների կենտրոն: Երրորդ շինությունը կծառայի իբրեւ համայնքային կենտրոն` թաղամասի բնակչության համար:

Քաղաքապետի գնահատմամբ` վերոնշյալ երեք կառույցները կնպաստեն Երեւանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն:

«Բարեգործական ծրագիրը համագործակցության լավ հրապարակ է բազմաթիվ նոր ծրագրերի իրականացման համար: Սա նաեւ յուրօրինակ կամուրջ է քաղաքային իշխանությունների եւ գործարար շրջանակների միջեւ: Այս գաղափարը կարող է իր շուրջը համախմբել հայրենասեր, գործունյա եւ բանիմաց մարդկանց», նշել է քաղաքապետը:

Արմեն Սարգսյանի ներկայացմամբՙ «Երեւա՛ն` ի՛մ սեր» ծրագիրը ճարտարապետական ժառանգության վերածնման ծրագիր է` ուղղված Երեւանի ճարտարապետական կարեւոր նշանակություն ունեցող շենքերի վերականգնմանն ու պահպանմանը: Նրա փոխանցմամբ` ծրագրի նվիրատու բարերարների մեծ մասը ազգությամբ հայ չեն, երբեք չեն եղել մեր հայրենիքում, բայց շատ են սիրում Հայաստանը:

«Երեւա՛ն` ի՛մ սեր» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ճարտարապետական կարեւորություն ունեցող եւս երեք շենք կկառուցվի Երեւանում: Այդ շենքերը նույնպես շինարարության ավարտից հետո կծառայեն սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4