«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2011-07-02 | #123, 2011-07-06 | #124, 2011-07-07


ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. ՑԵՄԵՆՏԸ ԳՈՒՑԵ ԷԺԱՆԱՆԱ

«Արմավիա» ավիաընկերությունը սնանկության վտանգ չի զգում: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտավախություն ունի ոչ թե սնանկության կապակցությամբ, այլ որ որոշ լրատվամիջոցներ ցանկանում են վարկաբեկել «Արմավիան»: Ներկայացնելով ավիաընկերության ընդհանուր վիճակըՙ Միխայիլ Բաղդասարովը նշում է, որ «Արմավիան» այսօր շատ ապառիկներ է վերցրել, բայց դրա փոխարեն պարտքեր չունի լիզինգային ընկերություններին:

«Ավիացիայում վերբեռնում է: Վարձակալված բոլոր ինքնաթիռները գնում ենք: Արդյունքում մեծանում է ապառիկի փաթեթը, բայց տնտեսությունը դրանից պետք է լավանա»: Բաղդասարովը նշում է, որ նախընտրելի է ապառիկ վճարել, բայց իմանալ, որ մի քանի տարի անց ինքնաթիռը քո սեփականությունը կլինի, քան վարձ վճարել: Նրա մեկնաբանությամբ` համաշխարհային ճգնաժամի հետ կապված փոփոխություններ են տեղի ունեցել: «Լիզինգային ընկերությունները գրեթե սնանկության եզրին են: Ինքնաթիռների գներն իջել են, մինչդեռ վարձակալության գումարը մնացել է նույնը», ասում է Բաղդասարովը: Նա հավաստիացնում է, որ «Արմավիան» վարձակալության չի տրվել, ուղղակի ընկերությունն ունի չվերթեր, որոնք իրականացնում են տուրիստական գործակալությունները. «Նրանք վերցնում են չվերթը, ընկերությանը վճարում են ինքնարժեքը գումարած համապատասխան փոքրիկ շահույթն ու իրենք էլ աշխատում այդ չվերթի հետ: Դա նորություն չէ, ուղղակի չարախոսելու նոր տեսակ է: Այս պարագայում «Արմավիան» մինուս չի ունենում, իսկ գործակալությունն էլ մեզնից շատ է շահագրգռված, որ չվերթը լցվի», ասում է Բաղդասարովը:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հետ ունեցած խնդիրներին ու պարտքերինՙ Բաղդասարովն ասաց, որ, օրինակ, ռուսական «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայանները գները շատ են իջեցրել, «Զվարթնոցի» հետ կապված ոչ մի փոփոխություն չկա: «Վնուկովոն» եւ «Դոմոդեդովոն» ամբողջությամբ իջեցրել են գները, ինչը կապված է կերոսինի հետ, որը գնում ենք Գազպրոմից: Հաջորդ փուլը կլինի «Զվարթնոցը», որը թանկության առումով երրորդ տեղն է զբաղեցնում»:

Իր բիզնեսը Վրաստան տեղափոխելու մտադրություն Բաղդասարովը չունի: «Իսկ ի՞նչը տեղափոխել: Ցեմենտի գորածարա՞նը, թե՞ ավիաընկերությունը: Կապիտալն ուղղակի տեղափոխել այնտե՞ղ, ինչո՞ւ», հարցին հարցով պատասխանեց Բաղդասարովը` միաժամանակ հավելելով, որ ինքը առաջարկ է ստացել գնելու Վրաստանի ազգային փոխադրողը` «AIRZENA»-ն, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել:

«Ամռանը զեղչեր չեն լինում», ասում է Միխայիլ Բաղդասարովը` հավելելով, որ «Արմավիան» շուտով նոր չվերթեր կառաջարկի դեպի Մադրիդ, Լիոն եւ Բարսելոն:

«Ազգ»-ի հարցին, թե ինչո՞ւ է կտրուկ թանկացել Երեւան-Բեյրութ-Երեւան ավիատոմսը` 430 դոլարից դառնալով 660 դոլար, Բաղդասարովն ասաց, որ գները չեն բարձրանում, տոմսերն են փուլ առ փուլ վաճառվում:

«Սկզբում էժանները, հետո միջինները, իսկ հետոՙ ամենաթանկերը: Քանի որ ձմռանը քիչ տոմս են առնում, շուկայում էժան եւ միջին գների տոմսերն են վաճառվում, իսկ ամռանը վաճառվում են ամենաթանկ տոմսերը: Դրա համար էլ թվում է, թե գները բարձրացել են»:

Գործարարը հերքեց լուրերը, թե իր եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ փեսա Միքայել Մինասյանի միջեւ լարված հարաբերություններ են:

«Ես որեւէ տարաձայնություն չեմ տեսնում: Մենք շփում ընդհանրապես չունենք, իսկ եթե հանդիպում ենք, ապա միջոցառումների ժամանակ», ասաց Բաղդասարովը հավելելով, որ Մինասյանի հետ տարաձայնության մասին իմացել է լրատվամիջոցներից:

«Ազգ»-ի դիտարկմանը, որ բազմաթիվ եվրոպական երկրներում ցեմենտը համեմատաբար ավելի էժան է, քան Հայաստանում: Օրինակՙ Ավստրիայում մեկ կգ ցեմենտն արժե 40 դրամ, մինչդեռ Հայաստանում արժե 70 դրամ, Բաղդասարովը, որ նաեւ «Միկա Քորփորեյշն» ընկերության սեփականատերն է, ասաց, որ «Գործարանը դեռ հին տեխնոլոգիաներով է արտադրում: Այժմ որոշակի գործընթաց է սկսվել գործարանի արդիականացման ուղղությամբ, որից հետո գները կարող են նվազել: Սակայն ոչ այնքան, քան ինքնարժեքը: Իսկ արդիականացման համար ներդրումներ են արվում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4