«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2011-07-07 | #125, 2011-07-08 | #126, 2011-07-09


ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 16 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է

Գինեգործներն ուրախությամբ են արձանագրում, որ գարեջրի սպառումը նվազել է 8 տոկոսով

«Հայաստանը կոնյակի երկիր է: Դա է պատճառը, որ այսօր գինին անհրաժեշտ ուշադրության չի արժանանում: Մինչդեռ շուտով կոնյակի սպառումը գոնե 3 անգամ կնվազի: Պատճառն այն է, որ բազմաթիվ երկրների օրինակով հայկական կոնյակը կանվանվի բրենդի, իսկ «Հայկական գինի» բրենդը ոչ ոք չի ճանաչում»: Մտահոգությունը Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանինն է: Որ Հայաստանում գինի քիչ են օգտագործում, փաստում է վիճակագրությունը: Գինի օգտագործող 70 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը: Սա չափազանց ցածր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ գինեգործության հնագույն օրրաններից մեկը` Արենին գտնվում է Հայաստանում:

Մինչդեռ ալկոհոլ օգտագործող երկրների ցանկում Հայաստանը լավագույն եռյակում է: «Հայաստանում մեկ շնչին բաժին է հասնում 16 լիտր ալկոհոլ»:

Թեպետ Հայաստանում գինի խմելու մշակույթ, ինչպես եվրոպական մի շարք երկրներում, չի ձեւավորվել, սակայն գինեգործներն ուրախանալու առիթ ունեն:

Տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս գինեգործների միության նախագահը հաստատում է, որ գինու արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 16 տոկոսով, կոնյակի արտադրությունը` 6 տոկոսով: Օղու եւ գարեջրի արտադրության ծավալները նվազել են համապատասխանաբար 64 եւ 10 տոկոսով:

Առաջին վեց ամսվա ընթացքում հանրապետությունում սպառվել է 3.1 մլն լիտր օղի, նախորդ առաջին կիսամյակի 4.7 մլն լիտրի դիմաց: Այս եւ նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում սպառվել է 1.4 մլն լիտր գինի, ավելացել է կոնյակի սպառումը` կազմելով 625.000 լիտր:

Գինեգործներն առավել ուրախացած եւ ոգեւորված են, որ 8 տոկոսով նվազել է գարեջրի սպառումը: Գինեգործների ուրախության պատճառն այն է, որ կառավարությունը գինու եւ գարեջրի համար անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել: Ի տարբերություն գինու գարեջուրն առանց ակցիզային դրոշմանիշների է վաճառվում. եթե գինու դեպքում լիտրով վաճառքն արգելված է, ապա գարեջրի դեպքում` թույլարտելի է:

Հայաստանում արտադրվող եւ արտահանվող գինու առյուծի բաժինը` 72%-ը, արտահանվում է Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ, մնացածըՙ ԵՄ եւ ԱՄՆ:

Գինեգործների միության նախագահը ընդգծում է, որ հայկական գինին հիմնականում գնում են սփյուռքահայերը: Դա ե՛ւ բացասական, ե՛ւ դրական նշանակություն ունի:

Հարությունյանն այս տարի լավ բերքի ակնկալիք ունի: «Հույս կա, որ 20 տոկոս աճ կգրանցվի, սակայն առկա է նաեւ կարկտահարումների վտանգը», նշում է գինեգործը: Նա մտահոգություն է հայտնում, որ ներկայիս հակակարկտային կայաններն ավելի փոքր են եւ տեղային փոքր խնդիրներ են լուծում:

Հարությունյանը հավելում է, որ հատկապես գինեգործության վերաբերյալ գյուղացին խորհրդատվության կարիք չի զգում. գյուղացուն միջոցներ են անհրաժեշտ, իսկ այդ հարցում գյուղնախարարությունը ձեռքերը լվանում է:

«Գյուղացին խաղող մշակելու համար նյութական աջակցության կարիք է զգում, մինչդեռ տրամադրվող պարարտանյութն ու բուժանյութերը հաճախ կեղծվում են»:

Կան գյուղացիներ, ովքեր վարկ են վերցնում, սակայն այգին կարկտահարվում է, եւ նրանք ընկնում են պարտքերի մեջ: Գյուղացիները փորձում են վարկը երկարացնել, սակայն կառավարությունը մերժում է:

39-ամյա Վահե Հակոբջանյանն էլ շատերի նման փորձում էր միջին բիզնես ստեղծել: Նա Արենի գյուղում գինեգործական փոքրիկ ձեռնարկություն ուներ:

«Նա շատ խելացի եւ պատրաստված մարդ էր ու առաջիններից, որ գինեգործության մեջ մտցրեց արխայիկ գինի հասկացողությունը», ասում է Հարությունյանը: Հետագայում ֆինանսական խնդիրներ ծագեցին, Հակոբջանյանը հայտնվեց դատական գործընթացների մեջ: «Տպավորությունն այնպիսին էր, որ նա դատը շահելու է, քանի որ նրա գործը արդար էր եւ մտածում էինք, որ ճշմարտությունը կհաղթանակի, բայց այդպես չեղավ, եւ նա ընկավ դեպրեսիայի մեջ»:

Հարությունյանը հիշում է, որ ինքնասպանության դեպքից մեկ օր առաջ Հակոբջանյանին հանդիպել է. «Ասաց, որ գործերը շատ վատ են: Նա գինու գործարաններից մեկին հանձնել էր մոտ 10 տոննա խաղող, որի դիմաց գործարանը պետք է գինի տրամադրեր, բայց այդպես էլ չի տրամադրել, եւ նա դիմել է ինքնասպանության»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4