«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2011-07-07 | #125, 2011-07-08 | #126, 2011-07-09


ՍԵՆՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԲԱՄԱՅԻ «ԼՊՐԾՈՒՆ» ՀՈՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ-ում հրապարակվել են սենսացիոն փաստաթղթեր, որոնց համաձայն երկրի 44-րդ նախագահի հայրըՙ Բարաք Հուսեյն Օբաման, դեռ չծնված որդուն փրկության բանակի խնամակալությանը հանձնելու մտադրություն է ունեցել: Հավայան համալսարանի 24-ամյա սանձարձակ ուսանողը պատրաստ էր նման քայլի դիմել, քանի որ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը քննություն էր սկսել եւ նրան կասկածում էր երկկնության մեջ: Այդ մասին հաղորդում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը:

1961-ի գարնանը Օբամա ավագը ծառայության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, թե ինքը իր քենիացի կնոջից բաժանվել է նախքան իրենից հղիացած ամերիկուհի Էնն Դանհեմի հետ հարաբերության ձեւակերպումը: Նա նաեւ հայտնեց, որ չի ապրում իր նոր կնոջ հետ, եւ խոստացավ որդերգման հանձնել դեռ չծնված զավակին: Բարաք Հուսեյն Օբամայի վերջին հայտարարությունը վավերականորեն հաստատված է:

«Օբաման եւ Դանհեմը, թեեւ ամուսնացած են, բայց միասին չեն ապրում: Միսս Դանհեմը բանակցում է փրկության բանակի հետՙ զավակին նրան հանձնելու նպատակով», Հոնոլուլուում գրել է ներգաղթի ծառայության կառավարիչ Լայլ Դահլինգը 1961 թ. ապրիլի 12-ին: Սակայն ամերիկուհու մտադրությունը չիրականացավ:

Այս տեղեկությունները ստացվել են կին գրող Սալլի Ջեյկոբսի խնդրանքով, որի «Ուրիշ Բարաք. նախագահ Օբամայի հոր վտանգալից եւ անհոգ կյանքը» գիրքը լույս է տեսնելու եկող շաբաթ: Հայտնի է, որ ներգաղթի ծառայության հիշյալ փաստաթղթերն անցյալում եւս հրապարակվել են, բայց այն ժամանակ որդեգրման մասին ոչինչ չէր ասվել:

Փոխարենը նախագահ Օբաման «Հորս երազանքները» գրքում ասում է, որ մայրը մտադիր է եղել իրեն որդեգրման հանձնել ուրիշ ընտանիքի: Օբամայի խոսքերով, դա պայմանավորված էր սպիտակամորթի ընտանիքում սեւամորթ երեխայի ծննդյան հանդեպ խիստ անբարյացակամ վերաբերմունքով:

Օբամայի եւ Դանհեմի ամուսնության ժամանակ խառնամուսնությունները արգելված էին 22 նահանգում, սեւամորթի եւ սպիտակամորթի կապը մի շարք այլ նահանգներում համարվում էր քրեական հանցանք: Օբաման եւ Դանհեմը 1960-ին ծանոթացան Հավայան համալսարանում, որտեղ հաճախում էին ռուսաց լեզվի դասընթացներ: Օբամա ավագը միակ աֆրիկացին էր այդ համալսարանում: Ամուսնության պահին Էնն Դանհեմը չգիտեր, որ ամուսինը Քենիայում ունի կին եւ երեխա:

1963-ին ամուսնալուծվելուց հետո Էննը մնաց երեխայի հետ, իսկ կնամոլ Օբամա ավագը նոր սիրավեպեր սկսեց արդեն Հարվարդի համալսարանում:

Արխիվային փաստաթղթերում Օբամա ավագը բնութագրվում է որպես «լպրծուն տիպ», որից ներգաղթի ծառայության պաշտոնյաները փորձում են ամեն գնով ազատվել եւ ի վերջո մերժում են երկարաձգել նրա այցագիրը:

Նախագահ Օբամային դաստիարակել են մայրը եւ խորթ հայրը, ինչպես նաեւ մայրական տատը եւ պապըՙ Մեդլին եւ Սթենլի Դանհեմները: Պապը զինվորական էր, տատն աշխատում էր բանկում: 1967-1971 թթ. Բարաքը ընտանիքի հետ անցկացրել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում: Այդ ժամանակաշրջանին է նվիրված «Օբամա, Մենտենգի զավակ» ֆիլմը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4