«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2011-07-08 | #126, 2011-07-09 | #127, 2011-07-12


ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԵՐԵՍՊԱՏՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԱՐՄԱՐՈՎ

Թեպետ շինարարության թույլտվության փաստաթուղթ չկա, սակայն երեսպատումը կավարտվի սեպտեմբերին

Արցախի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Գանձասար եկեղեցու պարիսպներն արդեն մի քանի օր երեսպատվում են: Պարսպի երեսպատման աշխատանքներն իրականացնում է ծնունդով Վանք գյուղից, մոսկվաբնակ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը :

Թեպետ պարիսպը կառուցվել է 13-րդ դարում, սակայն նախկին տեսքից ոչինչ չի մնացել: Վերջին 15 տարվա ընթացքում պարիսպը մի քանի անգամ նորոգվել է, սակայն դրանք եղել են կոսմետիկ, եւ այսօր պարիսպը կրկին կանգնած է փլուզման եզրին:

«Պարիսպները քանդվում են: Պատերի արանքում խոտեր են աճում, ինչն ավելի է արագացնում պատերի փլուզումը», ասում է Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Պարսպի երեսպատման հարցը որեւէ վայրում չի քննարկվել: Մինչդեռ քաղաքաշինական նորմերը պարտադրում են, որ մինչ շինարարության սկիզբը մասնագիտական, հանրային լսումներ կազմակերպվեն, իսկ եթե խոսքը վերաբերում է եկեղեցիների կամ եկեղեցապատկան շինություններին, ապա իրենց կարծիքը պետք է հայտնեն նաեւ Մայր աթոռի քաղաքաշինության վարչության մասնագետները:

Թեպետ օրերս Մայր աթոռից հաղորդագրություն էր տարածվել, որ հարցը քննարկման փուլում է, սակայն կիրակի օրըՙ Գանձասար այցելության ժամանակ, տեսանք, որ պարսպի երեսպատման աշխատանքները շարունակվում են:

Բարերարի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը , որը հետեւում է շինարարական աշխատանքներին, «Ազգ»-ի հետ զրույցում չհերքեց, որ որեւէ մեկից փաստաթուղթ չեն ստացել շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

«Երբ մենք ճանապարհները բարեկարգեցինք, եկեղեցու հատակը վերանորոգեցինք, տանիքը նորոգեցինք, ինչ-որ մեկը հարցրե՞ցՙ թույլտվություն ունենք, թե ոչ: Տեսանք, որ պատը քանդվում է, եղբայրս ասաց, որ պատը պետք է պահել, եւ սկսեցինք շինարարությունը», ասում է Վլադիմիր Հայրապետյանը:

Արցախցի ճարտարապետների ահազանգին, որ եկեղեցու պարիսպը կառուցվել է 13-րդ դարում եւ մշակութային արժեք է, Վլադիմիր Հայրապետյանը պատասխանում է. «Պարիսպը հիմնականում կառուցված է ցեմենտից, ոչ մի արժեք չի ներկայացնում: Թող մեզ ապացուցեն, թե Հասան Ջալալյանը (իշխան Հասան Ջալալյանը 1216-1238թթ կառուցել է տաճարը-Հ. Հ.) որտեղից է իմացել ցեմենտի պատրաստման ֆորմուլան 13-րդ դարում»:

«Ազգ»-ի հարցին, թե ինչո՞ւ իրավական ճանապարհով չեն գնացել ու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո սկսել աշխատանքը կամ ինչո՞ւ Արցախի հուշարձանների պահպանության վարչությունից բացասական պատասխան ստանալուց հետո շարունակում են աշխատանքը, Վլադիմիր Հայրապետյանը որոշակի պատասխան չտվեց, հավելելով, որ շինարարական աշխատանքների երրորդ օրը, ինտերնետից է իմացել, որ հուշարձանների պահպանության գործակալությունը դեմ է իրենց նախաձեռնությանը:

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նույնպես չժխտեց, որ շինարարությունն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության եւ ճարտարապետական նախագծի: Նրա մեկնաբանությամբ` պարիսպը նորից կիրով վերականգնելու համար անհրաժեշտ էր 7 տարվա հնության կիր, ինչն այսօր գտնելը շատ դժվար գործ է: «Եթե 7-8 տարի սպասենք, պարիսպները հիմնովին կքանդվեն: Եթե նման բան կատարվի, մեզ կմեղադրեն ու կասեն, թե ինչու բետոնով չենք արել», ասում է սրբազանը` նշելով, որ անզեն աչքով էլ երեւում է. ներկայիս պարիսպը 1.5 մետր ծռություն ունի:

«Որպեսզի վանքը կարողանա նորմալ մի քանի տասնյակ տարի պահպանվել պետք է պարիսպը երեսապատել: Իսկ 90 տոկոսով ցեխ ու ցեմենտից կառուցած պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ին չի կարող հետաքրքրել: Նրան կհետաքրքրի միայն 13-րդ դարում կառուցված տաճարը»:

Եկեղեցու պարսիպների արտաքին տեսքը պահպանվելու է բակի կողմից: Վլադիմիր Հայրապետյանը հերքում է լուրերը, թե իտալական մարմարով են երեսպատում: Պարիսպը երեսպատվում է նույն քարով, ինչով կառուցվել է եկեղեցին:

Սրբազանն էլ հիշեցնում է, որ ժամանակին Վազգեն Ա կաթողիկոսը քանդել է էջմիածնի ցեխից պարիսպը` փոխարենը կառուցելով քարե պարիսպ: Նույնը կատարվել է նաեւ Սբ Հռիփսիմե, Շողակաթ եկեղեցիներում, Գեղարդավանքում, Խոր Վիրապում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ճարտարապետների միության անդամները հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել սալիկապատման աշխատանքները` պատճառաբանությամբ, որ պարսպի մի մասը պահպանվել է դեռեւս 13-րդ դարից եւ միայն մի մասն է մասնակի վերանորոգման ենթարկվել ժամանակի ընթացքում: Ճարտարապետ Մանուշակ Տիտանյանն էլ, որ մասնակցել է Արցախի ճարտարապետների ու պատմամշակութային արժեքների պահպանության կոմիտեի կազմած բարեկարգման աշխատանքների նախագծմանը, հավաստիացնում է, որ սալիկատմամբ չի կարելի վերականգնել եւ ամրացնել պարիսպը:

Այս առնչությամբ Պարգեւ սրբազանը նշում է, որ մի շարք ճարտարապետներ ուղղակի հիասթափված են, որ իրենց չի տրվել բարեկարգման աշխատանքներն իրականացնելու իրավունք: «Այդ պատճառով էլ փորձում են վարկաբեկել Գանձասարի հոգեւոր հովվին, Արցախին թեմին, բարերարին եւ ինձ»:

«Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան էլ բաց նամակով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, Արցախի թեմի առաջնորդին, Հայաստանի եւ Արցախի նախագահներին` կտրուկ միջոցներ ձեռնարկելու` կանխելու Գանձասարի պարսպապատումը:

Թեպետ Արցախի հուշարձանների պահպանության վարչությունը բացասական պատասխան է տվել, եւ մեկնարկած աշխատանքները դադարեցվել էին, սակայն օրեր առաջ կրկին վերսկսվել են` նպատակ հետապնդելով մինչեւ սեպտեմբերի 2-ը` Արցախի անկախության 20-ամյակը, ավարտել շինարարությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արցախ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4