«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2011-07-12 | #128, 2011-07-13 | #129, 2011-07-14


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Դիակները դուրս են եկել հողի առաջին շերտ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գերեզմանատների համար տեղ հատկացնելուց առաջ օրենքը պահանջում է հաշվի առնել տեղանքի դիրքն եւ թե որքանով է համապատասխանում շրջակա միջավայրին: Պարտադիր պայման է, որ գերեզմանատան շրջակայքում չլինեն ջրամբարներ, խմելու կամ ոռոգման ջրագիծ: Միայն վերոնշյալ խնդիրների կարգավորմամբ է իրավունք տրվում տարածքում գերեզմանատուն կառուցելու:

«Օրենքը` օրենք, սակայն եկեք նայենք իրականությանը», առաջարկում է աշխարհագրական գիտությունների դոկտոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը ` ուշադրություն հրավիրելով մայրաքաղաքի ամենամեծ գերեզմանատան` Նուբարաշենի խնդրին: Գերազմանատունը հայտնվել է սողանքային վիճակում, ինչի հետեւանքով դիակները դուրս են եկել հողի առաջին շերտ:

«Սողանքային գոտիներում գերեզմանատեղեր չպետք է հատկացվեն», ասում է Խոյեցյանը` տարակուսանքով, որ Նուբարաշենի սարավանդը տեղակայված է կրաքարային մի քանի տասնյակ մետրանոց հզոր շերտի վրա, որի տակ գրունտային ջրերի մեծ կուտակումներ կան:

«Չէր կարելի կավերի, սահող գրունտների վրա տեղակայել որոշակի տեխնիկական կառույց: Սողանքի առաջացման պատճառ են երեք գործոններ` թեքությունը, գրունտային ջրերի մակարդակը, որ ստեղծում են սահքի մակերեսը, եւ կավի գոյությունը, որը ջրամերժ է: Մթնոլորտային տեղումները չեն ներծծվում, եւ թեքության պայմաններում ծանրության ուժի` գրավիատացիայի ազդեցությամբ սահում են»:

Խոյեցյանը շեշտում է, որ հողահատկացումները ճիշտ սկզբունքներով չեն իրականացվում: Տեղանքները լանդշաֆտային հետազոտման չեն ենթարկվում:

Թեպետ, կրկին օրենքով, սահմանվում է, որ գերեզմանները պետք է առնվազն 40-100 մետր հեռու գտնվեն բնակավայրերից, սակայն Նուբարաշենի (եւ ոչ միայն նրա-Հ.Հ.) մոտակայքում կան բնակավայրեր, այգիներ, որտեղ մրգատու ծառեր, բույսեր եւ բանջարեղեն են աճում:

«Գերեզմանոցի տարածքին կից մարդիկ են ապրում, այգիներ մշակում, եւ այդ հողերի ոռոգման եւ գրունտային ջրերի խառնումն ակնհայտ է», ասում է Խոյեցյանը` հավելելով, որ խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք է զգում: Նուբարաշենի ներկայիս իրավիճակը կարող է բազմաթիվ համաճարակների աղբյուր դառնալ:

Առողջապահության նախարարության (ԱՆ) հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Արմատ»-ում շեշտում է, որ առավել վտանգավոր են առաջին եւ երկրորդ խմբերի միկրոօրգանիզմներով ախտահարված դիակները, որոնք կարող են պատճառ դառնալ ժանտախտի, սիբիրյան խոցի եւ բրյուցելյոզի տարածման:

«Այդ հարուցիչները պատիճավորվելու եւ հողի մեջ երկար պահպանվելու հատկություն ունեն: Նեխման ընթացքները նույնպես վտանգավոր են, որովհետեւ կան փոխանցողներ` ճանճեր», ասում է Թորոսյանը:

Այժմ նման վտանգ չկա, սակայն մասնագետը չի բացառում, որ եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա մոտ ապագայում չենք կարող ձերբազատվել լուրջ խնդիրներից:

Համաճարակաբանը նշում է, որ տեղանքում որոշակի հետազոտություն առողջապահության նախարարությունը չի կարող կատարել. համապատասխան իրավասություններ չկան: «Մեզ պետք է դիմեն գերեզանատների վարձակալները, թաղման բյուրոյի ներկայացուցիչները, ներկայացնեն խնդիրը, որպեսզի կարողանանք ստուգումներ անցկացնել», ասում է Թորոսյանը:

Մայրաքաղաքի գերեզմանատները գտնվում են քաղաքապետերանի ենթակայության տակ: Որպես խնդրի հասցեատերերի` Թորոսյանը քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցներին առաջարկում է մոնիտորինգ եւ իրավիճակի գնահատում կատարել, որպեսզի վերջնական հետազոտությունից հետո մի շարք գերատեսչություններ համապատասխան ծրագիր մշակեն Նուբարաշենի գերեզմանոցի խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Դա բազմոլորտ խնդիր է, եւ միայն մեկ գերատեսչությունը չի կարող դրանով զբաղվել», ասում է նա:

Նուբարաշենի գերեզմանատան պատճառով կրկին ակտիվացան խոսակցությունները դիակիզարան կառուցելու մասին:

Ըստ վիճակագրության, Երեւանում տարեկան 6-7 հազար մարդ է մահանում: Տարեկան ողջ հանրապետությունում մահացածների թիվը հասնում է 27.000-ի:

Այսօր գերեզմանոցային տարածքները մայրաքաղաքում կազմում են 560 հա:

Համաձայն վիճակագիրների` 2020-ին մայրաքաղաքում 300 հա-ով կավելանան գերեզմանների տարածքը, իսկ 2050-ին մայրաքաղաքի 40 տոկոսը կկազմեն գերեզմանները: Հաշվի առնելով, որ սակավահող 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 167-րդ հորիզոնականը, մասնագետները հայտարարում ենՙ դիակիզարանների առկայությունն անհրաժեշտություն է:

Թեպետ Աշոտ Խոյեցյանը կողմ է դիակիզարանների կառուցմանը, սակայն խոստովանում է, որ ինքն էլ դեռ այդ մտքին չի համակերպվել: Նա հավելում է, որ հայերի համար հուղարկավորության արարողությունը վերածվել է պաշտամունքի. գերեզմանը պետք է լինի մեծ, ճոխ եւ ընդարձակ:

ԱՆ-ի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը հավելում է, որ օրենքը թույլատրում է հուղարկավորությունից 15 տարի անց նույն տեղում կատարել մեկ այլ հուղարկավորություն, որպեսզի գերեզմանատները չընդարձակվեն: «Սակայն այստեղ նույնպես բախվում ենք ազգային մենթալիտետի: Շատ քչերն են համաձայնում նման քայլի», ասում է Պետիկյանը` հավելելով, որ բազմաթիվ երկրներում գործում են դիակիզարաններ: Լիանա Թորոսյանն էլ հավելում է, որ դիակիզմամբ խախտվում է համաճարակաբանական շղթան, դիակի բոլոր հարուցիչներն ու վիրուսները մահանում են:

Թեպետ ԱԺ-ն դիակիզարանների օրենքն ընդունել է 2006-ին, եւ 2010-ին նախատեսվում էր Հայաստանում կառուցել առաջին դիակիզարանը, սակայն ֆինանսների բացակայության պատճառով կառուցումը հետաձգվել է: Դիակիզարանների կառուցման գլխավոր ընդդիմադիրը Մայր աթոռն է: Նա հայտարարում է, որ Քրիստոսի հետեւորդներն էլ արարչի օրինակով պետք է երկինք բարձրանան մարմնով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4