«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ՉՎՃԱՐՎԱԾ ԹՈՇԱԿՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երբ կառավարության շենքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական նիստն էր վարում, դրսում մի քանի տասնյակ ցուցարարներ բողոքում էին ապօրինություններից եւ իշխանությունների անտարբերությունից: Կառավարության շենքի դիմաց հավաքված բնապահպանների պայքարն ուղղված էր հանքավայրերի գերշահագործմանը:

Հերմինե Նաղդալյան, Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Արզաքանցյան, Վարդան Այվազյան, Սերոբ Տեր-Պողոսյան: Սրանք այն պաշտոնական դեմքերն են, որոնք Հայաստանում հանք են շահագործում: Նրանց ու էլի մի քանի պաշտոնյաների լուսանկարներով մեծ պաստառը ձեռքներին բնապահպանները պահանջում էին Հայաստանը չվերածել բաց հանքի:

Այսօր Հայաստանում կա 700 հանքավայր: Շահագործման լիցենզիա ստացել է 460-ը: «Հանքերը շահագործելու ժամկետների, պաշարների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ ռազմավարություն չկա:

Առաջարկություններ ենք ներկայացրել կառավարությանը, բնապահպանության նախարարությանն ու Համաշխարհային բանկին, սակայն հաշվի չեն առնվել եւ ընդերքի մասին մշակված օրենսգիրքը միտված է հարմար միջավայր ստեղծելու հանքարդյունաբերությանը: Առանց դրա էլ հանքարդյունաբերողները արտոնյալ իրավիճակում են: Հանքերի շահագործումից առաջացած պոչանքների դիմաց հանքարդյունաբերողը չի վճարում:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ առաջարկում է հինգ տարով արգելել նոր հանքերի շահագործումը: Մինչ այդ անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն: «Երկրի դժբախտությունն այն է, որ մի խումբ օլիգարխներ գերհարստացման համար խժռում են երկիրը: Տաթեւում հսկայական գումար ծախսվեց, հիմա եկեղեցու հարեւանությամբ երկաթի եւ ոսկու հանք են շահագործում: Եթե Ամուլսարի հանքը օգտագործվի, կհարվածի Ջերմուկին որպես զբոսաշրջային եւ առողջարանային կենտրոնի: Կկեղտոտվեն հանքաջրերը: Հրազդանում շահագործվող երկաթի հանքը վնասում է Հրազդան քաղաքին, Հրազդան գետին եւ Երեւանին: Մայրաքաղաք մտնող խմելու ջրերի 40 տոկոսը գալիս է Հրազդանից»

Կառավարության շենքից դուրս գալիս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շտապ քայլերով մոտենում էր ծառայողական մեքենային: Թեպետ նախարարը ցանկանում էր շրջանցել ցուցարար-ակտիվիստներին, սակայն լրագրողների հարցին, թե ինչու է փախչում, նախարարը վիրավորված կանգ առավ. «Չեմ փախչում, կպատասխանեմ ձեր հարցերին»:

Նրա պատասխանները` հանքերի շահագործման վերաբերյալ, մեղմ ասած, չէին համապատասխանում իրականությանը: «Ընդերքը պետք է շահագործվի, սակայն շրջակա միջավայրին հասցվող վնասներն իջեցվեն ամենացածր աստիճանին»: Սյունիքի մարզում, Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում կատարված հետազոտությունները պարզել են, որ հանքերը շահագործվում են` հսկայական վնաս հասցնելով շրջակա միջավայրին: Մասնավորապես թափոնները լցվում են գետերը: Թունավորված ոռոգման ջուրը հողի միջոցով հասնում է բանջարեղենին, եւ վերոնշյալ շրջաններում աճեցված բերքը վնասակար է առողջությանը: «Մտավախություն չունե՞ք, որ նոր հանքերի շահագործմամբ էլ նախկին փորձը կրկնվի», մեր հարցին նախարարը պատասխանեց. «Եթե լինեն, ապա խախտումների համար համապատասխան տուգանքի կենթարկվեն», ու շտապ նստեց մեքենան:

«Քաղցր դեղձ», «Լավ ծիրան», «Մի քիչ խփած է, էժան կտամ», «Ինչքա՞ն ես առնում, ասաՙ կիջնեմ»: Արդեն 7 ամիս անգործության մատնված բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականներն էլ «մինիշուկա» էին պատրաստել քաղաքապետ Կարեն Կարապետյանի համար:

Նրանց խոսքերովՙ քաղաքապետի խոստացած մինիշուկաները մինչեւ հիմա պատրաստ չեն, իսկ մնացած շուկաներում վարձը շատ թանկ է: Բացօթյա առեւտրով զբաղվող երկու տասնյակ առեւտրականները մոտ երկու ժամ սպասում էին, որ կառավարության նիստից հետո քաղաքապետը մոտենա ու լսի նրանց խնդրի մասին: Կարապետյանը երեւանցիների պահանջին չարձագանքեց: «Հաջորդ անգամ քաղաքապետարանի դիմաց առեւտուր կանենք», խոստացան առեւտրականները:

Նրանց հարեւանությամբ հաշմանդամ օդաչուներն էին: Այսօր հանրապետությունում գրանցված է շուրջ 100 հաշմանդամ օդաչու: Դրանք այն օդաչուներն են, որոնք մասնագիտական գործունեության ժամանակ վիրավորվել են ու հիվանդություն ձեռք բերել: Ցուցարարներից մեկը լսողական խնդիրներ ուներ, մյուսը` ոտքի, երրորդը` գլխի: Նրանք ձեռքերին պահել էին նախագահին եւ վարչապետին ուղղված պաստառներ` պահանջելով վճարել օրենքով նախատեսված փոխհատուցումը: Վանիկ Մայիլյանը մեկն է հաշմանդամ օդաչուներից: Մասնագիտական գործունեության ժամանակ վնասել է գլուխն ու վիրահատությունից հետո ստացել երկրորդ կարգի հաշմանդամության թուղթ: «Արդեն 5 տարի չենք ստացել ամսական մեզ հասանելիք 48.000 դրամ թոշակը: «Զվարթնոցը» հրաժարվում է վճարել», ասում է ալեհեր Վանիկ պապիկն ու հավելում, որ եթե օդանավակայանը հրաժարվում է, ապա պետությունը կամ պետք է ստիպի վճարել, կամ էլ ինքը վճարի: «Չէ՞ որ այդ օրենքն իրենք են գրել»:

Խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերն ամեն հինգշաբթի այստեղ են: Սեւազգեստ մայրերը ձեռքերին պահում են որդիների նկարներն ու լուռ հայացքով պահանջում պատասխան. ինչո՞ւ են իրենց որդիներին բանակում սպանել:

«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է խաղաղ պայմաններում մահացած զինվորների խնդրին: Անկախ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տղաներին ոմանց սպանել են, մինչդեռ պաշտոնական վարկածով` ինքնասպանություն են գործել: Տարիներ շարունակ մայրերը կանգնում են կառավարության շենքի դիմաց` հույսով, որ Տիգրան Սարգսյանը կամ Սեյրան Օհանյանը կլսեն նրանց ու կօգնեն: Սակայն պաշտոնյաների լռությունն ու անտարբերությունը նրանց հասցրել են այն հոգեվիճակին, որ այլեւս չեն պահանջում, նրանք անիծում են. «Գուցե այս ցավը, որ նրանք էլ տեսնեն, կհասկանան մեզ», ասում են սեւազգեստ մայրերը:

Նախարար Օհանյանը երեկ էլ չխախտեց ձեւավորված վատ ավանդույթն ու չարձագանքեց մայրերի պահանջին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4