«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՍԱՀԱՐԱ ՉԷ

Սակայն անապատացման վտանգը չի մեղմանում

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայաստանին անապատացման վտանգ չի սպառնում», «Պոստ սկրիպտում» ակումբում հավաստիացնում էր գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը : Նրա գնահատմամբ` հաճախ բնապահպանները խնդիրը ուռճացնում են: «Դա բնական է: Սակայն փաստն այն է, որ 90-ականների զանգվածային ծառահատումներից հետո այսօր անտառներն ու այգիները վերականգնվում են», ասում է Մաթեւոսյանը: Նրա մեկնաբանությամբ` անտառների թիվ մեկ հիմնախնդիրը հիվանդություններն են: «Հայանտառը»-ը իրականացնելու է անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա 20.000 հա. տարածքում ավիաքիմիական պայքար է իրականացվելու:

Անդրադառնալով ապօրինի հատումներինՙ գյուղնախարարության ներկայացուցիչը նշում է, որ անցյալ տարի գրանցվել է 520 դեպք:

«Այս տարի այդ առումով աճ է նկատվում: Արդեն գրանցվել է 1700 դեպք»: Մաթեւոսյանը դա բացատրում է գազի գնի թանկացմամբ: Անտառամերձ գյուղերի բնակիչները գազի փոխարեն նախընտրում են փայտ վառել:

«Ազգ»-ի հարցին ի պատասխանՙ Մաթեւոսյանն ասաց, որ հաճախ գրանցվում են հրդեհներ, որոնցից խուսափելն անհնար է, «Սակայն յուրաքանչյուր ջանք գործադրում ենք, որպեսզի վնասները հասցվեն նվազագույնի»:

«Հայաստանում անապատացման լուրջ վտանգ կա», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ` հիշեցնելով, որ անապատացման դեմ պայքարի կոնվենցիա է ստորագրվել, 2 զեկույց հրապարակվել: «Անապատացման ռիսկը շատ բարձր է: Գուցե պարոն Մաթեւոսյանը նկատի ունի դասական անապատի հասկացությունը, ասենք, ինչպես Սահարան: Իհարկե, այդ առումով Հայաստանին դեռեւս չի սպառնում Սահարայի կարգավիճակը, սակայն ՄԱԿ-ը հողային շերտի յուրաքանչյուր դեգրադացում համարում է անապատացման գոտի: Հաշվի են առնվում հողի բերրիությունն ու կանաչապատումը: Այսօրվա կլիմայի փոփոխության պայմաններում, Հայաստանը կանգնած է լուրջ վտանգների առաջ, որովհետեւ անտառները հիմնականում տեղակայված են բարձրադիր գոտիներում` սարերի վրա եւ անտառների նոսրացումից ու հորդառատ անձրեւից հեղեղներ են առաջանում»:

Կարինե Դանիելյանը` հղում կատարելով վիճակագրությանը, նշում է, որ վերջին տարիների ապօրինի ծառահատումների թիվը նվազել է: «Սակայն պետք է տարբերակել երկու իրավիճակ: Ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, որովհետեւ վերահսկողությու՞նն է շատացել, թե՞ ճանապարհամերձ տարածքներում այլեւս հատելու ոչինչ չկա, եւ ծառերը մնացել են միայն դժվարանցանելի վայրերում»:

Բնապահպանը չի բացառում, որ հաճախ գերակա շահ անվան տակ հատվում են ծառեր` սպասարկելով մի խումբ անձանց:

«Կադաստրից եւ տիեզերքից կատարված ուսումնասիրություններում կան բազմաթիվ անհամաձայնություններ: Կադաստրի տրամադրած տվյալներովՙ Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 11%, իսկ տիեզերքից կատարված ուսումնասիրությունների համաձայն, դեռեւս 2001-ին անտառածածկ տարածքները կազմում էին 8%: Եթե վերլուծենք, թե այդ ընթացքում որքան անտառ է հատվել, ապա կարելի է փաստել, որ անտառածածկ տարածքների թիվը նվազել է: Կադաստրում ներկայացված անտառածածկ տարածքները ՆԱՍՍԱ-ի տվյալներով բացակայում են»:

Կարինե Դանիելյանը շեշտում էՙ անտառների հիմնախնդիրը կապակցված է հանքարդյունաբերության հետ: Բաց հանքերը անտառների թիվ մեկ թշնամիներն են: Թեպետ բնապահպաններն առաջարկել են, որ մոտակա հինգ տարվա ընթացքում կառավարությունն արգելի որեւէ հանքի շահագործում, սակայն գերատեսչությունում հակառակ տեսակետի կողմնակիցն են:

Կարինե Դանիելյանը պատմում է, որ միայն անցյալ տարի ուժեղ հրդեհներ են գրանցվել Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում: Թե որքանով են այդ հրդեհներն արհեստական` բնապահպանը լռում է, սակայն չի բացառում, որ «հանուն գերակա շահի» հաճախ կազմակերպվում են «արհեստական հրդեհներ»: Օրինակ, երեք տարի առաջ Սարալանջի Նորքի անտառները «վերահսկվող հրդեհ» անվան տակ այրեցին:

«Իհարկե, հրդեհը միանգամից դարձավ անվերահսկելի եւ ամբողջ տարածքն այրվեց: Այժմ Նորքի անտառի տեղում վիլլաներ են կառուցված: Ջերմուկի ճոպանուղու կառուցման ժամանակ էլ հարյուրավոր ծառեր հատվեցին: Մենք առաջարկում էինք, որ ճոպանուղին կառուցվեր ոչ անտառի միջով, այլ սարի հարեւանությամբ, որտեղ բուսականություն չկար: Սակայն ծառերը հատեցին, այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ հայտնի օլիգարխներից մեկը փայտի բիզնես էր իրականացնում, եւ հենց դա էր պատճառը, որ կառավարությունը թույլատրեց անտառը հատել: Մինչդեռ այսօր ճոպանուղին բազմաթիվ անհարմարություններ է պատճառում, որովհետեւ շատ թեք է եւ միայն պրոֆեսիոնալ դահուկորդները կարող են այնտեղ մարզվել»:

Անդրադառնալով Երեւանին, բնապահպանը նշեց, որ քաղաքը կառուցվել է կիսաանապատում, եւ հենց դա էր պատճառը, որ քաղաքի կառուցմանը զուգահեռ արհեստական լճեր ու անտառներ են ստեղծվել:

«Մինչդեռ այսօր Երեւանը կամաց կամաց վերադառնում է ոչ թե կիսաանապատային, այլ անապատային կարգավիճակի: Երեւանը շատ լավ օրինակ է աշխարհին ցույց տալու, թե ինչպես չի կարելի քաղաք կառուցել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4