«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԳՈՐԾԻ 9600 ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ

Քաղաքապետարանում կայացած արտահերթ նիստի ժամանակ Երեւանի ավագանու համաձայնությանն է արժանացել «Երեւան տրանսպորտ օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու նախագիծը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբՙ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային վարչության պետը նիստի ժամանակ նշել է, որ ընկերությունը զբաղվելու է վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ: Համաձայն նախագծի` մայրաքաղաքում նախատեսվում է տեղադրել 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ: Առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ. սակայն նախատեսվում է այդ թիվը հասցնել 84-ի:

Ավագանու հավանությանն է արժանացել նաեւ Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի մեկնաբանությամբ` վերոնշյալ գումարները կծախսվեն Անկախության օրվան եւ «Երեւանի օր» տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագրի իրականացմանը: Քաղաքապետը հավելել է, որ կստեղծվեն մայրաքաղաքի համար կարեւոր գեղագիտական արժեքներ: Ավագանին որոշել է նաեւ գումար հատկացնել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցների 1-ին, 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտներին գրենական պիտույք ձեռքբերելուն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4