«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍՈՒՑԱՆՎԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՙ ՄԵԽԱՏՐՈՆԻԿԱ

Ուսումնական այս տարվանից առաջին անգամ Հայաստանում, կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորմամբ, կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար:

«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծեր եւ ռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում եւս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան, եւ այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,- ասաց Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը :

Դասընթացը մշակվել է Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի եւ Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջեւ ձեւավորված երկամյա համագործակցությամբ: 2007 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձեւավորել համագործակցություն Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ եւ նպաստել փորձի փոխանակմանը: Հենց այս ծրագրով էր, որ Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի եւ Բրեդֆորդի քոլեջի միջեւ հաստատվեց համագործակցության ծրագիր եւ մշակվեց դասընթացը:

«Մեխատրոնիկա» մասնագիտության դասընթացը մշակել են հայ եւ անգլիացի մասնագետները` կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետեւել է հայ ներկայացուցիչների եւ ուսանողների այցը Բրեդֆորդ` տեղում ծանոթանալու այդ երկրի փորձին», - նշեց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը :

Նարինե Նազինյանը, որ ավարտել է Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջն ու այժմ սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, մասնակցել է քոլեջի ուսանողների համար կազմակերպած փոխայցելությանը:

«Բրեդֆորդի քոլեջի փորձին ծանոթանալը մեզ համար շատ արդյունավետ էր: Մեծ էր տարբերությունը դասավանդման մեթոդների եւ տեխնիկական հագեցվածության միջեւ: Մեր այցը մեկ շաբաթ տեւեց, եւ այս ընթացքում մենք ամեն օր այցելում էինք Բրեդֆորդի քոլեջ, ծանոթանում նրանց փորձին»,- ասաց Նարինեն:

Նոր մասնագիտության համար քոլեջն արդեն սկսել է հայտերի ընդունումը, եւ ինչպես նշում է Արտաշես Աբրահամյանը, արդեն ստացել են մի քանի տասնյակ հայտեր, սակայն մրցույթով կընտրվի 20 ուսանող:

«Սա իսկապես հեռանկարային մասնագիտություն է: Բրիտանական խորհրդի ջանքերով մեր եւ Բրեդֆորդի քոլեջի միջեւ ստեղծված համագործակցությունն այս մասնագիտության ներդրմամբ շարունակական է լինելու»,- ասաց Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4