«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2011-07-21 | #135, 2011-07-22 | #136, 2011-07-23


ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻԴԵԱԼԸ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՇԻԿԱՀԵՐՆԵՐՆ ԵՆ, ԿԱՆԱՆՑԸ` ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Վերջին 10 տարվա ընթացքում ամուսնությունների թիվն աճել է, ամուսնալուծություններինը` նվազել

Եթե դուք միայնակ եք, ունեք բարձրագույն կրթություն, աշխատանք եւ կանխիկ 20.000 դրամ գումար, ապա ձեր փոխարեն ձեր երկրորդ կեսին կարող է փնտրել «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը: Պարզվում էՙ երկրորդ կեսին փնտրելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Անհրաժեշտ է դիմում լրացնել ու մանրամասն ներկայացնել բոլոր այն հատկանիշները, որոնցով ցանկանում եք, որ ձեր ապագա կողակիցը օժտված լինի: Քանի որ հարցը շատ լուրջ է, ապա յուրաքանչյուր մանրուքը կարեւոր է` քաշ, մազերի եւ աչքերի գույն, կրթություն, աշխատանք-աշխատավարձ եւ այլն:

Հաճախ պատահում են նաեւ աբսուրդ պահանջներ, օրինակՙ աղջիկներից մեկը ցանկացել է, որ իր ընտրյալը լինի ռուս երգիչ Դիմա Բիլանի պատճենը, իսկ տղաներից մեկը ցանկացել է, որ իր ապագա կինը նման լինի երգչուհի Ռիփիին: Ճաշակները տարբեր են, ցանկությունները` նույնպես, սակայն գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը հավաստիացնում է` յուրաքանչյուրի ճաշակին հարմար թեկնածու կարողանում են ճարել: Եթե հայ տղամարդկանց կանացի իդեալը բարեկազմ, բարձրահասակ, կապուտաչյա շիկահերներն են, ապա հայ կանայք նախընտրում են ամուսնանալ սպորտային կազմվածքով, մեքենայով, աշխատանքով եւ բնակարանով ապահովված տղաների հետ:

«Կինը տարիք չունի» արտահայտությունն արդիական է նաեւ այս գործակալությունում: Կանանց համար տարիքային սահմանափակում չկա, մինչդեռ գործակալության օգնությունից կարող են օգտվել միայն 28-ը լրացած բարձրագույն կրթությամբ աշխատանք ունեցող տղամարդիկ: Դա ոսկե կանոն է, որը գործակալության գործունեության 3 տարվա ընթացքում երբեւէ չի խախտվել: Պատասխանը հետեւյալն է. եթե տղամարդն աշխատանք չունի, ինչպե՞ս պետք է պահի իր ընտանիքը: Մյուս ոսկե կանոնն էլ այն է, որ գործակալությունում չեն գրանցում մահմեդականների, թեպետ դիմող պարսիկ եւ արաբ տղաները շատ են:

«Կանանց համար ֆոտոսեսիա ենք անցկացնում, որովհետեւ երբ խնդրում ենք, որ իրենց անձնական լուսանկարները բերեն, հիմնականում երիտասարդ տարիների լուսանկար են բերում, կամՙ ասենք, 5 տարի առաջ եղել է նիհար, հիմա գիրացել է, նիհար ժամանակվա լոսանկար է բերում», պատմում է Բաղիշյանը` հավելելով, որ հաճախ կանայք տարիքի հետ կապված կոմպլեքսներ են ունենում եւ խնդրում են, որ իրենց առավել երիտասարդների խումբ գցեն: Կենտրոնի ամենատարեց փեսացուն 85 տարեկան է, ամենամեծ հարսնացուն` 64 տարեկան:

«Կա մի կարծրատիպ, որ տարիների ընթացքում չի վերանում: Անգամ ամուսնալուծված տղամարդիկ թերթիկներում պահանջում են, որ իրենց ընտրյալը կույս լինի», ասում է Իլոնա Բաղիշյանը:

Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ հավաստիացնում է. վերջին 20 տարվա ընթացքում կտրուկ նվազած ամուսնությունների վիճակագրության մեջ դրական դինամիկա է նկատվում: «90-ականներից հետո կտրուկ նվազել էր գրանցված ամուսնությունների թիվը: 1995-ին գրանցվել է 15911 ամուսնություն: Դա այն պարագայում, երբ 1980-ին գրանցվել էր 32.000, իսկ 1990-ինՙ 28.000 ամուսնություն: Ամենացածր ցուցանիշը 2000-ին էր` 10988 ամուսնություն: Վերջին տասնամյակում ամուսնությունների թիվը աճել է: 2010-ին թիվը հասել է 17.984-ի: Դրան զուգահեռ տարեցտարի կրճատվում է նա ամուսնալուծությունների թիվը: 2010-ին գրանցվել է 3000 ամուսնալուծություն: Ժամանակի ընթացքում մեծացել է նաեւ հարսնացուների եւ փեսացուների տարիքը: Եթե 1994-ին հարսնացուների միջին տարիքը 22-ն էր, այժմ տարիքը սկսվում է 25-ից: Հայ փեսաների տարիքը նույնպես ավելացել է: Նրանք նախընտրում են ամուսնանալ 27-29 տարեկանում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4