«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2011-07-27 | #139, 2011-07-28 | #140, 2011-07-29


«ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞...

Հարավային Կովկասում Ադրբեջանը միակն է, որ ստեղծել է «պաշտպանական արդյունաբերության» նախարարություն: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ միայն տարեսկզբից այդ գերատեսչության «արտադրանքի ծավալն աճել է 11,2 անգամ»:

Ասվածը կարելի է համարել ադրբեջանական «վիճակագրության» հերթական փչոցը: Կամ վստահաբար պնդել, որ հարեւան երկրում առաջնորդվում են ամեն ինչ 1913թ. հետ համեմատելու խորհրդային մոտեցումներով. «եթե նախկինում ցարական Ռուսաստանը էլեկտրաէներգիա չէր արտադրում, ապա այժմ...», այսպես էին ԽՍՀՄ-ում չափում «տնտեսական թռիչքի բարձությունը»:

Իրոք, եթե անցյալ տարի Ադրբեջանի «պաշտպանական արդյունաբերության» նախարարությունն, ասենք, արտադրել էր X քանակի փամփուշտ, ապա հնարավոր է, որ դրա համեմատությամբ նույն արտադրանքի ծավալը մեծացրած լինի 11, 2 անգամ: Քանի որ շփման գծում ադրբեջանական զինվորները գրեթե նույնքան անգամ սկսել են ավելի շատ կրակել: Իսկ դրա համար հարկ է նրանց փամփուշտ հասցնել:

Այդուհանդերձ, ինչպես վերջերս «Ենի մուսավաթ» թերթին հղած նամակում վկայել էին Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի մի խումբ սպաներ, որոնք ծառայություն են կրում շփման գծում, «գարնանն անցկացված համազորային զորավարժությունների ընթացքում ավտոմատների փողերը ծռմռվում էին, քանի որ պաշտպանական արդյունաբերության նախարարության մատակարարած փամփուշտներն անպիտանի են»: Նրանց հավաստմամբ, զորավարժություններն անձամբ անցկացնող` պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այնքան էր զայրացած, որ «բոլորի ներկայությամբ ծանր խոսքեր ասաց պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին»:

Հարց է առաջանում, եթե մի երկրի ռազմարդյունաբերական համալիրն ընդունակ չէ անգամ մարտական կրակի համար պիտանի փամփուշտներ մատակարարել, ի՞նչ խոսք կարող է լինել «բարձր տեխնոլոգիաներով հագեցած զինատեսակների» մասին: Իհարկե` ոչ մի:

Այդ դեպքում ի՞նչ հարց է լուծում այդ նախարարությունը: Պատասխանը կարող է մեկը լինել. ծածկաքողի դեր է կատարում: Այսինքն, պաշտոնականացնելով «սեփական ռազմարդյունաբերական համալիրի առկայությունը», Ադրբեջանն այդ կերպ քողարկում է այլ երկրներից զենք եւ զինամթերք գնելու մեծածավալ գործարքները: Դա հատկապես վերաբերում է Թուրքիայի հետ «համատեղ զենք եւ զինամթերք արտադրելու» մասին լուրերին, որ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով «պաշտպանական արդյունաբերության» նախարարությանը:

Այսինքն, իրականում ադրբեջանական բանակը զինվում է թուրքական արտադրության կամ Թուրքիայով այլ երկրներից ներկրվող զենքով, զինամթերքով եւ տեխնիկայով, բայց այդ ամենը ներկայացնում որպես «սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք»: Զենքի, զինամթերքի, տեխնիկայի եւ հանդերձանքի ձեռքբերման այդ եղանակը, բացի քաղաքականից, Ադրբեջանի պաշտոնյաներին նաեւ բավական մեծ ֆինանսական ապահովություն է բերում: Բանակի մատակարարման ասպարեզում առկա կոռուպցիայի չափերը պատկերացնելու համար «Ենի մուսավաթ»-ին դիմած սպաները բերել են մի օրինակ: Նրանց ասելով` զորամասի գումարտակներից մեկի «խոհանոցային 4 կաթսա ձեռք է բերվել այնքան գումարով, որքանով կարելի է լավ պահպանված «Մերսեդես» գնել»: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4