«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2011-07-28 | #140, 2011-07-29 | #141, 2011-07-30


ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՏԱՌ ՄԱՄՈՒԼԸ` ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

«90-ականներին կային ավելի շատ նվիրված լրագրողներ, նրանց մասնագիտական պարտքն ավելի բարձր էր: Այսօր պատվեր կատարող լրագրողները շատացել են, ինչը լրագրողական իմիջին վնասում է: Վերջին տարիներին Հայաստան այցելությունների ժամանակ ամաչում էինք ասել, որ լրագրող ենք, այնքան վարկաբեկված էին լրագրողները: Մեր ժամանակ չկար փողոցային բառապաշար, հիմա գողական ժարգոնով են գրում, լրագրողը հաճախ իջնում է զրուցակցի մակարդակին: Սկանդալները, բամբասանքները, ասեկոսեներն ու բուլվարային թեմաներն այսօր լրագրողներին ավելի շատ են հետաքրքրում, քան հետաքննական, հրապարակախոսական լուրջ թեմաներով հոդվածները», համեմատություն կատարելով 90-ականների եւ ներկայիս լրագրության միջեւՙ ՄԱԱ-ում կարծիք է հայտնում «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը :

Արդեն 10 տարի Ասատրյանը բնակվում է Պրահայում եւ այնտեղ հրատարակում «Օրեր» ամսագիրը: Այս տարի` հոբելյանական օրվա կապակցությամբ, ամսագիրը հրատարակել է հատուկ համարներ` նվիրված ռումինահայության խնդիրներին, հայացք է նետել ժամանակակից հայ արվեստին, տեսակետներ արտահայտել հայ մամուլի եւ խոսքի ազատության վերաբերյալ:

«Օրեր»-ի խմբագիրը ցավով է նշում, որ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ լրագրողական կապը շատ թույլ է: Թեպետ անցյալ տարի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվեց Հայաստանի եւ սփյուռքահայ լրագրողների մասնակցությամբ համաժողով, սակայն արդյունքները դեռեւս որոշակի չեն:

Ասատրյանը հավելում է, որ բացառությամբ մի քանի պարբերականների, սփյուռքի խնդիրները երրորդական տեղ են գրավում հայ մամուլում:

Սփյուռքահայ մամուլի գլխավոր խնդիրը հայատառ պարբերականների պահպանումն է: Նա օրինակ է բերում Ֆրանսիայում հրատարակվող բազմաթիվ հայկական ֆրանսատառ պարբերականներ, որոնք շատ մեծ տպաքանակ ունեն, մինչդեռ լույս տեսնող միակ «Նոր յառաջ» հայատառ պարբերականի տպաքանակը փոքր է: «Եվրոպական հայատառ մամուլը կարելի է մատների վրա հաշվել, մինչդեռ Եվրոպայում գործում է երկումիլիոնանոց հայկական սփյուռք: Նրանք գոյապայքարի մեջ են», ասում է Ասատրյանը: Նրա բնութագրմամբ` սփյուռքում լույս տեսնող անկախ թերթերը, որ կուսակցություններին կամ կազմակերպություններին չեն պատկանում, շատ ավելի ազատ են եւ հավասարակշռված, քան Հայաստանում հրապարակվող թերթերը:

«Պատճառն այն է, որ մենք իշխանություններից կախում չունենք, կաշկանդված չենք եւ երկկողմանի լրատվություն ենք տրամադրում»:

Ասատրյանը դժգոհ է նաեւ արբանյակով հեռարձակվող հայկական հաղորդումների որակից: «Չկա քարոզչություն, չկան մանկական հաղորդումներ, հայկական մշակույթի, պատմության մասին օտար լեզվով որեւէ հաղորդում չի հեռարձակվում, դրա փոխարեն ցուցադրում են սերիալներ եւ անճաշակ գովազդներ: Սփյուռքահայ երեխաները զրկված են հայերենով մանկական հաղորդում դիտելու հնարավորությունից»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4