«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2011-08-17 | #143, 2011-08-18 | #144, 2011-08-19


ԻՍՐԱՅԵԼԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հրաժարվում է Թուրքիայից ներողություն խնդրել 2010-ի մայիսին «Ազատության նավատորմիղի» նավերից մեկի դեմ իսրայելցի զինծառայողների ձեռնարկած գործողությունների համար: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Գործակալության տվյալներով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նաթանյահուին խնդրել էր ներողություն խնդրել նավի վրա կատարված հարձակման համար, որի հետեւանքով սպանվեցին Թուրքիայի պաղեստինամետ 9 քաղաքացիներ: Սակայն Իսրայելի վարչապետը մերժել է այդ խնդրանքը, հայտարարելով, որ ինքը մտադիր չէ այժմ ներողություն խնդրել եւ սպասում է նավատորմիղի կալանման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկուցագրի հրապարակմանը: Նախատեսվում է փաստաթուղթը հրապարակել օգոստոսի 20-ին:

«Եդիոտ Ահրոնոտ» թերթի տվյալներով, Հիլարի Քլինթոնը ավելի վաղՙ հուլիսին համանման խնդրանքով դիմել էր ԱՄՆ այցելած Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին: Պետքարտուղարը հայտարարել էր, թե Իսրայելը պարտավոր է ամեն ինչ անել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, «այդ թվում, թերեւս, ներողություն խնդրել»:

Թերթը նաեւ հաղորդում է, որ վերջերս իսրայելցի դիվանագետները Պետդեպարտամենտից ստացել են հաղորդագրություն, ըստ որի թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը վնասում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան հանդես են գալիս Սիրիայում բախումների շուտափույթ դադարեցման եւ նախագահ Բաշար Ասադի հրաժարականի օգտին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4