«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2011-08-17 | #143, 2011-08-18 | #144, 2011-08-19


ԱՆՏԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒՄ Է, ՀԵՏՈ... ՔՑՈՒՄ»

ՀՌԱԿ լրատվական ծառայությունը մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել, որ «Golden palace» հյուրանոցում տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովի որոշմամբ կուսակցությունից վտարվել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը` «կուսակցությունը հետագա խարդավանքներից զերծ պահելու ակնկալիքով»: Կուսակցության ատենապետ է ընտրվել Հարություն Առաքելյանը, սակայն «վտարված» ատենապետը հավաստիացնում է, որ կուսակցությունն ունի մեկ ատենապետ` Անտինյանը: Երեկ նա փաստաթղթերի մի ամբողջ տրցակ էր բերել «Հայելի» ակումբ, ներկա լրագրողներին ապացուցելու, որ ՀՌԱԿ համագումարը իրավական կոպտագույն խախտումներով է տեղի ունեցել:

Խախտումների վերաբերյալ փաստերը Անտինյանը ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ նախարարության պետական ռեգիստրի պետին: «Ծանուցման մեջ ասված է, որ համագումարին մասնակցելու համար պատվիրակներին հրավիրել են Աղվերան, մինչդեռ համագումարը կայացել է Երեւանի «Golden Palace» հյուրանոցում: Սակայն ոչ ոք այդ մասին չի իմացել, պատվիրակների մեծ մասն ու նաեւ ես չենք մասնակցել այդ համագումարին», ներկայացնելով իր նախկին ընկերների կատարած խախտումներըՙ ասում է Անտինյանը` հավելելով, որ անհանգիստ քայլեր անելու ցանկություն չունի, որովհետեւ պետական ռեգիստրի գրանցամատյանում որպես կուսակցության ատենապետ նշված է իր անունը:

«Ես չպետք է ապացուցեմ իմ տեղը, այլ մեկ ուրիշը, որ պետք է պատշաճ փաստաթուղթ ներկայացնի, որ իրեն գրանցեն այդտեղ»:

Անդրադառնալով կուսակցության կնիքի կորելուն, Անտինյանն ասաց, որ կուսակցության ատենադպիր Կարեն Կակոյանն իրեն հայտնել է, որ տեղափոխման ժամանակ կնիքը կորել է: Անտինյանը հայտարարություն է տարածել, սակայն պարզվել է, որ կնիքը եւ կուսակցական որոշ փաստաթղթեր Կակոյանի մոտ էին: «Ատենապետը մեռե՞լ էր, որ Կակոյանի մոտ էին պահվում բոլոր փաստաթղթերն ու կնիքը», զարմանում է Անտինյանը:

ՀՌԱԿ ատենապետը նշում է, որ կուսակցության գրասենյակի հասցեն բազմիցս փոխվել է: «Երվանդ Քոչար 19 հասցեում գտնվող գրասենյակը Հարություն Առաքելյանի ճաշասենյակն էր: Դուք գտնում էիք, որ ես ատենապետ ընտրվելով պետք է Առաքելյանի ճաշասենյակո՞ւմ նստեի: Դրա համար էլ այլ տարածք վարձակալեցի, հետեւաբար փոխվեցին նաեւ կուսակցության գրասենյակի հասցեն եւ հեռախոսահամարը»:

Անտինյանի խոսքերովՙ զարմանալու ոչինչ չկա. «Հարություն Առաքելյանը 8 տարի շարունակ այդպես է վարվում: Սկզբից հրավիրում է, գայթակղում, թե միասին գործ կանեն, հետոՙ քցում: Սա Հարություն Առաքելյանի վերջին քցոցին է: Իրավական առումով ցույց եմ տալու, որ դա իր մոտ չի հաջողվի», ասում է Անտինյանը` խոստովանելով, որ սարսափ է ապրում, երբ հիշում է, թե ինչպես էր Առաքելյանն իրեն աղերսում դառնալ ատենապետ:

Թե ովքեր են իր համակիրները կամ ովքեր են այս պահին իրեն զորակցում, Անտինյանը դժվարացավ պատասխանել: Հարցերի պատասխանը կլինի համագումարում, դա էլ տեղի կունենա այն ժամանակ, երբ կնիքը կհայտնվի Անտինյանի ձեռքում: Անտինյանը դատարան չի դիմելու, դրա կարիքը չի տեսնում: Սպասում է ռեգիստրի պատասխանին: Եթե անգամ ՀՌԱԿ ատենապետ գրանցեն Առաքելյանին, Անտինյանը կրկին դատարան չի դիմի, հրապարակավ կշնորհավորի ու կհեռանա ՀՌԱԿ-ից: Սակայն Հայաստանից եւ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, սոցիալիստ էլ չի դառնա ու կշարունակի լիբերալ դեմոկրատական գաղափարներ տարածել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4