«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2011-08-17 | #143, 2011-08-18 | #144, 2011-08-19


ՀՐԱՉ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՐԹԻԿՅԱՆ

(1927 - 2011)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2011 թ. օգոստոսի 17-ին վախճանվել է ականավոր պատմաբան, բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան 24): Հուղարկավորությունըՙ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից ժամը 14.00-ին:

Համաշխարհային բյուզանդագիտությունը եւ հայագիտությունը մեծագույն կորուստ կրեցին: Կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն կնքեց ականավոր գիտնական, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Աթենքի ակադեմիայի եւ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության եւ գիտության ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը:

Հ. Բարթիկյանը ծնվել է 1927 թ. Աթենքում, բանասեր-հրապարակախոս Միքայել Բարթիկյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական վարժարանում: 1945 թ. ավարտել է հունական գիմնազիան: 1946 թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1953 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Ուսումնառությունը շարունակել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ընթացել է Լենինգրադում ակադ. Հ. Օրբելու ղեկավարությամբ: 1958 թ. Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրներ» թեմայով, որը ռուսերենով լույս է տեսել Երեւանում 1961 թ.: 1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բյուզանդական Դիգենիս Ակրիտաս էպոսը եւ նրա նշանակությունը հայագիտության համար» թեմայով:

1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, 1980-2010 թթ. ղեկավարել է նույն ինստիտուտի միջին դարերի պատմության բաժինը, եղել է գլխավոր գիտական աշխատող: Պատրաստել է բազմաթիվ գիտական կադրեր:

Շուրջ 150 գիտական հոդվածներից զատ, լույս է ընծայել 17 գիրք: «Օտար աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, Բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակել է բյուզանդական մի շարք հեղինակների աշխատությունների հայերեն թարգմանությունները` ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով (Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստադին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթենացի): Գիտությունների ակադեմիայի «Գրական հուշարձաններ» մատենաշարով հայերեն հրատարակել է «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը, Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը», «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920)» աշխատությունը:

«Հայ-բյուզանդական հետազոտություններ» հոդվածների եռահատոր ժողովածուի համար ակադեմիկոս Հ. Բարթիկյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Հունարենով հրատարակել է «Բյուզանդիան հայկական աղբյուրներում», «Բյուզանդիա եւ Հայաստան», «Գավրասների բյուզանդական ազնվականական ընտանիքը» գրքերը: Հ. Բարթիկյանն օրերս էր ավարտել Միքայել Ատտալիատեսի «Պատմության» եւ Իոաննիս Կ. Խասիոտիսի «Պատմական ավանդույթ եւ քաղաքական իրապաշտություն. հունական քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ 1876-1996 թթ.» աշխատությունների թարգմանությունները:

Ծանրակշիռ գիտական ժառանգության համար 1980 թ. ընտրվել է Աթենքի ակադեմիայի, 1987 թ. Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության եւ գիտության ակադեմիայի, 1996 թ.ՙ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Նա 1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր:

1981 թ. Բարթիկյանը դարձել է Հունաստանի Բյուզանդական Հետազոտությունների Ընկերության, ապա Հունական Քաղաքակրթության Հաստատության պատվավոր անդամ, արժանացել է ՀՀ ԳԱԱ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի, Սալոնիկի Արիստոտելյան համալսարանի Արիստոտելի անվան մեդալի:

Լայն ու ընդգրկուն էր ակադ. Հ. Բարթիկյանի գիտական հետազոտությունների շրջանակը: Նրա վաղ շրջանի ուսումնասիրությունները նվիրված են պավլիկյան շարժմանը: Ակադեմիկոսի գիտական գործունեության մեջ Բագրատունյաց եւ հետբագրատունյաց դարաշրջանների Հայաստանի ու Բյուզանդիայի բազմաբնույթ կապերի մանրազնին քննությունն առանձնահատուկ տեղ է գրավում: Հ. Բարթիկյանը շեշտակիորեն ընդլայնեց հիմնահարցի աղբյուրագիտական հենքը` շրջանառության մեջ դնելով բյուզանդական աղբյուրների մի ամբողջ շարք:

Հ. Բարթիկյանը մեծ վաստակ ունի նաեւ վիմագիր արձանագրությունների ու կնիքների ուսումնասիրության բնագավառում: Ի դեպ, առաջինը Հ. Բարթիկյանն է ընթերցել Գառնիի բաղնիքի հունարեն հայտնի արձանագրությունը: Նա Հայոց պատմության ակադեմիական նոր բազմահատորյակի խմբագրական խորհրդի անդամ էր, երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը:

Գիտնականի ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ է գրավում Կիլիկյան Հայաստանի եւ Բյուզանդիայի կապերի հետազոտումը:

Հրաչ Բարթիկյան մարդու, քաղաքացու եւ գիտնականի բարոյական բարձր նկարագրի հատկանշական կողմերից էին ուղղամտությունն ու սկզբունքայնությունը: Նրա անսահման բարութունն ու հոգատարութունը նկատելի էր իր գործունեության բոլոր ոլորտներում: Նա հատկապես ուշադիր էր երիտասարդ գիտական սերնդի նկատմամբ: Հրաչ Բարթիկյանն իր երկրի իսկական քաղաքացին էր, նա ապրում եւ շնչում էր իր հայրենիքի հոգսերով, ուրախանում հաջողություններով: Նրա համար հայրենիքը բարձրագույն արժեք էր, երկրին բաժին հասած դժվարութունները հավասարապես իրենն էին:

ՀՀ ԳԱԱ Նախագահություն
ՀՀ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
ԵՊՀ Պատմության ֆակուլտետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4